Աշխատանքային շրջայց հյուսիսարևելյան սահմանագոտի և ԼՂՀ

23 Նոյեմբերի, 2015 17:26
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

ՀՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը ներկա են գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել են բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը մասնակցել են նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով մեկնել են ԼՂՀ:

Նոյեմբերի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում:

Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: Զորավարժությունների ավարտին հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:

Աշխատանքային շրջայցի ընթացքում Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել են ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, այցելել են բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:

Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է գտնվել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը մասնակցել են նաև ԼՂՀ մայրաքաղաքում զինծառայողների և նրանց ընտանիքների համար կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ զորամասերից մեկի զինանձնակազմի համար կառուցված ճաշարանի բացման արարողություններին:

Նույն օրը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի հետ հետևել են ՊԲ ուսումնական կենտրոններից մեկում անցկացված հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:

ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 21-ին Գանձասարում ներկա են գտնվել նաև «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի մասնաշենքի բացման արարողությանը:

  • Տարածել