Միքայել Հարությունյանը ընդունեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին

29 Մայիսի, 2007 00:00
Ս.թ. մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելլիին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նախարարն իր հերթին ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլորտներում բավական առաջընթաց են ապրել և այս դրական ֆոնի վրա անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաև ռազմական, ռազմաբժշկական և կրթական ոլորտներում: Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերն անդրադարձան երկու երկրների միջև իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին: Նախարարը կարևորեց նաև Իտալիայի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի դերը երկկողմ հարաբերություններում և դեսպանին ներկայացրեց համանուն հայկական ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` առաջարկելով սկսել համագործակցությունը երկու երկրների վերոնշյալ հաստատությունների միջև: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:
  • Տարածել