ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Հոգեվոր առաջնորդության մասին

Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը:

1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը: 2007 թ. հոկտեմբեր ամսին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:   2021 թ. փետրվարի 12-ից պաշտոնավարում է Տ. Մովսես  վարդապետ Սարգսյանը։


Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ սուրը միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին հատկապես պատերազմների ժամանակ:


Հատկանշական է 451թ. Ավարայրի ճակատամարտը, որտեղ ողջ հայ ժողովուրդը հանուն հավատի և հայրենյաց ոտքի ելավ և դիմագրավեց ահեղ թշնամուն: Առաջին շարքերում էին բազմաթիվ հոգևորականներ, ովքեր աչքի ընկան արիությամբ և խիզախությամբ: Սարդարապատի ճակատամարտում հայ հոգևորականները նույնիսկ փոքր գունդ են ունեցել: Իսկ հայրենական մեծ պատերազմի տարիներին հիշարժան է Գևորգ 6-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի (1945-1954) ջանքերով և եկեղեցու միջոցներով կազմավորած և ռազմի դաշտ ուղարկած «Սասունցի Դավիթ» և «Դավիթ Բեկ» տանկային շարասյուները:


Հայոց բանակի առաջին հոգևոր խորհրդատուները նշանակվել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերին: Նույնիսկ փորձեր են արվել բանակի հոգևոր ծառայությունը ձևակերպել օրենքով` կարգավորելու համար նրա գործունեությունը: Նույն նպատակով 1997թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:

ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և մտնում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ: Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար: Զորամասի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր: Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագանցություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ: Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և առավել մոտենում Մայր Եկեղեցու վարդապետությանը: Բանակի հոգևոր ծառայութան ծրագիրը ձևակերպված է պաշտպանության նախարարության կառուցվածքում: Որոշ զորամասերում կառուցվել են մատուռներ:

Հաստատվել են զորամասերում կառուցվելիք եկեղեցիների նախագծերը և մոտ ապագայում գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց աղոթատեղիները, որոնք կօգնեն մեր հոգևոր սպասավորներին իրենց սրբազան առաքելությունը (Սուրբ Պատարագ, տարբեր ծիսական արարողություններ) ավելի բարեհաջող կազմակերպելու գործին, և յուրաքանչուր զինվոր հնարավորություն կունենա իր սրտի գոհունակ աղոթքն առ Աստված բարձրացնելու:

  • 2010թ. հունվարի 6-ի Սուրբ ծննդյան բերկրաշատ տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետը մատուցեց Սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց Սուրբ արարողություն և Խաչի քավոր դառնալու մեծապատվությունը ստանձնել էր ՀՀ Պաշտպանության նախարար Տիար Սեյրան Օհանյանը: Մեծարգո նախարարի առաջարկությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ջրօրհնյաց Սուրբ խաչով օրհնվեցին մեր Հայրենի երկրի սահմանները, կատարվեցին Սուրբ խաչով Ջրօրհնյաց արարողություններ` ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
  • 2010թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը) և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանապահ գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին:

Ներկայում ավելի քան 40 հոգևորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ:

 

Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի համանման ծրագրերի հետ: Հովվության աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար Մեծ Բրիտանիայի և Հունաստանի բանակների հոգևոր ծառայողները բազմիցս այցելել են Հայաստան: Հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը ալցելել է Հունաստան:

Քայլեր են կատարվում տեղեկատվության և փորձի փոխանակման, համագործակցության ուղղությամբ: 2003թ. փետրվարին հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակի հոգևոր ծառայության 14-րդ տարեկան գիտաժողովին: Իսկ 2004թ. փետրվարին բանակի հոգևոր ծառայության ներկայացուցիչները մասնակցեցին Հունաստանում գումարված 15-րդ գիտաժողովին: 

  • 2009թ. մայիս 28-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը մեկնել է Անգլիա` մասնակցելու բանակի քրիստոնեական ընկերակցությունների միության (Association of Military Christian Fellowships AMCF) համաեվրոպական հերթական կոնֆերանսին, որին մասնակցում էին զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող եվրոպական 24 երկրների շուրջ 170 պատվիրակներ, ի շարս որոնց նաև` դիտորդներ Միացյալ Նահանգներից, Աֆրիկայից, Հարավային Կորեայից ու Չինաստանից: 5-օրյա նիստերի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ, որոնք հիմնականում կենտրոնացած էին հավատքի, ընտանիքի և քրիստոնեական ընկերակցության թեմաների վրա: 
  • 2009թ. նոյեմբերի 2-6-ը հայ-հունական համատեղ միջոցառումների շրջանակներում Հայաստանում էին գտնվում Հունաստանի Հանրապետության ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Գեորգիոս Ապոստոլակիդիսը և նրա օգնական հայր Ալեքսիոս Իստրաօղլուն: Նրանք ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի հետ միասին հանդիպեցին Վեհափառ հայրապետին, պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Հույն հոգևորականները նաև մասնակցեցին ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն սպասավորների ամենամսյա կազմակերպվող ժողովին, որտեղ քննարկվեցին տարբեր թեմաներ (ինչպե՞ս ավելի արդյունավետ կազմակերպել հոգևոր դասընթացները, ինչպիսի՞ հանձնառություններ և պատասխանատվություններ ունեն հույն հոգևոր սպասավորները, ինչպիսի՞ և ի՞նչ միջոցներով բարձրացնել զինվորների հոգևոր-բարոյական նկարագիրը և այլն): Այցի ընթացքում իրականացվել են երկու կողմերի միջև փորձի փոխանակում, որն էլ կնպաստի հետագայ ծրագրերի ու միջոցառումների մշակման համար:

Մասնակցությունը գիտաժողովներին ծնում է նոր գաղափարներ, որոնք օգնում են Հայաստանի զինծառայողների հոգևոր կարիքները հոգալու համար ավելի արդյունավետ ուղիներ գտնել:

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ

                                                  Տ. Մովսես  վարդապետ Սարգսյան

 

ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության ամենօրյա գործունեությանը կարող եք հետևել www.armchaplain.org կայքում: