Քաղաքագետների 7-րդ համառուսաստանյան կոնգրես. 2015 թ. նոյեմբերի 19 – 21, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի 60-ամյակը.

25 Նոյեմբերի, 2015 16:09
ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի ողջույնի խոսքը՝ նորանկախ պետությունների քաղաքական գիտության ասոցիացիաների անունից ուղղված Քաղաքագետների յոթերորդ համառուսաստանյան կոնգրեսին: Մոսկվա, 19-21 նոյեմբերի:

Հարգելի՜ տիկին Նախագահ

Հարգելի՜ գործընկերներ

Պատիվ ունեմ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և, ինչպես սիրալիրաբար ինձ առաջարկվել էր, նոր անկախ պետությունների քույր ասոցիացիաների անունից հանդես գալու Քաղաքագետների 7-րդ համառուսաստանյան կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի հակիրճ ելույթով:

Քաղաքական գիտության մեր ոլորտում՝ անվտանգության քաղաքագիտությունում, առկա է այն իրողությունը, որ մեր հետազոտություններում և գիտակիրառական մշակումներում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում նոր սպառնալիքներն ու դրանց փոխդասավորության տարբեր ուրվապատկերները: Դրանք մեզնից պահանջում են գիտականորեն իմաստավորել զինված պայքարի դժվար կանխատեսելի հիբրիդային ձևերի գոյության պայմաններում երկխոսության և համագործակցության առաջմղման ուղիները:

Արձագանքելով Ռուսաստանի քաղաքագետների այս համաժողովի հիմնական թեմաներից մեկին՝ պատիվ ունեմ նշելու, որ դեռ 2010 թ.՝ ամերիկյան ՙվերաբեռնման՚ արշալույսին, ինձ բախտ էր վիճակվել լինելու Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան դպրոցում առաջատար ռուսաստանյան և ամերիկյան գեներալների ու ռազմավարագետների մասնակցությամբ կազմակերպված ՙԱՄՆ – Ռուսաստան ռազմավարական երկխոսության՚ գիտական խորհրդարկու, ինչն էլ հնարավորություն է տալիս մասնագիտորեն ուսումնասիրելու այդ գործընթացի դինամիկան: 2014 թվականից մեր հատուկ ուշադրության առարկան է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների տագնապահարույց վատթարացումը, որը, մի շարք առաջատար միջազգային փորձագետների գնահատմամբ, հասցրել է ՙնոր սերնդի խաղաղա-պատերազմի՚ շեմին: Մենք կարող ենք խոստովանել, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում մեր այս համաժողովում ներկայացված բոլոր հարգարժան պետությունների ու կազմակերպությունների անվտանգության և զարգացման շահերի առաջմղման վրա: Թույլ տվեք այն համոզմունքը հայտնել, որ մեր պրոֆեսիոնալ հանրությունը հստակ կերպով հասկանում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության վերսկսմամբ ուղեկցվող միջազգային հարաբերությունների կառուցողական համակարգային վերաբեռնումը բխում է միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների անվտանգության ու կայունության շահերից:

Հրատապ է դառնում այդ փոխհարաբերությունների վերաբեռնումը նոր նշանակալից բովանդակությամբ օժտելու և, միևնույն ժամանակ, տնտեսական, քաղաքական, ռազմական, հաղորդակցային և այլ ոլորտներում համագործակցության համընդգրկուն զարգացման ուղիներն իմաստավորելու պրոբլեմը: Այս հրատապությունը պայմանավորված է ահաբեկչական վտանգի համընդհանրացմամբ մի այնպիսի սցենարով, որին բնորոշ են մեր հարգարժան հարվարդցի գործընկեր պրոֆեսոր Սեմյուել Հանտինգտոնի՝ տարիներ առաջ նկարագրած քաղաքակրթությունների բախման բնութագրական հայտանիշները: Այս աղետալի բնութագրական հայտանիշների առկայության վկայություններն են Սինայի վերևում ռուսաստանյան ինքնաթիռի պայթեցումը, Փարիզում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Աֆղանստանում և աշխարհի այլ երկրներում ձեռնարկված ահաբեկչությունները: Տվյալ բախման խորքերում թաքնված արժեքային նախապատվությունների ու կենսակերպերի բնութագրայնության մասին են ահազանգում Եվրոպայի տեղաբնակների ու միլիոնավոր գաղթականների միջև ծագող հակամարտային հարաբերությունները՝ պայմանավորված նրանց մշակութային համատեղելիության և ժողովրդագրական դինամիկայի հակամարտային տարամիտման պրոբլեմով:

Հարկ է հատկապես նշել, որ վերջին ժամանակներս ի հայտ են եկել որոշ դրական կողմնորոշիչ ազդակներ, որոնք ազդանշում են Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների տեղաշարժը դեպի առողջացում՝ ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի նկատմամբ նրանց դիրքորոշումների հակամետության համատեքստում: Դա հույս է ներշնչում, որ միջազգային համագործակցության բովանդակության ու մեխանիզմների վերաիմաստավորման, ինչպես նաև համընդհանուր միջքաղաքակրթական հակամարտության սանձազերծմամբ սպառնացող ահաբեկչության նետած մարտահրավերներին հակազդեցության համար առաջատար դերակատարների ջանքերի համախմբման վրա խարսխվող երկխոսության վերսկսումը կարող է հիմք դառնալ համամոլորակային անվտանգության համակարգում ծագող ճգնաժամի կանխման և նոր, ավելի անվտանգ աշխարհակարգի ձևավորման համար:

Այս կապակցությամբ թույլ տվեք ինձ կատարել մեր Ասոցիացիայի Վարչության հանձնարարությունը և ձեր ուշադրությանը ներկայացնել Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության Նախագահ պ-ն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն Ամերիկայի Միացյան Նահանգների Նախագահ պ-ն Բարակ Օբամային Ասոցիացիայի՝ 2014 թ. հոկտեմբերին ընդունած ՈՒղերձից մի հատված. ՙՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների` որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:…(քգհա, դեռեվս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից դիմում ռուսաստանի դաշնության եվ ամերիկայի միացյալ նահանգների նախագահներ` նորին գերազանցություններ պարոն Վլադիմիր Պուտինին և պարոն Բարակ Օբամային, http://www.psaa.am/am/news/116-it-is-not-too-late-awoid-a-global-catastrophe):

Համոզված եմ, որ սույն Կոնգրեսի շրջանակներում ծավալվելիք մեր բանավեճերն ու քննարկումները, համադրելով քաղաքագիտական գիտելիքները և քաղաքական-դիվանագիտական, տնտեսական, ռազմական ու հաղորդակցային գործունեության ոլորտներում այդ գիտելիքների կիրառման վարպետությունը, կօգնեն մեզ գտնելու այն անհրաժեշտ որոշումները, որոնք ունակ կլինեն նոր ազդակ տալու քաղաքական գիտության զարգացմանը և համընդհանուր անվտանգության համակարգում կլիմայի բարեհաջող համատեղ առողջացման գործում ՙփափուկ՚ ուժի հիմքի վրա նրա վճռորոշ ազդեցության մեծացմանը:

Թույլ տվեք մեզ բոլորիս մաղթել արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյան, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր, հակաահաբեկչության գծով գիտնական-փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:

  • Տարածել