ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
3905, ՀՀ, ք.Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1, Հեռ.՝ 060-71-30-00
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Ուսումնական գործընթաց
Ի սկզբանե լինելով ավագ դպրոց` վարժարանը, թերևս, այսօր ունի ավելի մեծ փորձ, քան հանրապետության այլ ավագ դպրոցները:
Վարժարանն իր տեսակի մեջ եզակի է նաև որպես տարբերակված հոսքի ուսումնական հաստատություն՝ ի տարբերություն մինչև օրս ստեղծված ընդհանուր հոսքի ուսումնական հաստատությունների: Ավագ դպրոցում երաշխավորված հոսքերի շարքում, թերևս, առավելություն է վարժարանի տարբերակված ուղղվածությունը` մասնագիտացման առումով:
Վարժարանում դասավանդվում են հանրակրթական բոլոր առարկաները: Խորացված ուսումնասիրում են «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» և «Լեռնային պատրաստություն» առարկաները: 2014-2015 ուսումնական տարվանից օտար լեզուների շարքում դասավանդվում են նաև «Հունարեն» և «Իտալերեն» լեզուները:
Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանն այս տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների: 2007թ.-ից սկսել է մասնակցել տարբեր միջազգային հավաքների: Այդ թվում 2007 և 2008 թվականներին վարժարանի թիմը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմամարզական երիտասարդական կազմակերպությունների 1-ին և 2-րդ միջազգային ուսումնամարզական հավաքներին, Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» ամենամյա միջազգային հավաքներին, որոնց ժամանակ 2011 թվականին գրավել է 3-րդ, 2012-ին` 2-րդ, իսկ 2013-ին և 2014-ին՝ 1-ին պատվավոր տեղը` վեր բարձրացնելով Հայաստանի Հանրապետության եռագույնը մեր երկրի սահմաններից դուրս: Իսկ 2015թ.-ին գրավել է 2-րդ մրցանակային տեղը: 2013թ. ՌԴ Վոլգոգրադ քաղաքում 3-րդ միջպետական պատմամշակութային համաժողովին վարժարանի սանը ակտիվ մասնակցության համար արժանացավ բարձր գնահատականի կազմակերպիչների կողմից: 2013թ. Բելառուսի Հանրապետությունում կայացած հրշեջ-փրկարարների միջազգային մրցույթի ժամանակ կրկին մեր սանը, իր ֆիզիկական և կամային բարձր հատկանիշներով, գրավեց 1-ին տեղը: 2013թ.-ի սեպտեմբեր ամսին, գործուղվելով Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաք, մեր սաները մասնակցեցին «Միություն 2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմական միջազգային հավաքին, աչքի ընկան բարձր պատրաստվածությամբ` փայլելով թե´ իրենց ռազմական գիտելիքներով, թե´ մշակութային ուղղվածությամբ և ճանաչվեցին լավագույնը, արժանանացան տարբեր աստիճանի շուրջ 38 մեդալների՝ այդ թվում 12 ոսկե, 12 արծաթե, 14 բրոնզե: 2014թ.-ի օգոստոս ամսին վարժարանի թիմը մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014 Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Կրկին անգամ վարժարանի թիմն աչքի է ընկել բարձր ֆիզիկական և բարոյակամային հատկանիշներով: Սաներից յուրաքանչյուրն ընդգրկվել է տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալներ:
2015թ.-ի օգոստոսի 15-ից 28-ը ք. Ծաղկաձորում կայացավ «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական հավաքը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Հավաքն անցավ բարձր մակարդակով, որին մասնակցում էին նախկին Խորհրդային Հանրապետության կազմում գտնվող 12 պետություններ:
ՀՀ Անկախության հռչակումից հետո վարժարանի սաները մշտապես պատիվ են ունեցել բացելու հանրապետությունում կայացած բոլոր զորահանդեսները:
2013թ. ՀՀ նախագահի երդման արարողության ժամանակ վարժարանին պատիվ ընձեռվեց հանրապետության նախագահին ուղեկցելու «Եռաբլուր» պանթեոն:
2011թ. մասնակցելով պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պատմություն» վիկտորինային` մեր սաները զբաղեցրին 1-ին մրցանակային տեղը ռազմամարզական վարժարանների միջև: 2012թ տեղի ունեցած գեներալ Սիլիկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կայացած ռազմամարզական մրցաշարում 1-ին մրցանակը վաստակեց վարժարանի թիմը: Հանրակրթական առարկաների օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերում ունեցանք հաղթողներ: Ազգային բանակին նվիրված ամենամյա մրցույթ-վիկտորինայում արդեն որերորդ տարին է վարժարանի սաներն արժանանում են անվանական կրթաթոշակների՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած, բանակի տոնին նվիրված մրցույթին պատմություն առարկայից՝ գրավելով առաջին տեղերը: Տարիներ շարունակ մասնակցելով տարբեր շարադրությունների մրցույթների՝ սաների աշխատանքները ընդգրկվում են լավագույնների շարքերում:
Վարժարանի ուսուցիչները փորձառու են, ունեն համապատասխան որակավորում: Մշտապես մասնակցում են վերապատրաստման դասընթացների: 2013-2014 ուստարվա «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կողմից մասնակցել է հանրակրթական առարկաների դասավանդող («Գերմաներեն լեզու») Աստղիկ Էդիկի Հարությունյանը, ով ավագ դպրոցների 2-րդ (մարզային` քաղաքային) փուլին, ընտրվել է լավագույն ուսուցիչ և պարգևատրվել պատվոգրով: Իսկ հանրապետական փուլին բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար` Ա.Է.Հարությունյանն արժանացել է «Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար» անվանակարգի և խրախուսվել ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարների կողմից:
2017 թ. սեպտեմբերի 1-ից Դիլիջան քաղաք տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ստեղծված են ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պայմաններ ուսումնառության, մարզման, զինվորական պատրաստության և ազատ ժամանցի համար։ Ռազմամարզական վարժարանի սաները, մասնավորապես, տեղավորված են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից 13 լսարաններ, վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան, 2 շարահրապարակներ, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ, բարձրակարգ հյուրանոց։ Վարժարանի բարձրակարգ ճաշարանում մատուցվում է որակյալ սնունդ։ Վարժարանը հոգում է սաների կացության, սննդի և հագուստի ծախսերը։
Ուսումնական շաբաթը երկուշաբթիից ուրբաթ է։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում: Շաբաթ և կիրակի օրերին դպրոցում մնացող սաների համար կազմակերպվում է հագեցած ծրագիր՝ հանդիպումներ զինվորական և քաղաքացիական հայտնի մարդկանց հետ, համերգներ, մրցումներ, քննարկումներ և կինոդիտումներ, արշավներ դեպի պատմական հուշարձաններ, լեռնագնացություն և այլն:
Վարժարանում ուսուցումը կազմակերպվում է հանրակրթական դպրոցի ծրագրով: Նախատեսվում է հետզհետե անցում կատարել Արարատյան բակալավրիատի կրթական ծրագրին: Վարժարանում դասավանդում են փորձառու, բարձր որակավորում ունեցող մասնագետ ուսուցիչներ և սպաներ:
Ի տարբերություն անցյալ տարիների` 2017 թվականի սաների ընդունելությունն անց է կացվել մրցութային կարգով՝ մասնավորապես 3 թեկնածու 1 տեղի համար: 2017 թվականին վարժարան են ընդունվել 83 սաներ: Ակնկալվում է, որ 2018 թվականի ընդունելության քննությունների մրցութային կարգի շեմը զգալիորեն կբարձրանա՝ ըստ նախնական հայտերի:
Վարժարանը հանգստյան օրերին կազմակերպում է բաց դռների օր հանրապետության ավագ դպրոցների աշակերտների և ծնողների համար՝ ներկայացնելով վարժարանի կողմից առաջարկվող պայմանները: Միաժամանակ վարժարանի սաների համար կազմակերպվում են այցեր Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատութփյուններ՝ սաների ապագա կողմնորոշման նպատակով:
Վարժարանի ապագա ֆինանսական մուտքերն ապահովելու համար նախատեսվում է վարժարանի տարածքում կազմակերպել սեմինարներ, գիտաժողովներ:
Նախատեսվում է նաև ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպել հերթափոխով ամառային ճամբարումներ, սփյուռքում բնակվող մեր երիտասարդ հայրենակիցների համար, որի ընթացքում նրանց հնարավորություն կտրվի մարզվել, ստանալ նախնական զինվորական պատրաստվածություն, մասնակցել արշավների, ծանոթանալ մարտական արվեստներին և լեռնագնացությանը: Ճամբարումների ընթացքում հյուրընկալվողների համար կկազմակերպվեն մշակութային տարբեր միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ պետական գործիչների, Արցախյան պատերազմի հերոսների, հայտնի զինվորականների հետ: Ճամբարումների մասնակիցները կօգտվեն նաև վարժարանի հնարավորություններից, բարձրակարգ պայմաններից՝ համատեղելով հանգիստը, մարզումները և ժամանցը: