Նոյեմբերի 5-ը Հետախույզի օրն է

5 Նոյեմբերի, 2015 16:49
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր:

Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ: Արցախյան հերոսամարտի տարիներին հետախուզության ստորաբաժանումները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը: Անցնելով պատերազմի հորձանուտով` հատուկ նշանակության ստորաբաժանումները կոփվել են, թրծվել, կատարել բազմաթիվ մարտական խնդիրներ: Այդ ճանապարհով անցած շատ զինծառայողներ այսօր էլ շարքում են և իրենց ավանդն են ներդնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

Այսօր ՀՀ ԶՈւ հետախուզության ստորաբաժանումները հաստատակամ քայլերով ամրապնդում են իրենց մարտունակությունը: Պատերազմական տարիներին ձևավորված ստորաբաժանումների անձնակազմերը բանակաշինությանը համաքայլ կատարելագործեցին իրենց մարտավարամասնագիտական տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, հարստացվեց ուսումնական և նյութատեխնիկական բազան: Արձանագրված ձեռքբերումներով ու նվաճումներով ԶՈւ հետախուզությունն այսօր կայացած կառույց է և իր կարևորագույն տեղն է զբաղեցնում մյուս զորատեսակների շարքում: Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումները հմտորեն շարունակում են իրենց չափազանց կարևոր գործը և օրստօրե կատարելագործում են մարտական պատրաստվածությունն ու վարպետությունը:

Հետախույզի համար չկան կատարելագործման հասնելու վերջնական չափորոշիչներ, հետևաբար` նրանց համար չկան անհաղթահարելի սահմաններ կամ բարձունքներ:

  • Տարածել