Հումանիտար բժշկական օգնություն` ՀՀ զինված ուժերին

17 Հուլիսի, 2007 00:00
Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից որպես հումանիտար բժշկական օգնություն տրամադրված ինը տոննա ընդհանուր քաշով ժամանակակից բժշկական սարքավորումների հանձնման արարողությունը, որին ներկա էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, տիկին Մելանի Մոլտմանը, ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Մելքոնյանը, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Ա.Փարսադանյանը և ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Մ.Միքայելյանը:

Ա.Փարսադանյանը համառոտ տեղեկացրեց, որ բազմագործառույթային այս սարքավորումները հնարավորություն են տալիս դաշտային պայմաններում մեկ ամբողջական ռազմական հոսպիտալ կազմավորելու, որտեղ հնարավոր կլինի իրականացնել ինչպես զինծառայողների բժշկական հետազոտություն, այնպես էլ բարդ վիրահատություններ` կազմակերպելով նաև հետվիրահատական բուժում: Շնորհակալություն հայտնելով ԳԴՀ կառավարությանը` ՀՀ ՊՆ ՄՌՀ և ՊԾ վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Մելքոնյանը նշեց, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը շարունակական է, և վերջին ժամանակաշրջանում բավական մեծ թափ է առնում. «Վերջերս երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ստորագրվեց ռազմական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցության ընդլայնում բոլոր ոլորտներում, այդ թվում և ռազմական բժշկության: Այստեղ մենք բավական մեծ ձեռքբերումներ ունենք. գերմանական ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորել և ավարտել է երկու հայ սպա, իսկ երկուսն էլ այժմ սովորում են: Բացի այդ, համագործակցության տարեկան ծրագրերի համաձայն իրականացվում են տարբեր դասընթացներ ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալու Գերմանիայի պաշտպանության ոլորտի հարուստ փորձին»: Իսկ տիկին Մելանի Մոլտմանը նշեց, որ օգնությունը հնարավոր է դարձել Գերմանիայի զինված ուժերում կրճատում իրականացնելուց հետո. «Այս սարքավորումներն օգտագործվում են նաև գերմանական զինված ուժերում. դրանք հավաքվել են Գերմանիայի տարբեր անկյուններից և մանրամասն ստուգվել մինչ Հայաստան ուղարկելը»:
  • Տարածել