Անցկացվել է զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ

12 Սեպտեմբերի, 2015 00:00
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ:

Բանակային երրորդ զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժությանը հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր: 
Զորավարժության ընթացքում ստուգվել է ներգրավված ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, մարտական ներդաշնակումը համակցված եղանակով տեղաշարժի իրականացման և հարձակողական մարտի վարման ընթացքում, մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները հարձակողական մարտում ստորաբաժանումների ղեկավարման, կրակի կառավարման և ավիացիայի օդային մարտավարական դեսանտի հետ փոխգործակցության կազմակերպման հարցերում:
Ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ և նախանշված ժամանակահատվածում կատարել են առաջադրված խնդիրներն ու գրանցել բարձր արդյունքներ:
Գնդային մարտավարական զորավարժությանը նախորդել են զորավարժության պլանով նախատեսված մի շարք միջոցառումներ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ղեկավարի՝ ՀՀ զինված ուժերի կիրառման և 3-րդ զորամիավորման հետ անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժության գծով տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ անցկացվել են խորհրդակցություններ և լսումներ, օպերատիվ իրավիճակին համաձայն` ներկայացվել են բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների ընդունված որոշումներն ու առաջարկները: ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի անդամները տեղերում վերստուգել են կենտրոնացման շրջաններում բացազատված ստորաբաժանումների կողմից զորավարժության պլանի համաձայն իրականացվող գործառույթների պատշաճ կատարումը:
Զորավարժության ավարտին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զորավարժության պատշաճ իրականացումը մեկ անգամ ևս վերահաստատում է ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձր աստիճանն ու հնարավոր ագրեսիային արժանի հակահարված հասցնելու պատրաստականությունը: Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական բանակի ձեռքբերումներն ընդհանուր, թիմային աշխատանքի արդյունք են, և այդ գործում դերակայություն ունեն բոլորը հրամանատարից մինչև շարքային զինծառայող: 
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում անցկացված միջոցառումները նպատակաուղղված էին պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական ու ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

  • Տարածել