ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
+374 10 287321
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ինստիտուտի մասին
ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվեց 2016 թ. հունվարի 28-ին: Համալսարանի ստեղծման հիմքում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն էր, որը հիմնվեց 2005 թվականին՝ որպես ապագա Համալսարանի հետազոտական բաղադրիչ և կազմակերպական առանցք: Հայաստանում ՊԱՀՀ-ի հիմնման նախագիծը, այն ժամանակ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մշակվել է ՊԱՀՀ-ի հիմնադիր-պետ, Հայաստանի առաջին Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման գիտական ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի կողմից՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում 2003-2004 թթ. իր ակադեմիական ստաժավորման ընթացքում: Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական և կրթական գործունեության կամրջմամբ: Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը: Համալսարանի գիտնական-վերլուծաբանները, միջազգային առաջատար գիտակրթական և հետազոտական հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդման: Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ-ը կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ և համաժողովներ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի առաջատար մասնագետների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ Հայաստանը այդպիսով դարձնելով Հարավային Կովկասում կառուցողական երկխոսության եզակի ու կարևոր հարթակ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների, քաղաքական ու մասնագիտական շրջանակների, մտավոր և ուժային կենտրոնների միջև։ ՊԱՀՀ-ի պետ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի գիտական ղեկավարմամբ՝ հրատարակվում են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող կոլեկտիվ մենագրություններ, պաշտպանական-անվտանգային տերմինների բազմալեզու բառարաններ, ինչպես նաև «Հայկական բանակ» և «Աշխատանքային տետրեր» ռազմագիտական հանդեսները: ՊԱՀՀ-ի կազմում գործում են նաև աշխարհի առաջատար գրադարանների հետ համագործակցող էլեկտրոնային-գիտական գրադարան, ասպիրանտուրա, «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ: ՀՀ ՊՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ» ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ստեղծվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի (ներկայումս` ՀՀ Նախագահ) հրամանով Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ: Հանդեսի ստեղծման աշխատանքը հանձնարարված էր քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ (ներկայումս` գեներալ-լեյտենանտ) Հայկ Սարգսի Քոթանջյանին: «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նպատակն է նպաստել. – ՀՀ ԶՈՒ-ում հայրենական ու համաշխարհային առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածմանը, – ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի բարոյահոգեբանական ու զինվորական դաստիարակությանը, հայրենասիրության վեհ զգացմունքի սերմանմանը, – ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստմանը, – ԱՌՀԻ-ում կատարվող ռազմավարական հետազոտությունների արդյունքների ձևակերպմանն ու ներկայացմանը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին, – բանակ-հասարակություն կապի սերտացմանը, – հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը, հասկացութենական-տերմինաբանական ապարատի զարգացմանը: Եռալեզու (հայերեն` ռուսերեն և անգլերեն ամփոփումներով) «Հայկական բանակ» հանդեսն ընդգրկվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դոկտորական պարբերականների ցուցակում և իր ուրույն տեղը գրավեց այլ գիտական պարբերականների շարքում: Հանդեսի թեմատիկ ընդգրկումը լայն է. դրանում զետեղվում են գիտական հրապարակումներ, որոնք վերաբերում են ռազմական գործի ամենատարբեր ոլորտներին: Հանդեսի գոյության 20 տարվա ընթացքում նրան հեղինակել են մոտ 400 մասնագետ ինչպես ԶՈՒ-ից, այնպես էլ այլ ուժային կառույցներից, քաղաքացիական ոլորտի գիտական ու բուհական, այդ թվում` արտասահմանյան հաստատություններից: Հանդեսի համարներն առաքվում են ՀՀ-ում օտարերկրյա և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբ և Մարշալի անվան եվրոպական անվտանգային հետազոտությունների կենտրոն: Հանդեսի հեղինակների թվում են ռազմագետ-փորձագետներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից, նրանց հոդվածներն ամբողջությամբ են հրապարակվում նաև բնագրի (ռուսերեն կամ անգլերեն) լեզվով: 2008 թվականից հանդեսի յուրաքանչյուր համար նվիրված է լինում ԶՈՒ-ի կենսագործունեության կոնկրետ ոլորտում իրագործվող պաշտպանական բարեփոխումներին, ընդսմին այդ փորձագիտական-վերլուծական նյութերը ներառվում են զորքերի մարտական պատրաստման ծրագրերում: Խմբագրությունը, համագործակցելով Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հետ, 2012 թ. լույս է ընծայել պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարանը (մոտ 3000 պարզ և բաղադրյալ տերմիններ): Խմբագրությունը հրատարակել է նաև անվտանգային քաղաքագիտության և ռազմական հոգեբանության գծով 6 մենագրություն և 1 փորձագիտական-ուսումնական ձեռնարկ: «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրներն են եղել. 1994–1998 թթ.` գնդապետ Հայկ Քոթանջյանը (ներկայումս` գեներալ-լեյտենանտ, խմբագրական խորհրդի նախագահ), 1998–2005 թթ.` տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի և ՌԴ ռազմական ակադեմիայի ակադեմիկոս, գնդապետ Արկադի Սարգսյանը: 2005 թ. առ այսօր «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետի տեղակալ, գնդապետ (պաշտոնաթող) Դավիթ Չիլինգարյանը:
...
Ինստիտուտի պետ
ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ