ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
3905, ՀՀ, ք.Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1, Հեռ.՝ 060-71-30-00
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Վարժարանի առօրյան
2017-11-21
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը:
Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է վարժարանի շրջանավարտ Վահագն Ասատրյանին և վարժարանի ներկայիս սան Դավիթ Անդրեասյանին:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:
Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված Թումոյի լսարանի բացմանը:
Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

2017-09-01
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ՀՀ կառավարության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դրոշները, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի ձեռամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն: Մոնթեականներին ուղղված իր խոսքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր շենքային պայմանները, հորդորել է ուսումնառության ընթացքում բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը:
«Երանի մեզ, որ ականատես եղանք, թե ինչպես է Հայաստանի ամենակարևոր ուսումնական հաստատություններից մեկը տեղափոխվում ամենահարմարավետ պայմաններով, դրախտային մի անկյունում գտնվող հիասքանչ ուսումնական համալիր: Որպես մարդ, ով տեսել է աշխարհի շատ ուսումնական հաստատություններ, վստահեցնում եմ, որ իր պայմաններով, այս համալիրը չի զիջում ոչ մեկին: Դա մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից պարտավորեցնող»,- մոնթեականներին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը` հավելելով, որ վարժարանի նոր մասնաշենք տեղափոխելու միտքն իր մոտ ծագել է, երբ նախորդ տարի, այցելելով ռազմամարզական վարժարան, տպավորվել է ուսումնական հաստատության ձեռքբերումներով, սակայն նույնչափ էլ մտահոգվել՝ ծանոթանալով վարժարանի շենքային պայմաններին:
«Մոնթե նշանակում է բարձունք: Այնպես է ստացվել, որ այս վարժարանը բարձունքի վրա է: Այս բարձունքը ձերն է, բայց շատ կարևոր է, որպեսզի բարձունքը չլինի վերջնակետ, այլ լինի ճանապարհ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Մեր կարգախոսն է` «ճանապարհ դեպի բարձունք»»,- եզրափակել է իր խոսքը նախարարը` բարի երթ մաղթելով վարժարանի սաներին:
Հանդիսավոր միջոցառումից հետո նախարարը, հյուրերի հետ, շրջել է վարժարանի տարածքում, այնուհետև «Արիության դաս» անցկացրել մոնթեականների համար:

2017-08-30
Օգոստոսի 30-ին Դիլիջանում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ներկայացնելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմն ու գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Սարգսյանին, պաշտպանության նախարարը շեշտել է, որ խորհրդի կազմում ընդգրկված անձանց վստահվել է մեծ ներդրում ունենալ վարժարանի նորովի կայացման գործում:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ներկայացրել է վարժարանի առաքելությունն ու տեսլականը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է. «Հիմնադրամի գերխնդիրը պետք է լինի վարժարանը Հայաստանի առաջատար կրթահամալիրներից մեկը դարձնելը: Դրա համար պետք է ստեղծվի ակադեմիական գերազանցությամբ միջավայր` հմուտ մանկավարժների ներգրավմամբ, ակադեմիական արդի հնարավորությունների ապահովմամբ և մրցակցային կրթության միջավայրի ձևավորմամբ` հայրենիքին հետագա ծառայության համար նախապատրաստելով ուժեղ, առողջ, ճկուն և ռազմական հմտություններին տիրապետող սերունդ, բարեկիրթ քաղաքացիներ, ովքեր Հայրենիքին ծառայությունը դիտում են որպես գերխնդիր և գերնպատակ»:
Սեպտեմբերի 1-ին վարժարանի ուսուցչական կազմն ու սաները հանդիսավոր պայմաններում հրաժեշտ կտան Երևանում գտնվող շենքին և կտեղափոխվեն Դիլիջան։ Վարժարանի պաշտոնական բացումը և սաների երդման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, որը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, սահմանվել է որպես Վարժարանի օր:


2017-07-06
2017թ. հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ 2016-2017թ. ուսումնական տարվա շրջանավարտների ատեստատների հանձման հանդիսավոր արարողությունը: Ատեստատների հանձման հետ շրջանավարտները ստացան նաև վարժարանի սանի ավարտական կրծքանշանը, վինետկաները, ուսումնառության երեք տարիներն ամփոփող սկավառակ և «Մտքի ալիքներ» գիրքը, որտեղ տեղ են գտել առանձին հարցերի շուրջ սաների ինքնատիպ պատասխանները: Վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ղարիբի Ավագյանն անձամբ հանձնեց ատեստատները` մաղթելով շրջանավարտներին բարի երթ:

2017-05-26
2017թ. մայիսի 26-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, վարժարանի ողջ անձնակազմը, շրջանավարտների ծնողներն ու հարազատները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան վարժարանի պետ, գնդապետ Վ. Վ. Ոսկանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Լ. Դավթյանը: Վարժարանի թվով 89 շրջանավարտներից 87-ն, այդ թվում վարժարանին միավորված «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն իրենց ուսումը կշարունակեն ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա բուհերում և ռազմաուսումնական հաստատություններում:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Վերջին զանգն» ակնհայտորեն տարբերվեց հանրակրթական մյուս հաստատություններում անցկացված նմանօրինակ արարողություններից: Շրջանավարտները միջոցառմանը հանդես եկան ցուցադրական ելույթներով, ներկայացրին վարժություններ կրակային վարժաձևերից, ցուցադրական ձեռնամարտ և լեռնային պատրաստություն, շարանցում («դեֆիլե»), այնուհետև պարեցին ավարտական վալսն ու շարային քայլերթով անցան հրամանատարական կազմի առջևով: «Վերջին զանգն» ազդարարելու պատիվը տրվեց վարժարանի լավագույն շրջանավարտ Նորայր Արտյոմի Հովհաննիսյանին:

2017-05-10
2017թ. մայիսի 10-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շարահրապարակում տեղի ունեցավ վարժարանի սպայական կազմին «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներերով պարգևատրելու, սաներին ուժային եռամարտի և ՏՕԶ-8 հրացանից հրաձգության առաջնություններում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար խրախուսելու, ինչպես նաև 2016-2017թ. ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային (մարզային) փուլում վարժարանի դիպլոմակիր սաներին պարգևատրելու հանդիսավոր արարողությունը: Վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ղարիբի Ավագյանը նախ շնորհավորեց վարժարանի անձնակազմին մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման և ՊԲ կազմավորման 25-րդ տարեդարձերի կապակցությամբ, այնուհետև անձամբ հանձնեց պատվոգրերը:

2017թ. մայիսի 10-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ կուրսի սաները մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ, Շուշիի ազատագրման 25-րդ և Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի 99-րդ տարեդարձերի կապակցությամբ այցելեցին «Հաղթանակ» զբոսայգում տեղակայված «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պայքարին:

2017-05-03
2017թ. մայիսի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին կուրսի սաները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակում այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Վարժարանի «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներ դասավանդող` Է. Շաբոյանի և Գ. Գրիգորյանի գլխավորությամբ սաները շրջեցին թանգարանի տարածքում, ծանոթացան հավաքագրված, հրատարակված փաստերին` Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ.-ին իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

2017-05-02
2017թ. մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվեց 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային (մարզային) փուլը: ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2356 մասնակիցներից 74-ը պարգևատրվեցին 1-ին կարգի դիպլոմով: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն անձամբ հանձնեց դիպլոմները` մաղթելով բարի երթ:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն այս անգամ ևս պատվով մասնակցեցին 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադային`արժանանալով տարբեր մրցանակային կարգերի: Մարզային փուլում վարժարանի 1-ին կուրսի սաներ Խաչատուր Սուրենի Գաբրիելյանը «Հայոց լեզու» առարկայից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, իսկ Գագիկ Համբարձումի Գուլանյանը «Գերմաներեն լեզու» առարկայից` 2-րդ կարգի դիպլոմի: Վարժարանի 3-րդ կուրսի սաներ Վարդան Արկադիի Մուսայելյանը «Գերմաներեն լեզու» առարկայից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, իսկ Ալիկ Գուրամի Մազմանյանը «Աշխարհագրություն» առարկայից` 1-ին կարգի դիպլոմի:
Սաների գրանցած հաջողությունները նկատելի են նաև հանրապետական փուլում, որտեղ 3-րդ կուրսի սաներ` Վարդան Արկադիի Մուսայելյանը «Գերմաներեն լեզու» առարկայից արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի, իսկ Ալիկ Գուրամի Մազմանյանը «Աշխարհագրություն» առարկայից` գովասանագրի: Վարժարանի դիպլոմակիր բոլոր սաները հանրապետական փուլում արժանացան վկայականների:
Նկատենք, որ Երևան քաղաքում գործող շուրջ 200 դպրոցներից 87-ը դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլում դիպլոմների արժանացած հաստատություններ են, որտեղ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:


2017-04-25
2017թ. ապրիլի 24-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ներկաները ծաղիկ խոնարհեցին անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով 1.5մլն. անմեղ զոհերի հիշատակին:

2017-04-22
2017թ. ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ այցելեցին Դավիթաշեն համայնքում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցի: Սաները մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

2017-04-20
2017թ. ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը ներկա գտնվեց Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին, որը նվիրված էր ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ հանրապետության նախագահը` ներկայացնելով կրթության առջև դրված արդի հիմնախնդիրները, որից հետո կոնկրետ բարեփոխումների առաջարկությամբ խոսեց պաշտպանության նախարարը: Համաժողովին ներկա էին պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում հարց-պատասխանների միջոցով անցկացվեց քննարկում` «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում», «Ազգ-բանակ. անվտանգության բանաձև» թեմաներով: «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող ցուցահանդեսի ընթացքում վարժարանի տաղավարում ներկայացվեց սաների գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները, կրթական ծրագիրը, ընդունելության կարգը, ինչպես նաև վարժարանի ամսաթերթը, հրատարակված գրքերն ու ամսագրերը: Հանձնաժողովի եզրափակիչ մասը նվիրված էր Մոնթե Մելքոնյանի անվան ՌՄՎ-ի քաղաք Դիլիջան տեղափոխվելու, 2017-2018 ուստարվա ընդունելությունը նոր ձևաչափով իրականացնելու, հանրապետության հիմնական դպրոցների ներգրավվածությունն ապահովելու գործընթացին: Ցուցադրությունը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը ներառյալ: Միջոցառումն ամփոփվեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:

2017-04-15
2017թ. ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, որպես հիշատակի և պահանջատիրության խորհրդանիշ, «Լեռնային պատրաստություն» առարկայի գործնական պարապմունք իրականացրին Հատիս լեռան լեռնագագաթի հաղթահարմամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Համապատասխան հրահանգչի ցուցումների` սաները երթադադարներով «գրավեցին» Հատիս լեռան բարձունքը` այնտեղ տեղադրելով Արևմտյան Հայաստանի քարտեզը` «Երբ ես ծնվեցի, արդեն միլիոն ու կես հայեր չկային 1915» գրությամբ:

2017թ.ապրիլի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մասնակցեցին Զովունի համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման, կանաչապատման և մաքրման աշխատանքներին:

2017-04-11
2017թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Օտար լեզուներ» մեթոդմիավորման նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` նվիրված ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոսներին: Միջոցառմանը ներկա էին վարժարանի ողջ անձնակազմն ու սաների ծնողները: Ներկաները մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգեցին պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս տղաների հիշատակը, որին հաջորդեց մասնակից սաների բեմադրական մոմավառությունը: Քառօրյա պատերազմի հերոսներից էր նաև վարժարանի 2002թ. շրջանավարտ մայոր Հայկ Թորոյանը, ով հետմահու արժանացել էր ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալի և ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

2017-03-25
2017թ. մարտի 25-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մասնակցեցին վարժարանին կցագրված Դավթաշեն
վարչական շրջանում գտնվող զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման, կանաչապատման և մաքրման աշխատանքներին:

2017-03-15
2017թ. մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ գեներալ-լեյտենանտ Միխաիլ Գուրգենի Գրիգորյանը հանդիպում ունեցավ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հետ: Գեներալ-լեյտենանտը նախ ողջունեց վարժարանի սպայական կազմին, ուսուցչական անձնակազմին ու սաներին, այնուհետև առաջարկեց ակտիվորեն մասնակցություն ունենալ զրույց-քննարկմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վարժարանն ավարտելու, ՀՀ-ում և արտերկրում ռազմական կրթությունը շարունակելու հետ կապված մի շարք հարցեր:
Այցը համընկավ Միջազգային հանրագիտարանի խմբագրության կողմից 2017թ.լույս տեսած «Լավագույն մարդիկ. լավագույնները կրթության մեջ» ռուսալեզու հաստափոր հանրագիտարանի հերթական համարում տեղ գտած ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 24 սաների և 2014թ. հանրապետության «Լավագույն մանկավարժ» անվանակարգում հաղթող ճանաչված վարժարանի օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Աստղիկ Հարությունյանի անունների ներկայացման և մրցանակների հանձման արարողակարգի հետ: Հանդիպման ավարտին 2-րդ կուրսի սան Դավիթ Սերյոժայի Անդրեասյանի դիպլոմն ու կրծքանշանը գեներալ-լեյտենանտ Միխաիլ Գուրգենի Գրիգորյանն անձամբ հանձնեց` ևս մեկ անգամ հորդորելով սաներին շարունակել ռազմական կրթությունը:

2017-03-07
2017թ. մարտի 7-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները կանանց գարնանային տոներին ընդառաջ շնորհավորեցին վարժարանի կին զինծառայողներին, ուսուցչական և սպասարկող անձնակազմին` նվիրելով շնորհավորական բացիկներ և ծաղիկներ: Այնուհետև սաներն այցելեցին Դավթաշեն համայնք` շնորհավորելու ԶՈՒ ծառայության մեջ գտնվող զինվորների ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` մաղթելով առողջություն և խաղաղ երկինք:

2017-03-05
2017թ. մարտի 5-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը` նվիրված ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 58-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք: Երդման արարողությանը հաջորդել են պատանի երկրապահների ցուցադրական ելույթները, որոնք ավարտվել են շքերթով: Շարային երթին ընդգրկված էին 5-րդ բանակային կորպուսի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ռազմական համալսարանների կուրսանտները, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի և ԱՀ ՊՆ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանների սաները: Այնուհետև բոլոր ներկաներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

2017-02-11
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ղարիբի Ավագյանի գլխավորությամբ 2017թ. փետրվարի 11–ից 22–ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին` նվիրված մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովի 120–ամյակին: Հավաքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության թվով 38 թիմ՝ ավելի քան 900 մասնակից:
Միջազգային մրցույթում վարժարանի թիմը հաղթահարել է իր առջև դրված բոլոր խնդիրները մինչև -30℃ ջերմաստիճանային պայմաններում: Հակահրդեհային, մարտավարա¬մասնագի-տական, ինժեներական, կրակային, ռազմաբժշկական պատրաստություն¬ների, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանությունների, փրկարար ծառայության, օդային տեսադիտման, ռազմական տեղագրության, փորձագիտության, միայնակ, գրոհային և տուրիստական արգելագոտու հաղթահարման, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենքերի, գոյատևման հիմունքների, երաժշտական պարապմունքների, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքների պայքարում ռազմամարզական վարժարանի սաները ցուցաբերել են բարձր արդյունքներ:
Թիմի 7 մասնակից ճանաչվել են «Օրվա հերոս»: 3-րդ կուրսի սան Սպարտակ Արայիկի Քարտաշյանը ճանաչվել է «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքի հերոս, իսկ Գոռ Աշոտի Հովհաննիսյանը, ընտրվելով հավաքի խորհրդի անդամ, պարգևատրվել է պատվոգրով՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Նույն կուրսի սաներ Պարգև Արայիկի Հայրապետյանն ու Արմեն Գագիկի Հովհաննիսյանը կրակային պատրաստություն մրցապայքարում զբաղեցրել են 2-րդ, իսկ Ռուդիկ Արտակի Սարգսյանը տուրիստական արգելագոտու հաղթահարում պայքարում` 3-րդ տեղը: Թիմը ցուցաբերելով բարձր բարոյակամային հատկանիշներ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամը չէ, որ մասնակցություն է ունենում նման խոշոր միջազգային հավաքի` գրանցելով բարձր արդյունքներ: Վարժարանի հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» միջազգային մրցույթ-հավաքին առաջին անգամ մասնակցել է 2011 թվականին, զբաղեցնելով` 3-րդ տեղը, այնուհետև 2012թ. և 2015թ.-ին` 2-րդ, իսկ 2013թ., 2014թ. և 2016թ.-ին` 1-ին պատվավոր տեղը:

23-02-17
2017 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կազմակերպեց ռազմական կրթօջախների լավագույն սաներին ամենամյա անվանական կրթաթոշակներով պարգևատրելու հանդիսավոր միջոցառում`միտված հաստատություններում ռազմահայրենասիրական ոգու և կրթության որակի բարձրացմանը:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կողմից ներկայացված 3-րդ ուսումնական վաշտի սան Սահակ Սահակյանն արժանացավ «Գարեգին Նժդեհ» անվանական կրթաթոշակի: Վերջինիս վեց ամիս շարունակ կտրամադրվի հիսունհազարական դրամ:

22-02-17
2017թ. փետրվարի 22-ին Հայաստան է ժամանել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը: Սաներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են վարժարանի հրամանատարական կազմը, մասնակից սաների ծնողներն ու ընկերները: Վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ղարիբի Ավագյանի գլխավորությամբ փետրվարի 11–ից 22–ը թիմը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 15-րդ միջազգային հավաքին` նվիրված մարշալ Գեորգի Կոնստանտինի Ժուկովի 120–ամյակին:
Հավաքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Չինաստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության թվով 38 թիմ՝ ավելի քան 900 մասնակից:
Թիմը «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող, պարգևատրվել՝ գավաթով և մեդալներով:

23-12-16
Ս.թ դեկտեմբերի 23-ին ՀՀ Պն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի օտար լեզուների մեթոդմիավորումը վարժարանի նվագախմբի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ նվիված Ամանորին և Սուրբ Ծննդյանը, որի ընթացքում սաներն իրենց բարեմաղթանքները հղեցին վարժարանի անձնակազմին և գեղեցիկ երաժշտական կատարումներով մթնոլորտն առավել տոնական դարձրին:
Միջոցառման շրջանակում վարժարանի սաները մանկավարժների հետ պատրաստել էին նաև շնորհավորական բացիկներ և շնորհավորել վարժարանի անձնակազմին՝ գալիք տոների կապակցությամբ:

15-12-16
Ս.թ դեկտեմբերի 15-ին «Աշխարհագրություն» առարկայի շրջանակներում կազմակերպվեց «ՀՀ ընդերքի ռեսուրսների շահագործումն ու բնապահպանական հիմնախնդիրները» թեմայով միջոցառում՝ վարժարանի ավարտական վաշտի սաների մասնակցությամբ: Միջոցառումը կրում էր ամփոփիչ բնույթ. սաներն ամփոփեցին և ներկայացրին ձեռք բերած գիտելիքները՝ դրանք կիրառելով քննարկվող հարցերի մեջ: Հրավիրված էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի ռեսուրսների և շահագործման հսկողությունն իրականացնող բաժնի պետ Ա.Ղլիջյանը և նույն բաժնի աշխատակից Հ. Բադալյանը, ովքեր քննարկվող հարցերի շուրջ ունեցան իրենց անմիջական մասնակցությունը: Միջոցառումն արդիական էր և հիմնված իրական փաստերի վրա: Ավարտին լավագույն սաներին՝ իբրև լավագույն մարզպետի, բնապահպանի և տնտեսվարողի հանձնվեցին պատվոգրեր:

12-12-16
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս, հետմահու «Մարտական ծառայության» մեդալի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած, վարժարանի 2002թ. շրջանավարտ մայոր Հայկ Թորոյանին: Ներկա էին նրա ընտանիքի անդամներ, ընկերներ, 132 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, որտեղ սովորել է Թորոյանը, Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զինծառայողներ:
Վարժարանի սաների ասմունքը, հոգեթով երգերը, հուզիչ տեսահոլովակները անմոռաց ակնթարթներ պարգևեցին հանդիսատեսին:

10-12-16
Ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ դասակի հրամանատարի ուղեկցությամբ ներկա գտնվեցին Արցախի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72 ամյակին նվիրված գալա-համերգի տեսասկավառակի շնորհանդեսին: Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, հնչեցին բանաստեղծություններ, որին ներկա էր նաև Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Ա.Տեր-Թադևոսյանը:

09-12-16
Ս.թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի 4-րդ դասակի սաներն այցելեցին «Նուբարաշեն» հրաձգարան՝ հրաձգության գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով: Պարապմունքների ընթացքում սաները կատարել են ստուգողական վարժություններ զորատեսակների համար:
Գործնական պարապմունքները կրում են ուսուցողական բնույթ և բարձրացնում սաների մարտունակությունը:

----------------

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ավարտական կուրսի սաների ռազմամասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբեր ամսից իրականացնում է այցելություններ հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներասակրավորային, մոտոհրաձգային և տանկային, սպառազինության և տեխնիկայի վերանորոգման զորամասեր:
Ճանաչողական այցելությունների ընթացքում սաներն ամրապնդում են ուսումնական պարապմունքների ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները: Նմանատիպ այցելությունները կրելու են շարունակական բնույթ, քանի որ վարժարանը խիստ կարևորում է սաների՝ մասնագիտական կողմնորոշման հարցում նմանատիպ համագործակցության դերն ու նշանակությունը:

28-11-16
Ս.թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ Կենտրոնական բանկը կազմակերպել էր այցելություն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմի hամար: Այցելության ընթացքում անձնակազմին ներկայացրեցին Կենտրոնական բանկի ստեղծման և դրամաշրջանառության տարբեր ժամանակների պատմությունը, բանկային, վճարահաշվարկային, ֆինանսավարկային համակարգերի, շուկայական գործառնությունները, դրանցից ճիշտ և գրագետ օգտվելու կանոնները:
Ջերմ ընդունելության ավարտին մատուցվեց ճաշ, ապա բանկի կողմից հանձնվեցին նվերներ:

Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օտար լեզուների մեթոդմիավորումը կազմակերպել էր դաս-միջոցառում՝ ֆուտբոլ թեմայով։ Սաները վարժարանում ուսումնասիրվող օտար լեզուներով ներկայացրեցին Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլ խաղի կանոնները և հնարավորություն ունեցան իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում։
Նույն օրը կազմակերպվել էր նաև ֆուտբոլային մրցաշար, որի ընթացքում թիմի անդամները խաղի ընթացքում պետք է հաղորդակցվեին միայն օտար լեզուներով։ Ֆուտբոլային մրցաշարում հաղթած թիմի անդամները վարժարանի ուսումնական մասի պետի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, մյուս թիմերը պարգևատրվեցին շնորհակալագրերով՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

25-11-16
Ս.թ. նոյեմբերի 25-ին լրացավ ՀՀ և Արցախի հերոս «Մարտական խաչ» և «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետ Մոնթե Մելքոնյանի 59-րդ ամյակը: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու հերոսի շիրիմին:
Միջոցառումների շրջանակը շարունակվեց վարժարանի ակումբում`օտար լեզունեի մեթոդմիավորման կողմից կազմակերպված ցերեկույթով, ապա Մոնթեի մասին ֆիլմերի ցուցադրումներով:

15-11-16
Ս.թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտի սաներն սպաների ուղեկցությամբ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Սաները շրջեցին նստավայրի տարբեր սրահներով, տեսաֆիլմի միջոցով ծանոթացան կառույցին, անցկացվող միջոցառումների, հանդիպումների կազմակերպման մանրամասներին:
Հանդիպման վերջում սաները նշումներ կատարեցին իրենց տրված հարցաթերթերում և ստացան օրն ամփոփող հուշանկարներով կրիչներ:

15-11-16
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Հանդիսության ընթացքում տեղի է ունեցել նաև վարժարանի առաջին կուրսի սաների խոստման հանդիսավոր արարողությունը: Մոնթեականների շարքերը համալրած 57 պատանիներ միասնաբար երդվել են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպաններ, լինել ազնիվ ու կարգապահ, վարժարանում ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի պաշտպանության:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը համառոտ անդրադարձել է ռազմաուսումնական հաստատության կազմավորմանը և անցած ուղուն: Ներկայացնելով անցած տարիների ձեռքբերումները` Վ. Ոսկանյանը շեշտել է, որ 2007 թվականից մինչ օրս անցկացված միջազգային տարբեր հավաք-մրցումներին և օլիմպիադաներին վարժարանի սաները արժանացել են ավելի քան երեք տասնյակ ոսկյա, արծաթյա և բրոնզե մեդալների` ամենուր բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը:
Շնորհավորելով վարժարանի առաջին կուրսի սաներին խոստման և ուսումնական հաստատության կազմավորման տարեդարձի կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է երիտասարդության հայրենասիրական դաստիրակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու այդ համատեքստում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դերն ու ստանձնած առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը հորդորել է մոնթեականներին, ովքեր մշտապես առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով, անել ամեն ինչ գիտելիքների մակարդակը հետևողականորեն բարձրացնելու համար: Առավել ևս, որ վարժարանում ուսանելու տարիներին ձեռք բերված գիտելիքները կարող են նրանց օգնության հասնել ցանկացած իրավիճակում` լինի դա զինվորական ծառայության ընթացքում, թե առօրյա քաղաքացիական կյանքում:
Հանդիսավոր արարողության ավարտին վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ խրախուսվել են պաշտպանության նախարարի և վարժարանի պետի հրամաններով: Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվել է վարժարանի լավագույն կուրսանտին:

05-11-16
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ և 3-րդ կուրսի սաները պետի ուսումնական գծով տեղակալ, փոխգնդապետ Կ.Ավագյանի ուղեկցությամբ, ռազմամասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում, 2016 նոյեմբերի 5-ին այցելեցին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադ, որտեղ մասնակցեցին հետախույզի օրվան նվիրված միջոցառմանը: Ճանաչողական այցելությունները տարբեր զորատեսակներ շարունակական են լինելու: Մեր սաների մասնագիտական ընտրության հարցում նմանատիպ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի:

31-10-16
Ս.թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ակումբում «Ռուսաց լեզու» առարկայի շրանակներում ներկայացվեց գրական միջոցառում՝ նվիրված 20-րդ դարի պոետ Աննա Ախմատովայի կյանքին և ստեղծագործությանը: Ուսուցիչների ղեկավարությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ ուսումնական վաշտերի սաները հանդիսատեսին ներկայացրեցին բանաստեղծություններ և պատառիկներ գրողի կյանքից: Միջոցառմանը ներկա էր վարժարանի ողջ անձնակազմը:

28-10-16
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ փոխգնդապետ Տ. Մելքոնյանի և սպաների ուղեկցությամբ մասնակցեցին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի կազմավորման 60-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Ցերեկույթի ընթացքում հնչեցին մեծարման, շնորհավորանքի և երախտիքի բազում խոսքեր, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված վետերաններին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր: Միջոցառումն ընթացավ ջերմ և երաժշտական մթնոլորտում:

27-10-16
Ս.թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին, 2-րդ և 3-րդ ուսումնական վաշտերի սաները «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների շրջանակներում մանկավարժների և սպաների ուղեկցությամբ այցելեցին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Գտնվել մատենադարանի խորհրդավոր աշխարհում, մոտիկից շփվել հազարամյակների գրավոր մշակութային պատառիկների հետ՝ մեծագույն ձեռքբերում է և յուրաքանչյուր հայի հոգու պարտք: Այս ամենը խիստ կարևորվում է վարժարանում, քանզի այստեղ սովում են սաներ, ովքեր վաղը դառնալու են հայրենիքի պաշտպաններ:

19-10-16
2016. հոկտեմբերի 19-26-ը Երևանում անցկացվեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի նպատակը տարբեր ժողովուրդների թատերական մշակույթների փորձի և գիտելիքների փոխանակումն էր:
Փառատոնի շրջանակում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երրորդ ուսումնական վաշտի 20 սան հանրակրթական առարկաների դասավանդող Ս.Շամյանի հետ ներկա գտնվեցին Երևանի պետական Կամերային երաժշտական թատրոնում կայացած Ստանիսլավ Սոյկա և «Կրակովի երգիչներ» երաժշտական խմբի «Շեքսպիր Ակապելլա» ներկայացմանը:

15-10-16
«Լեռնային պատրաստություն» առարկայի ծրագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 8-ին և 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի սաները սպաների և ուսուցիչներ՝ Մ.Մարտիրոսյանի, Է.Ղազարյանի, Հ.Ղազարյանի ուղեկցությամբ հաղթահարեցին դժվարանցանելի քառագագաթ Արագած լեռան բարձունքը:
Արշավի ընթացքում կարևորեցին բնապահպանական, հայրենասիրական մի շարք արժեքներ:

14-10-16
2016 հոկտեմբերի 14-ին «Հայ գրականություն» առարկայի ծրագրի շրջանակներում իրականացվեց ուղևորություն դեպի գյուղ Օշականի Սուրբ Մեսրոբ Մաշտոց եկեղեցի, ուր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտի սաները սպա-դաստիարակների և ուսուցիչների ուղեկցությամբ խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին Մեսրոբ Մաշտոցի գերեզմանին: Եկեղեցում անձնակազմն իրականացրեց մոմավառություն, ապա սաներն եղան սրբավայրին կից գործող թանգարանում, ծանոթացան թանգարանի սաների ձեռքի ցուցանմուշներին, որից հետո շրջեցին հայոց տառերի եկեղեցամերձ պուրակում:

13-10-16
Ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներեն լեզու ուսումնասիրող մի խումբ սաներ հանրակրթական առարկաների դասավանդող Ա. Հարությունյանի հետ այցելեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում ցուցադրված «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Գյոթե-ինստիտուտը: Այնուհետև սաները դիտեցին «Մոխրոտիկ» ֆիլմը, որի նպատակն էր բարելավել սաների գերմաներենի իմացության մակարդակը:

12-10-16
Ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Պատմաշխարհագրական» առարկաների մեթոդմիավորման տարեկան պլանի համաձայն 2-րդ ուսումնական վաշտի սաներն ուսուցիչների և սպաների ուղեկցությամբ այցելեցին «Էրեբունի» պատմամշակութային թանգարան: Այցելության ընթացքում անձնակազմը ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին, եղան միջնաբերդում, շրջեցին թանգարանի ողջ տարածքում:

11-10-16
Ս.թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտի սաները «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանի նախաձեռնությամբ այցելեցին Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի ԱԻՆ օդերևութաբանական կայան: Կայանում սաները գործնականորեն ծանոթացան օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման և քամու արագության փոփոխություններին: Մեկուկեսժամյա գործնական պարապմունքից հետո սաները տպավորված վերադարձան վարժարան:

05-10-16
Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի միջազգային օրը նշվեց նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որտեղ աշխույժ և տոնական մթնոլորտ էր: Վարժարանի անձնակազմը վարժարանի պետ, գնդապետ Վ.Ոսկանյանի գլխավորությամբ շնորհավորեցին մանկավարժներին տոնի առթիվ՝ նշելով, որ անգնահատելի է ուսուցչի դերը սերունդների դաստիարակման և մարդ կերտելու գործում: Նույն օրը վարժարանի ակումբում սաների, «Ֆորս» պարային համույթի, վարժարանի նվագախմբի ավագ երաժիշտ-հրահանգիչ Հայկ Իգնատյանի և նվագախմբի երաժիշտ Գարիկ Հովհաննիսյանի գեղեցիկ ելույթներն ամբողջացրին օրվա խորհուրդը:

---------------------------------------------------
04-10-16
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ավարտական վաշտի սաները մանկավարժների և սպայական անձնակազմի հետ «Ֆիզիկա» առարկայի շրջանակներում այցելեցին Բյուրականի աստղադիտարան, ուր ավագ գիտաշխատողներ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կամո Գրիգորյանի և Գաբրիել Օհանյանի ուղեկցությամբ շրջեցին աստղադիտարանի մասնաշենքերում, եղան համաշխարհային մեծություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքի և գործունեության մանրամասներին:

-------------------------------------------
01-10-16
Հոկտեմբերի 1-ին վարժարանի գերմաներեն լեզու ուսումնասիրող մի խումբ սաներ հանրակրթական առարկաների դասավանդող Ա. Հարությունյանի հետ այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցավ Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը: Այն 2012 թվականից ճամփորդել է ամբողջ աշխարհով և այս պահին արդեն գտնվում է Հովհաննես Թումանյանի թանգարանում: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը Գյոթե-ինստիտուտի նվերն է Հ. Թումանյանի թանգարանին, և բացման հետ միասին տեղի ունեցավ հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը:

------------------------------
26-09-16
Ս.թ. սեպտեմբերի 26-ին վարժարանի գերմաներեն լեզու ուսումնասիրող մի խումբ սաներ հանրակրթական առարկաների դասավանդող Ա. Հարությունյանի հետ ներկա գտնվեցին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված «Բարի գալուստ Լեզուների եվրոպական օր» միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը, որն իր խոսքում ընդգծեց լեզուների բազմազանության պահպանման կարևորությունը՝ նկատի ունենալով նաև ոչ լայն կիրառություն ունեցող լեզուները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց Եվրախորհրդի գործունեության, նպատակների և նվաճումների մասին պատմող ֆիլմ:
Նույն օրը սաները ներկա գտնվեցին նաև շվեյցարացի ռեժիսոր Ալեն Գսպոների մրցանակակիր «Հայդի» ֆիլմի ցուցադրությանը ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը: Ֆիլմը ցուցադրվեց բնօրինակով՝ շվեցարական գերմաներենով և հայերեն ենթագրերով: Ֆիլմը նկարահանված է համանուն նովելի մոտիվներով, որի հեղինակն է շվեյցարացի գրող, մանկական նովելների հեղինակ Յոհաննա Սփիրին, ում «Հայդի» գիրքը հանրային մեծ ճանաչում բերեց:

------------------------------------------
21-09-16
ՀՀ Անկախության քառորդ դարին նվիրված հանդիսավոր ռազմական շքերթին իրենց փայլուն շարաերթով անմասն չմնացին նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահար-սաները՝ վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ: Իրենց շարային կեցվածքի և պատրաստվածության շնորհիվ այս անգամ էլ վարժարանի սաները պատիվ ունեցան բացելու 25-ամյա անկախ Հայաստանի փառահեղ զորահանդեսը:

------------------------------------------
19-09-16
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մանկավարժների և սպաների ուղեկցությամբ, ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 19-ին ներկա գտնվեցին ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմը պատմում է մարդկային արժեքների, սիրո, ընկերության և հայրենասիրության մասին: Հերոսների ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմը:

------------------------------------------
09-07-16
2016թ. հուլիսի 7-ին հանդիսավոր պայմաններում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին հանձնվեցին միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատները, կրծքանշանները, ուսումնառության տարիների լուսանկարներով սկավառակներն ու «Մտքի ալիքներ» գիրքը, ուր ամփոփված են սաների հուշերը, անկեղծ մտքերը, երազանքները:

---------------------------------------------
12-06-16
23 տարի առաջ ԼՂՀ Աղդամի շրջանի Մարզիլու գյուղում թշնամու արկից զոհվեց Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը: Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը վաղ առավոտյան այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և խնկարկեցին նվիրյալի շիրիմին:

-------------------------------
02-06-16
Հունիսի 2-ին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկնարկեց 2015-2016 ուստարվա պետական ավարտական քննությունները: ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թվով 69 շրջանավարտ կմասնակցեն պետական ավարտական և միասնական քննություններին: Հաջողություն մաղթենք սաներին:

--------------------------------
01-06-16
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտշանության միջազգային օրը, վարժարանում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Ավարտական վաշտի մի խումբ շրջանավարտներ մասնակցեցին Աջափնյակ համայնքում տեղի ունեցած միջոցառմանը, ուր հանդիսատեսին ներկայացրին իրենց ավարտական վալսը, իսկ 3-րդ և 4-րդ դասակների սաները, դասղեկներ Ա. Հարությունյանի և Է. Ղազարյանի հետ իրենց օրն ամփոփեցին Դավիթաշեն համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելությամբ:

Հունիսի 1-ին վարժարանի 1-ին և 3-րդ վաշտերի սաները մեկնեցին ճամբարային ելքի, որը վարժարանի ուսումնական պլանով նախատեսված հերթական գործընթացն է և ամփոփում է ուստարվա ընթացքում սաների ձեռք բերած գիտելիքները:

---------------------------------
Մայիսի 9-ից 20-ը ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հանրակրթական առարկաների դասավանդող Սոֆիա Ալեքսանդրի Շամյանը գործուղվել էր ԳԴՀ Գարմիշ-Պարտենկիրխեն` վերապատրաստման դասընթացների: Վերապատրաստումը միտված էր անգլերեն լեզվի` բանավոր և գրավոր խոսքի ուսուցման դասավանդման մեթոդների կատարելագործմանը ռազմական կրթօջախների սան-ուսանողների համար, որին մասնակցում էին ութ երկրների ինը ներկայացուցիչ:

---------------------------------
27-05-16
Մայիսի 27-ին հանրապետության դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը։ Այդ օրը տոնական էր նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Ուսումնառության երեք տարիների ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները սերտել են ինչպես հանրակրթական առարկաները, այնպես էլ ապագա զինվորականի համար շատ կարևոր ռազմական գործի գաղտնիքները։ Ամենակարևորն էլ այն է, որ գիտեն՝ ինչ ասել է կարգապահություն, համարձակություն, անձնազոհություն, ընկերասիրություն և հայրենասիրություն։ Վարժարանի սաներն ընտրել են չափազանց պատասխանատու, բայց միևնույն ժամանակ անչափ պատվաբեր կյանքի ուղի։
Շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, վետերաններ, վարժարանի սաների ծնողներն ու հարազատները։ Իրենց ելույթներում վարժարանի սաները երախտագիտության խոսք ասացին սպայական և ուսուցչական կազմերին։ Խոստանալով, որ կարդարացնեն վարժարանի սանը լինելու պատիվը, մոնթեականները շեշտեցին, որ իրենց սիրելի մանկավարժներն ու սպաներն են հավատ ներշնչել, օգնել կայանալ որպես հայրենիքին պիտանի քաղաքացի և անհատ։
Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները: Ավարտական վալսն էլ պարելուց հետո վերջին զանգը հնչեցնելու պատիվը տրվեց կուրսանտ Մատինյանին, ում նաև ամրակցված է Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը։
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտները Հայաստանի որ անկյունում և որ զորամասում էլ շարունակեն իրենց ծառայությունը, մշտապես բարձր կպահեն Մոնթեականի պատիվը։ Կանաչ ճանապարհ և խաղաղ ապագա ձեզ, սիրելի՛ Մոնթեականներ։

---------------------------------------------
09-05-16
Մայիսի 9-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները «Հաղթանակ» զբոսայգում մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման հաղթանակներին նվիրված հանդիսավոր քայլերթին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ազատամարտիկներ, պատերազմի մասնակիցներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, սովորական քաղաքացիներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Անհայտ զինվորի գերեզմանին՝ ծաղիկներ խոնարհելով շիրմաքարին:

-------------------------------------------
02-05-16
Ս.թ. մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մի շարք սովորողներ խրախուսվեցին առարկայական օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներից երկուսը՝ 3-րդ ուսումնական վաշտից Ալիկ Մազմանյանը և Սահակ Սահակյանը, ևս արժանացան դիպլոմների: Ընդ որում քաղաքապետ Տ.Մարգարյանի անունից սան Մազմանյանին շնորհվեց 1-ին կարգի դիպլոմ: Ամփոփելով միջոցառումը փոխքաղաքապետ Ա.Սուքիասյանը մաղթեց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ ուսման մեջ:

-------------------------------------------
23-04-16
Ս.թ. ապրիլի 23-ին Ցեղասպանության 101 ամյակի միջոցառումների շրջանակներում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի սաները «Լեռնային պատրաստություն» առարկայի դասավանդող Մ.Մարտիրոսյանի և 3-րդ դասակի հրամանատար-դաստիարակ կապիտան Ս.Թորոսյանի հետ հաղթահարեցին 2528 մ. բարձրությամբ Հատիս /Շամիրամ/ լեռան բարձունքը:

-----------------------------------------
Ապրիլի 26-ին և 27-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, ովքեր հետևել են Ազգային ժողովի քառօրյա նիստերին:
Բաց դասը վարել են ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նրանք ռազմամարզական վարժարանի սաներին ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, կազմը, օրենսդիր և ներկայացուցչական գործունեությունը, խոսել վարժարանի սաների մասնագիտական ընտրության մասին՝ կարևորելով հայրենասեր, գրագետ զինվորականների դերը հայոց բանակի և մեր պետության կայացման գործում:
Հանդիպման ավարտին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Ազգային ժողովում լուսանկարվել են պատգամավորների հետ:

------------------------------------------
«Կանայք՝ Հայրենիքի ծառայությանը» ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա գիտական ֆորումի 2016թ. մրցույթին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններից ընդգրկվել էին 4 մասնակից: Մրցույթի արդյունքում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ կուրսի սան Էլի Մարգարյանը իր «Մեծանուն կանայք իմ Հայրենիքի պատմության մեջ» թեմայով գիտական աշխատությամբ զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը և պարգևատրվեց պատվոգիրով: Այդ կապակցությամբ ս.թ. ապրիլի 18-ին վարժարանում առավոտյան տողանի ժամանակ հանդիսավոր կերպով շնորհավորեցին սանին, ինչպես նաև պատվոգրեր հանձնվեցին հանրակրթական առարկաների դասավանդողներ Սուսաննա Պետրոսյանին, Մարիետտա Մանուկյանին և Էռնեստ Շաբոյանին գիտական աշխատության նախապատրաստական աշխատանքները ղեկավարելու համար:

------------------------------------------------
Ս.թ. ապրիլի 20-22-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա էքսպո 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին արդեն որերորդ տարին է մասնակցում է նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Եռօրյա ցուցահանդեսում ներկայացվեցին վարժարանի առօրյան, կրթակարգը, ձեռքբերումներն ու նվաճումները, որոնք կարող են խթան հանդիսանալ՝ վարժարանը հանրությանն էլ ավելի մատչելի ներկայացնելու համար:

------------------------------------------------
19-04-16
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ս. թ. ապրիլի 19-ին «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանը սաների մասնակցությամբ իրականացրեց միջոցառում, որի նպատակն էր ծանոթացնել Ճապոնիայի մշակույթին և տնտեսությանը: Ցերեկույթին ներկա էին «Յունիվեր» լեզվի կենտրոնի դասախոս Հասմիկ Գասպարյանը՝ իր ուսանողների հետ, ովքեր նույնպես իրենց մասնակցությամբ ամբողջացրին միջոցառումը:

--------------------------------------------
15-04-16
ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ մասնակցեցին 2015-2016 ուստարվա առարկայական օլիմպիադաներին:
Հաղթողներ ունեցանք թե' քաղաքային, և թե' հանրապետական փուլերում:
«Աշխարհագրություն» առարկայի քաղաքային փուլում 3-րդ ուսումնական վաշտի սաներ Ալիկ Մազմանյանը և Սահակ Սահակյանը, հավաքելով բարձր միավորներ, արժանացան 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների /ուսուցչուհի Հ. Ղազարյան/, իսկ «Գերմաներեն» առարկայի քաղաքային փուլը հաղթահարած և օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 2-րդ ուսումնական վաշտի սան Զավեն Ասրյանը արժանացավ գովասանագրի/ուսուցչուհի Ա. Հարությունյան/:
Հուսանք, որ այս սաների հաջողությունները խթան կհանդիսանան հաջորդ ուստարում առարկայական օլիմպիադաներին մեծ թվով սաների մասնակցության և հաղթանակի համար:
--------------------------------------------
14.04.16
Ս.թ. ապրիլի 14-ին Ա.Նավասարդյանի անվան N196 հիմնական դպրոցում տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 02-ից 05-ը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններում թեժ մարտերի ժամանակ արիաբար զոհված զինծառայողների հիշատակին նվիրված «Արիության դաս» , որին մասնակցել են ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը և սաներ:
Ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Ա.Նավասարդյանը, պատմության ուսուցիչը և ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հանրակրթական առարկաների դասավանդող Է.Շաբոյանը:

--------------------------------------------
21-02-16
Համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 1999թ. նոյեմբերի որոշման՝ փետրվարի 21-ը հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր, որը նշում են աշխարհի բոլոր ժողովուրդները:
Մայրենիի օրը Հայաստանում լեզվապահպանման շրջանակներում յուրահատուկ խորհուրդ է ստացել: Այն իրականացվում է Օշականի սրբավայրում, որտեղ ամփոփված է Մեսրոպ Մաշտոցը:
Ս.թ. փետրվարի 21-ը եկեղեցուն կից դպրատանն իրականացվեց գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 30 սաներ՝ սպաների և ուսուցիչների ուղեկցությամբ, ովքեր ասմունքեցին իրենց նախընտրած գրողի ստեղծագործությունները:

---------------------------------------------

19-02-16
Ս.թ. փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրը, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան էին հյուրընկալվել Հայաստանում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդներ, ԳՄՌԿ ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք, ովքեր վարժարանին նվիրեցին շուրջ 210 անուն գիրք: Դասագրքերի և ուսումնամեթոդական գրականության փաթեթների հանդիսավոր արարողությունն անցկացվեց վարժարանի գեղեցիկ կահավորված գրադարանում: Հյուրերը նշեցին, որ նման ընծաները ևս մեկ առիթ են վարժարանի գրադարանը համալրելու համար: ԳՄՌԿ տնօրենի տեղակալ Ա.Բիչենովը շնորհակալություն հայտնեց վարժարանում ռուսաց լեզվի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար՝ նշելով, որ ռուսաց լեզվի ուսուցումը արդիական է Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:
Վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի դեսպանատան ու ԳՄՌԿ-ին՝ ռուսաց լեզվի ուսումնասիրման գործընթացում աջակցություն ցուցաբերելու մեջ:

---------------------------------------------
25-02-16
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքի թիմային հաշվարկով գլխավոր մրցանակակիրներին` ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Կրթօջախի սաներն արդեն երրորդ անգամն են լավագույնը ճանաչվում միջազգային այս մրցույթ-հավաքում:
Ողջունելով վարժարանի ղեկավարությանն ու շնորհավորելով մոնթեականներին սաներին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ մրցույթին մասնակցող 42 հավաքականների շարքում լավագույնի կոչմանն արժանանալը վկայում է կրթահամալիրում առկա ուսուցման բարձր որակի և ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ կարևորել և արժևորել է վարժարանի ղեկավար կազմի և ուսուցչական կոլեկտիվի դերակատարությունը հաղթանակի կռման գործում, նշել է, որ մրցանակային առաջին տեղը արդյունք է նաև նրանց կողմից ցուցաբերած հետևողական և բարեխիղճ աշխատանքի:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ազգային բանակի և մասնավորապես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող կրթական հաստատության վարկանիշի բարձրացման գործում ներդրած ավանդի համար՝ Սեյրան Օհանյանը մոնթեականներին խրախուսել է արժեքավոր նվերներով:

--------------------------------------------
27-01-16
Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի սան Գարիկ Մատինյանը փոխգնդապետ Կ. Ավագյանի և Է. Շաբոյանի հետ ներկայացել էին Հայաստանի «Հանրապետական կուսակցության» գրասենյակ, ուր ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների սաների միջև տեղի էր ունենում մրցույթ-վիկտորինա: Մրցույթի կարգում այս տարի տեղի էր ունեցել փոփոխություն: Ուսումնական հաստատությունը ինքն էր ներկայացնում իր լավագույն սանին, ով աչքի է ընկել ոչ միայն իր օրինակելի կարգապահությամբ ու բարձր առաջադիմությամբ, այլև վարժարանում ձեռք բերած հարուստ գիտելիքների պաշարով և մտքի ճկունությամբ:
Երևանի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյանը սան Գարիկ Մատինյանին պարգևատրեց «Անդրանիկ Մարգարյան» անվանական կրթաթոշակով և հանձնեց հավաստագիր:
Նշենք նաև, որ վարժարանի պետի հրամանով սանին է ամրակցված Մոնթե Մելքոնյանի անվանական մարտական ինքնաձիգը:
Ուրախությամբ հավելենք, որ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Տիգրան Ղազարյանը, ով մեր վարժարանի շրջանավարտ է, պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակով:

--------------------------------------------
25-01-16
Ս.թ. հունվարի 25-ին Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը շնորհավորելու նպատակով ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան էին հյուրընկալվել ԵՊՃՇՀ-ի ուսանողներ՝ բեմադրող-խմբավար ՀՀ ժողովրդական արտիստ Ռ.Խոսրոևի գլխավորությամբ: Բեմադրվեց «Հրադադար» ներկայացումը:
Տոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին հունվարի 28-ին: Վարժարան էին այցելել Դավիթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, ԵԿՄ-ի անդամներ: Շնորհավորական ելույթներից հետո փոխգնդապետ Կ. Ավագյանը և 2-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի հրամանատար Դ. Պողոսյանը ԵԿՄ-ի կողմից պարգևատրվեցին մեդալներով, իսկ մի խումբ սաներ՝ պատվոգրերով: Միջոցառման ավարտին համերգային ծրագրով հանդես եկան հայ էստրադայի երգիչներ:
Միջոցառումների շարքը եզրափակեց հունվարի 30-ին հայոց և օտար լեզուների ուսուցիչներ Ա. Անանյանի, Լ. Լուլուկյանի, Ա. Հարությունյանի, Ս. Շամյանի կողմից կազմակերպված «Պատիվ ունեմ» խորագիրը կրող ցերեկույթը: Հուզիչ տեսարանները, գեղեցիկ ասմունքը, ուրախ երգն ու պարը, վարժարանային կյանքի ակնթարթները հաճելի հիշողություններ արթնացրեցին բոլորի սրտերում: Իրենց խոսքն ու գործը մեկտեղելով՝ ավարտական վաշտի սաները ջանք ու եռանդ չէին խնայել՝ օրը կատարյալ ու հիշարժան դարձնելու համար:

---------------------------------------------
20-01-16
Սույն թվականի հունվարի 20-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սաները պատասխանատու սպաների հետ մասնակցեցին Դավիթաշենում և Զովունի գյուղում կանգնեցված Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողների, ինչպես նաև եկեղեցիների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին:
----------------------------------------------

11-12-15
Ս.թ. դեկտեմբերի 11-ին վարժարանի «Գերմաներեն լեզու» ուսումնասիրող մի խումբ սաներ հանրակրթական առարկաների դասավանդող Ա. Հարությունյանի հետ ներկա գտնվեցին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցած միջոցառմանը՝ նվիրված Սուրբ ծննդյան տոներին: Ներկայացումն ուսուցողական էր, որը միտված էր բարելավել աշակերտների գերմաներենի իմացությունը:

----------------------------------------------
03-12-15

Ս.թ. դեկտեմբերի 03-ին Ցեղասպանության թանգարանում, Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ԿԳՆ-ի կողմից անցկացված «Հիշում եմ և պահանջում» շարադրության մրցույթում հաղթած ՀՀ հանրակրթական դպրոցների և վարժարանների 15 աշակերտներին պարգևատրելու արարողությունը: Մրցույթում հաղթած 5 լավագույն աշակերտներից մեկը՝ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի 3-րդ դասակի սան Գոռ Հարությունյանն էր, ում շարադրությունից ընթերցվեցին հատվածներ արարողության ժամանակ:
Պարգևատրման արարողության ավարտից հետո մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց շրջել Ցեղասպանության թանգարանում և ծանոթանալ ողբերգական պատմության և մաքառման հերոսական դրվագների պահպանված էջերին:

----------------------------------------------
28-11-15

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 58-րդ տարեդարձի շրջանակներում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում իրականացվեցին մի շարք միջոցառումներ. այդ թվում ս.թ. նոյեմբերի 28-ին 2-րդ ուսումնական վաշտի սաները բարձրացան Արա լեռը: Սաների հետ լեռան բարձունքը հաղթահարեցին նաև վարժարանում իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնող ՀՊՄՀ-ի մի խումբ ուսանողներ: Արշավի վերջում անձնակազմը իրականացրել է մոմավառություն:
Միջոցառումների շրջանակը շարունակական էր: Նոյեմբերի 30-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ուսուցիչներ Ա.Անանյանը և Ս.Նավասարդյանը կազմակերպեցին միջոցառում՝ «Նրան փնտրեք ողջերի երթում» խորագրով՝ նվիրված անմահ հերոսին: Հուզիչ էին թե՛ հերոսի կենդանի կերպարով ու խոսքով համեմված ակնթարթները և թե՛ սաների գեղեցիկ խոսքը:

----------------------------------------------
25-11-2015

Նոյեմբերի 25-ը խորին խորհուրդ ունի իր մեջ: Այսօր կարոտի և հպարտության օր է՝ Հայաստանի և Արցախի ազգային հերոս, հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 58-րդ ամյակը:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմը վաղ առավոտյան այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանց շարքում էին վարժարանին կցագրված Երևանի N196 դպրոցի աշակերտները և ՀՊՄՀ-ի ռազմական հոգեբանության ֆակուլտետի ավարտական կուրսի ավելի քան 15 ուսանողներ, ովքեր մանկավարժական պրակտիկա են անցնում վարժարանում: Անձնակազմը պատվեց և ծաղիկներ խոնարհեց հերոսի շիրիմին, ում կյանքի խորհուրդն ու իմաստը նվիրումն էր:
Հավերժ փա´ռք նրա հիշատակին:

----------------------------------------
14-11-2015

Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարած ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հերթական անգամ տոնական տրամադրություն էր:
Ս.թ. նոյեմբերի 14-ին կրթօջախը տոնեց կազմավորման 22-րդ ամյակը, ինչին ավանդույթ դարձած կարգով ամեն տարի զուգորդվում է 1-ին կուրսի սաների խոստման արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ վարժարանի ուսումնական մասի պետ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը: Նա անդրադարձավ կրթօջախի անցած ուղուն, ամրագրած բազում հաջողություններին և կարևորեց սաների՝ գիտելիքներով զինվելը, ազգի և հայրենիքի նվիրյալ զինվորագրվելը, քանզի գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Կ.Ավագյանը հորդորեց լինել ուժեղ, բայց ոչ դաժան, ազնիվ, արդարամիտ, բայց ոչ խեղճ: Նա վստահեցրեց, որ վարժարանում սաների ուղեկիցն են լինելու ազգային ոգին ու հայրենասիրությունը: Կ.Ավագյանը խոսքն ավարտեց շնորհավորական մաղթանքներով: Տոնական միջոցառման ժամանակ 2-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի սան Գարիկ Մատինյանին՝ իբրև վարժարանի լավագույն սանի ամրակցվեց Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը:

----------------------------------------
07-11-2015

Ս.թ. նոյեմբերի 7-11-ը մեկնարկեց «Ռոլան Բիկովի» անվան մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կինոփառատոնի ավանդական դարձած 7 անվանակարգերին այս տարի ավելացել էր ևս մեկը՝ «Ապագա՝ առանց ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվեցին հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Փառատոնի նպատակն էր իրականացնել տարաբնույթ մշակութային և կրթական ծրագրեր, խրախուսել հայ երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի ճանաչողության բարձրացմանը, ինչպես նաև նպաստել երեխաների և պատանիների անհատականության ձևավորմանը:
Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում է «Ռոլան Բիկով» հիմադրամի և ՀՀ ՊՆ միջև ստեղծված համագործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել է «Պատիվ ունեմ» անվանակարգը: Փառատոնի ինչպես բացման, այնպես էլ փակման արարողությանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա էին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, ովքեր բեմ բարձրանալով՝ կատարեցին ՀՀ օրհներգը:
«Ռոլան Բիկով» հիմադրամի և վարժարանի միջև ստեղծված սերտ համագործակցության արդյունքում վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանի կողմից պատվոգիր շնորհվեց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանին:

----------------------------------------
07-11-2015

Սույն թվականի նոյեմբերի 7-ին, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էր Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Էկոլոգիայի և կայուն զարգացման» ամբիոնի վարիչ, ՀՀ-ում ՄԱԿ-ի փորձագետ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը: Վերջինս ներկայացավ հետաքրքիր դասախոսությամբ, որը նվիրված էր ՀՀ-ի բնապահպանական համամոլորակային հիմնախնդիրներին: Հյուրը տեսանյութի միջոցով ներկայացրեց իր հեղինակային հետազոտություններն ու խոսեց դրանց արդյունքների մասին: Դասախոսությունն ընթացավ հետաքրքիր քննարկումներով և պարզաբանումներով:

----------------------------------------
12-10-2015

Ս. թ. հոկտեմբերի 7-ին մեկնարկեց բանաստեղծ Ս.Եսենինի 120-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՆ-ի և Երևանում գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի կողմից, որին մասնակցեցին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի սան՝ Կարեն Արմանի Վարդանյանը և 2-րդ ուսումնական վաշտի 1-ին դասակի սան՝ Վահե Վալերիի Բուդաղյանը:
Սան Կ.Ա.Վարդանյանը անցավ մրցույթի հանրապետական փուլ, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 12-ին: Մրցույթին այս փուլին մասնակցում էին հանրապետության հիմնական և ավագ դպրոցների շուրջ 41 աշակերտ:
Հանրապետական փուլի արդյունքներով 15 մասնակից, այդ թվում՝ սան Կ.Վարդանյանը արժանացան դիպլոմների, ավարտին մասնակիցներին նվիրեցին գրքեր:

----------------------------------------
12-10-2015

Ս. թ. հոկտեմբեր ամսին մեկնարկեց «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի Երևան 2797» միջոցառումների շարքը: Տոնական շքերթին հերթական անգամ իր մասնակցությունն ունեցավ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը:
Տարին համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ուստի տոնական ծրագրում ընդգրկվել էին նաև տարելիցի ոգուն համահունչ միջոցառումներ:
«Էրեբունի Երևան» առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր հիմնադրման 2750-րդ տարեդարձը:

----------------------------------------
08-10-2015

Ս. թ. հոկտեմբերի 1-ից 8-ը Երևանում անցկացվեց «Զգացողությունների թանգարան» խորագրով «Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը: Համանուն վերնագիր ունեցող ներկայացմամբ էլ տրվեց մեկնարկը:
Փառատոնի մի շարք միջոցառումներին մասնակցեցին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Օտար լեզուների» մեթոդմիավորման կազմը և մի խումբ սաներ, ինչի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան մնջախաղի միջոցով դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, կրկեսային ցուցադրություններ, ինչպես նաև առանձին ծրագիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնի ընթացքում Հայաստան էին ժամանել մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր:

----------------------------------
2015-06-26

Ս.թ. հունիսի 23-ից 26-ը ՀՀ մայրաքաղաք Երևան այցելեց «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական հավաքի ՌԴ կազմկոմիտեի առաջապահ խումբը:
Ծաղկաձորի կենտրոնական մարզահամալիրի տեղազննման նկատառումներով` ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանի գլխավորությամբ շրջայց իրականացվեց Ծաղկաձորում, ուր ՀՀ ՊՆ համապատասխան վարչությունների, վարժարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն անցկացրեց հավաքների կազմակերպչական միջոցառումների և պլանավորման աշխատանքների իրականացման հերթական բանակցությունները:
-------------------------------------

2015-06-23

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմի անդամներին, ովքեր այս տարվա փետրվարի 13-ից 22-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային մրցույթ-հավաքին:
Մոնթեականները խրախուսվեցին պատվոգրերով
Վարժարանի սաները վերջին տարիներին մշտապես մասնակցում են երիտասարդների ֆիզիկական դաստիարակությանը և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը միտված միջազգային մրցույթին և պատվով են ներկայացնում Հայաստանն ու ազգային բանակը:
Ողջունելով մոնթեականներին՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորեց նրանց միջազգային մրցույթում արժանապատիվ մասնակցության և մրցանակային երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Հանդիպման ընթացքում «Պատանի հայրենասերներ» մրցույթ-հավաքին մասնակցած մոնթեականներն իրենց առջև դրված խնդիրը պատվով կատարելու համար փոխնախարարի կողմից խրախուսվեցին պատվոգրերով:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը Դավիթ Տոնոյանին ներկայացրեց հավաքի ընթացքն ու այն փորձությունները, որոնք հայ կուրսանտները հաղթահարել են առանց բարդությունների: Ընդգծվեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հայ պատանիներն առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով:
------------------------------------

2015-06-12

Իսկական հայ ու նվիրյալ… Այսպես են ասում միայն ճշմարիտ հայի, իր ազգի նվիրյալ անհատականության մասին: Մարդ, որ մտածում էր ոչ թե իր մասին, այլ ապրում էր իր ժողովրդի լուսավոր ապագայի տեսլականով: Նման փառահեղ անձնավորություն էր Մոնթեն, ում կենսագրական ուրվագիծը վավերացվեց հերոսական ակնթարթներով, ով իր արյունը շաղախեց «մահ իմացյալ անմահություն» գաղափարով մարտնչող քաջերի արյանը:
Ս.թ. հունիսի 12-ին լրացավ Մոնթեի մահվան 22-րդ տարելիցը: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը վաղ առավոտյան այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին և ծաղկադրելու շիրմաքարին:
-------------------------------

2015-06-01

Մինչ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ավարտական վաշտի սաներն ակտիվ մասնակցում են պետական ավարտական և միասնական քննությունների կոնսուլտացիոն պարապմունքներին, 2-րդ և 3-րդ ուսումնական վաշտերի սաները հունիսի 1-ին մեկնեցին «Բաղրամյան» ուսումնական կենտրոն` երկշաբաթյա ճամբարային հավաքի: Վերադարձից հետո սաները կմեկնեն ամառային հանգստի:
-----------------------------

2015-05-29

Երևանում գիտության և մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթին ս.թ. ապրիլի 30-ին մասնակցեցին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտի սաներ Հայկազ Բաշոյանը, Վահե Տարախչյանը և 2-րդ ուսումնական վաշտի սան Գեորգի Մադաթովը:
Մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ մայիսի 29-ին, ուր սաները վերոհիշյալ մրցույթին մասնակցելու համար պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով:
--------------------------------

2015-05-23

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:
Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորը՝ միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղին՝ նոր փորձություններով ու մարտահրավերներով:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:
Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:
-------------------------------------

2015-05-20

ՀՀ ազգային ավանդական կարատե-դո «Ֆուդոշին» ասոցիացիայի կողմից կազմակերպված հանրապետական կարատե մրցաշարում, որը նվիրված էր Իշխան Մկրտչյանի հիշատակին, ս.թ. մայիսի 20-ին հանդես եկավ ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը: Անհատական հաշվարկով երեք սան գրավեցին առաջին, երկուսը՝ 2-րդ և երկուսը՝ 3-րդ մրցանակային տեղերը:
-----------------------------------

2015-05-20

Ս.թ. մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության հիշատակի օրը, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմն այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ անմար կրակի շուրջ հարգանքի տուրք մատուցելու հույն ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիր էին այցելել նաև ՀՀ Հունաստանի արտակարգ լիազոր դեսպան Իոանիս Տաղիսը, ՀՀ հույների միության նախագահ Արկադի Խիտարովը, ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամներ, հյուրեր, հոգևորականներ:
Իրականացվեց հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Պոնտոսի հույների անմեղ զոհերի:
--------------------------------------

2015-05-18

Ապրիլի 30-ից մայիսի 10-ը ՌԴ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում անցկացվեց համառուսաստանյան ռազմամարզական կազմակերպությունների և կադետական կորպուսների երիտասարդական կրթական «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» հավաքը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
Հավաքին մասնակցում էր նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ.Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հավաքի ծրագրում ընդգրկված էին 10-ից ավելի սպորտային մարզաձևեր՝ հրաձգություն, երթարշավ, սուսերամարտ, լող, ուժային տեստավորում, արգելագոտու հաղթահարում, ծանրաքարի բարձրացում, փեյնթբոլ, ռազմատակտիկական խաղ, պատմական վիկտորինա և այլն:
Համառուսաստանյան հավաքը թվով 46 թիմերի համար նաև ս.թ. օգոստոսի 15-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո Ծաղկաձորում անցկացվելիք «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական կրթական հավաքների մասնակիցների ընտրական փուլն էր: Լավագույնը ճանաչված վեց թիմերին, որոնք օգոստոսին կմասնակցեն ծաղկաձորյան հավաքներին, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վ.Ոսկանյանը հանձնեց հավաստագրեր:
-------------------------------

2015-05-06

Ս.թ. մայիսի 6-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել էին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Ուսանողները եկել էին բեմադրելու Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը:
Գեղեցիկ ու հաճելի խոսքը ընկալելի էր սաներին, ովքեր գերված հետևում էին ուսանող-դերասանների խաղին: Բեմադրությունից հետո հնչեցին շնորհակալական խոսքեր և բարեմաղթանքներ:
------------------------------

2015-04-29

Ս.թ. ապրիլի 29-ին Սունդուկյանի անվան թատրոնում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մասնակցեցին պարի միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ նրանք հանդես եկան գեղեցիկ պարով:
Միջոցառման ավարտին քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կ.Մովսեսյանը սաներին հանձնեց շնորհակալագիր և գավաթ՝ «Ազգերի բարեկամություն» համերգ-փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
------------------------------------

2015-04-29

Հայաստանի Հանրապետությունում «Միություն 2015. Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքների անցկացման շրջանակներում ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 10-ը ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի ավան ռազմամարզական վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանը և պետի տեղակալ փոխգնդապետ Կ.Ավագյանը գործուղվեցին Թաթարստանի Հանրապետության քաղաք Կազան՝ միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցների ընտրության և ուղեգրերի պաշտոնական հանձնման արարողությանը մասնակցելու նպատակով:
---------------------------

2015-04-27

Ս.թ. ապրիլի 27-ին «Խնկո-Ապոր» անվան ազգային մանկական գրադարանում իրականացավ «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Գերմանիայում տպագրված «Ուրացված-մոռացվա՞ծ» ժողովածուի շնորհանդեսին: Ներկա էին գրողների միության նախագահ՝ գրքի համահեղինակ Էդ.Միլիտոնյանը, գրողներ, աշակերտներ, գերմանացի հյուրեր, ժողովածուի հեղինակ Գերմանայի Դաշնության գրողների միության անդամ Յուրգեն Յանկովսկին, ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:
Ինչպես արդեն նշվել էր, գիրքն իր մեջ ներառելու է մրցութային կարգով ընտրված լավագույն շարադրությունները: Ինչպես պարզ դարձավ հետագայում, դրանցից մեկը՝ 2-րդ ուսումնական վաշտի սան Սլավիկ Նալբանդյանի շարադրությունը ընդգրկվել էր գրքում:
Շնորհանդեսի ընթացքում աշխատանքներից ընթերցվեցին հատվածներ թե՛ հայերեն, թե՛ գերմաներեն լեզուներով, որից հետո գերմանացի հեղինակը գրքերը նվիրեց սաներին:
--------------------------------

2015-04-27

Ցեղասպանության 100-ամյա միջոցառումների շրջանակներում ապրիլի 27-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ակումբում «Հայոց և ռուսաց լեզուների» մեթոդմիավորումը իրականացրեց Պ.Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ստեղծագործության հիման վրա կազմակերպված բեմադրությունը:
Հուզիչ էին տեսարանները. սաները հանդես եկան դերասանական վարպետությամբ, ինչի վկայությունը դահլիճի՝ երկարահունչ ծափերն էին:
Միջոցառման վերջում մեթոդմիավորման նախագահն ավելացրեց, որ հայը պարտավոր է հիշել, խոնարհվել և երբեք չմոռանալ դարասկզբի եղեռնագործությունը: Այդ են վկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան գարնանածաղիկը և կարգախոսը՝ հիշում եմ և պահանջում:
Ջութակի դյութիչ հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման ավարտը, ինչին հաջորդեց մոմավառությունը:
-------------------------------------

2015-04-25

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմը միացավ սգո երթին:
Արարատահայաց բարձունքի վրա բոցկլտացող անշեջ կրակի շուրջ անթառամ խնկածաղիկների առատություն էր: Անձնակազմը խոսուն լռությամբ հարգանքի տուրքը մատուցեց օրերս սրբադասված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Օրվա խորհուրդը շարունակվեց վարժարանում, ուր դասղեկների հետ համատեղ պատրաստված՝ ցեղասպանությանը նվիրված սրահ-անկյունում սաները խնկարկեցին և մոմավառությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
-------------------------

2015-04-23

Ս.թ. ապրիլի 21-ից 23-ը կայացավ «Կրթություն և կարիերա 2015» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին անմասն չմնաց ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը:
Բացման արարողության ժամանակ վարժարանի սաները ներկայացան ցուցադրական ելույթով, ապա տրամադրված տաղավարում ներկայացրեցին վարժարանի պատմությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները, հետաքրքրվողներին տեղեկացրեցին վարժարանի կրթական բազմաբնույթ ծրագրերին:
-------------------------

2015-04-20

2015թ.-ի ապրիլի 20-ին ՀՊՄՀ-ի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի քիմիկ առաջին կուրսի ուսանողները կազմակերպել էին միջոցառում՝ «Անցյալը չի լռում» խորագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որին ներկա գտնվեցին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
Միջոցառումը շատ բովանդակալից էր, կազմակերպված էր հավուր պատշաճի և անցավ բարձր մակարդակով: Սաները շատ տպավորված էին: Միջոցառման ավարտից հետո սաներն այցելեցին նաև ՀՊՄՀ-ում գործող Խ.Աբովյանի թանգարան:
-------------------------------

2015-04-18

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի՝ ս.թ. ապրիլի 13-ից 17-ը ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցչական անձնակազմը այցելեց վարժարանին կցագրված հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Կազմակերպվեցին հանդիպումներ, ուր ընթերցվեց և քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրը:
------------------------------

2015-04-11

Ս.թ. ապրիլի 11-ին հանրապետությունում հայտարարված շաբաթօրյակին իր մասնակցությունն ունեցավ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը: Մաքրման աշխատանքներ տարվեցին մայրաքաղաքի՝ վարժարանին հատկացված Դավիթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների և «Հաղթանակ» զբոսայգու՝ Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողների շրջակա տարածքներում, ապա սաները մասնակցեցին ծառատունկի:
---------------------------------

2015-04-07

Ս.թ. ապրիլի 7-ին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Գերմաներեն լեզու» ուսումնասիրող մի խումբ սաներ ԵՊՄՀ-ում ներկա գտնվեցին «Բազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում. գերմաներնը՝ որպես 2-րդ օտար լեզու» միջազգային – տարածաշրջանային գիտաժողովին, որին մասնակցում էին նաև օտարերկյա մասնագետներ:
Ելույթ ունեցողները խոսեցին գերմաներենի դրվածքի մասին իրենց երկրներում: Անդրադարձան տարբեր տարածաշրջաններում գերմաներենի տեղի, ուսուցման առանձնահատկությունների, դժվարությունների խնդրին, գերմաներենի՝ որպես երկրորդ, երրորդ օտար լեզվի դասավանդմանը:
---------------------------

2015-04-07

Հերթական անգամ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները փայլեցին իրենց գիտելիքներով:
Ս.թ. մարտի 9-ին 2-րդ ուսումնական վաշտի սան Նարեկ Արշակյանը «ՆԶՊ» առարկայի առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլում ցուցաբերելով տեսական փայլուն գիտելիքներ, արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի:
Ապրիլի 5-ին 1-ին ուսումնական վաշտի սան Սուրեն Դավթյանը ևս մեկ անգամ հաստատեց իր կայուն գիտելիքների իմացությունը «Գերմաներեն լեզու» առարկայից և ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացավ պատվոգրի:
------------------------------

2015-04-07

Ս.թ. ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհու գլխավորությամբ այցելեցին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական կենտրոն: Աշխարհագրության դասաժամերին յուրացրած տեսական նյութը աշխատանքային միջավայրում գործնականորեն ներկայացրեց օդերևույթաբանության առաջավոր մասնագետ Ա.Ավագյանը: Սաներն ականատես եղան, թե ինչպես են արբանյակային կապերի միջոցով նախօրոք կանխատեսվում եղանակային, մթնոլորտային ճնշման տատանումների և օդի ջերմաստիճանի փոփոխությունները:
-------------------

2015-04-04

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի սաները ապրիլ ամսվա ընթացքում հաղթահարեցին ՀՀ Կոտայքի մարզում վեր խոյացող Հատիս լեռան բարձունքը՝ լեռնագագաթը 2528մ, ապա այցելեցին Պողոս-Պետրոս եկեղեցի: Յուրաքանչյուր արշավի ժամանակ լեռնագագաթին սաները վառեցին խարույկ՝ որպես հիշատակի և պահանջատիրության խորհրդանիշ:
Նման այցելություններն ունեն ճանաչողական, գեղագիտական և դաստիարակչական բնույթ:
------------------------

2015-03-27

Պատրանքներից ողբերգություն. Ֆրանսիան և Հայկական հարցը
Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ ներկա գտնվեցին ՀՊՄՀ-ում Օտար լեզուների ֆակուլտետի կողմից կազմակերպած Մարատ Խարազյանի «Պատրանքից ողբերգություն. Ֆրանսիան և Հայկական հարցը» գրքի ներկայացմանը:
-Պատմական իրողության իմացությունը մեզ իրավունք է տալիս լինելու պահանջատեր,-Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում նշեց Օտար լեզուների ֆակուլտետի Ռոմանական ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը:
Վերջինս իր խոսքում կարևորեց միջոցառման անցկացումը՝ վստահեցնելով, որ այն հնարավորություն կտա խորությամբ տիրապետել արդեն 100 տարի խեղաթյուրվող պատմական իրողությանն ու բարձրաձայնել՝ հիշում ենք և պահանջում:
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ֆրանկոֆոն մշակույթի ներկայացուցիչներ:
-----------------------

2015-03-26

Ս.թ. մարտի 27-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան «Օտար լեզուների» մեթոդմիավորման նախաձեռնությամբ հյուրընկալվել էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Գասպարյանը: Նա հանդես եկավ «Հայ ինքնության հակասական ընկալումները միջազգային ասպարեզում» թեմայի զեկույցով: Ն.Գասպարյանը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունները Լորեն Արաբացու՝ արևելյան մշակույթի, թուրքի, արաբի, հայի առանձնահատկությունները բացահայտող փաստավավերագրական գործերի շուրջ, որտեղ հիմնականում ներառված են բրիտանական տեքստեր, փաստաթղթեր, լրտեսական՝ այսօր արդեն ոչ գաղտնի հաշվետվություններ, օտարների կողմից կատարված գիտական հետազոտություններ: Անդրադարձ է կատարվում 1915թ. Հայոց ցեղասպանությանն առնչվող հրատապ խնդիրներին:
Բանախոսը համոզված էր, որ հայը միշտ պիտի պահպանի իր մշակութային արժեքներն ու մայրենին: Զեկույցն ընթացավ բուռն քննարկումներով:
---------------------------

2015-03-26

Ս.թ. մարտի 26-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Պատմաաշխարհագրական» մեթոդմիավորումը վարժարանի ակումբում, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, կազմակերպել էր քննարկում Շ.Նաթալիի «Թուրքերը և մենք» գրքի շուրջ: Մեթոդական միավորման նախագահը մանրամասն ներկայացրեց Նաթալու կյանքը, քաղաքական տեսակետներնն ու մտքերը, ուր նա հանգամանորեն քննում է հայ ժողովրդի պարտությունների պատճառները, թուրքին և նրա հայատյացությունը հիմնավոր դիտարկում է հայրենասեր հայի տեսանկյունից: Քննադատելով օտարին ապավինելու՝ հայի մեջ տիրող մտայնությունը՝ նա պատգամում է. «Քու գործերուն անդավաճան մէկ հոգի կայ, դուն ինքդ ես, քո ուժդ է»: Նաթալին վերլուծելով հայի ազատագրական պայքարում գիտելիքի և խոսելիքի դերը՝ ճշմարտացիորեն եզրակացնում է. «Գրիչն ու լեզուն իրենց ուշը միայն բազուկէն կառնեն», «Մէկ գնդակ հազար թերթի ու ճառի ուժ ունի»:
Ընթերցումն անցավ հետաքրքիր հարցուպատասխանների քննարկումներով:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մեթոդական միավորումը իրականացնում է նաև թեմատիկ կինոդիտումներ՝ «Նեմեսիս», «Արշավիր Շիրակյան», «Ստալինի հայկական արշավը» թեմաներով:
------------------------

2015-03-24

Ս.թ. մարտի 24-ին Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ակումբում «Հայոց և ռուսաց լեզուների» մեթոդմիավորման կողմից իրականացվեց հերթական զեկույցը՝ «Հայոց ցեղասպանության թեման ռուս գրականության մեջ» թեմայով:
Զեկուցողը տվեց «Գենոցիդ» բառի մեկնաբանությունը՝ հավելելով, որ դա միջազգային հանցագործություն է՝ արտահայտված գործողություններով, որոնք կատարվել են ազգի՝ լրիվ ոչնչացման նպատակով: Այնուհետև ներկայացրեց ռուս բանաստեղծներ Ա.Տարկովսկու, Վ.Զվյագինցևայի, Ա.Կուլեբյակինի, Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործությունները, ընթերցվեցին բանաստեղծություններ, հատվածներ «Վանի արձագանքները» գրքից՝ նվիրված հային ու Ցեղասպանությանը:
Զեկույցն ուղեկցվում էր տեսանյութով:
--------------------------------

2015-03-24

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն իմաստավորելու և արժեվորելու, Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցասռումների շրջանակներում ս.թ. մարտի 24-ին յուրաքանչյուր սան դասղեկի ժամին պատրաստեց վեց Անմոռուկ՝ դարձերեսին նշելով իր տվյալները:
-------------------------

2015-03-05

Ճակատագրի աստվածուհիները նրան վերապահել էին մահապարտի խաչը, ով գրեց, թերևս, իր ամենամեծ ստեղծագործությունը՝ արարեց ազգային բանակը, որը դարձավ հայի միասնության խարիսխը: Նա գործեց՝ դարերի պարտքն ու պատասխանատվությունը իր ուսերին առնելով և մեկնեց հավերժություն՝ իր ժողովրդին կտակելով տաղանդավեր գործչի ու նվիրյալ հայորդու կյանքն ու ոգին:
Ս.թ. մարտի 5-ի նախօրեին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը ներկա գտնվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-րդ տարեդարձին նվիրված հուշ-երեկոյին, ուր հնչեցին սպարապետին ձոնված երգեր, բանաստեղծություններ, երեկոյան վարժարանի ակումբում ցուցադրվել է փաստավավերագրական «Սպարապետ» ֆիլմը:
Առավոտյան վարժարանի անձնակազմը ներկա գտնվեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում իրականացվող պատանի երկրապահների հանդիսավոր միտինգին և ոգեկոչման արարողությանը:
Հիշատակի միջոցառումների շարքը շարունակվեց «Եռաբլուր» պանթեոնում, ուր վարժարանի ողջ անձնակազմը խոնարհումով և ծաղկադրումով հարգանքի տուրք մատուցեց սպարապետի շիրմին:
Նույն օրը վարժարանի մի խումբ սաներ անձնակազմի գլխավորությամբ ներկա գտնվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունում Վ.Սարգսյանին նվիրված «Վազգենը» ֆիլմի պրեմիերային: Ինչից հետո տեսանյութերի ցուցադրումը շարունակվեց վարժարանի ակումբում:
---------------------------

2015-02-28

Փետրվարի 24-ին, նախօրոք նշված խորհրդանշական օրը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հայոց և ռուսաց լեզուների» մեթոդմիավորմն իրականացրեց հերթական բաց դաս-զեկուցումը:
Զեկույցի թեման էր «Եղեռնի արձագանքները Սիամանթոյի ստեղծագործության մեջ»: Բովանդակալից ներկայացվեց գրողի կյանքն ու ստեղծագործության ընդհանուր բնութագիրը` ապրած ու ներշնչված կոտորածների տեսարաններով: Նրա գրիչը պատկերեց միայն կոտորած, դրանից ծնված տառապանք, ինչից էլ նա համարվեց կոտորածի և արյան երգիչ: Նա ապրում և տեսնում էր հայերի նկատմամբ իրականացվող բռնությունները, ջարդը և զայրանում էր մեծ պետությունների անտարբերությունից և կեղծ մարդասիրությունից:
Հանձին Սիամանթոյի պոեզիայի` հայ գրականությունը համալրվեց արյան, տառապանքի, ռազմի, պայքարի բանաստեղծություններով:
Զեկույցից հետո մեթոդմիավորման նախագահը ներկայացրեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի «Հիշում եմ և պահանջում» կարգախոսն իմաստավորելու և արժևորելու, անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով, ԿԳՆ-ի կողմից հղված մեթոդական նամակի համաձայն, անց է կացվել շարադրությունների մրցույթ «Հիշում եմ և պահանջում» խորագրով: Արդյունքում, մեկ լավագույն աշխատանք ներկայացվել է մրցույթի հաջորդ փուլ:
-----------------------------------

2015-02-27

Վառեք լեզուս ու կրակը որպես հավերժ մի ցասում,
Լցրե´ք բերանն այն հայերի, որ հայերեն չեն խոսում: Հովհաննես Շիրազ
Մայրենի լեզվի միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հայոց և ռուսաց լեզուների» մեթոդմիավորման անդամներն իրականացրին մի շարք աշխատանքներ` պատի թերթ՝ «Խոսիր հայերեն, խորհիր հայերեն» վերնագրով, բաց դասեր, դաս-միջոցառումներ, ցերեկույթ, ուր նշվեց, որ հատկապես այս օրն առանձնահատուկ վերաբերմունք պետք է դրսևորել մեր ոսկեղեն լեզվի նկատմամբ, չաղավաղել, չմրոտել այն: Այս օրը ևս մեկ անգամ պետք է հիշել հայի անցած ճանապարհը և այդ ճանապարհի հաղթահարման գործում մայրենիի ունեցած անգնահատելի արժեքը, քանզի հայոց այբուբենն աստվածային ուղերձ է համայն մարդկությանը, ուր թաքնագրված են բոլոր գիտությունները: Հայերենն էությունների լեզու է. այն երկնառաք մի հրաշք է: Մայրենի լեզուն հայ ժողովրդի ոգին ու մտածողությունն է: Պատմության քառուղիներում մեր լեզուն ու հավատը միշտ էլ ազգապահպանության դեր են ունեցել և որպես մի կանթեղ՝ լուսավորել են հայի ճանապարհը: Հայոց լեզուն մեր ինքնության առհավատչյան է, որը պետք է դառնա ազգային ինքնապաշտպանության վկայությունը, պիտի մնա հայի հոգու և ոգու թռիչքների կրողն ու աշխարհի տարբեր կողմերում բնակություն հաստատած մեր հայրենակիցների ազգային պատկանելության ու միասնականության արտահայտիչը: Յուրաքանչյուրիս պարտքն է մայրենին պահպանել և այն մաքուր ու անաղարտ փոխանցել սերունդներին:
----------------------

2015-02-27

Մոնթեականները կրկին բարձր արդյունքներ են ցուցաբերել
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը փետրվարի 13-ից 22-ը Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաքին:
Վարժարանի սաները վերջին տարիներին մշտապես մասնակցում են երիտասարդների ֆիզիկական դաստիարակությանը և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը միտված մրցույթին և պատվով են ներկայացնում Հայաստանը և ազգային բանակը:
Փետրվարի 13-ից 22-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» 13-րդ միջազգային հավաքին մասնակցող հայ պատանիները կրկին առանձնացել են բարձր պատրաստվածությամբ, հաղթելու և պայքարելու վճռականությամբ ու անկոտրում կամքով: Հայ պատանիները պատվով հաղթահարել են բոլոր փորձությունները, որոնց թվում էին վարժություններ պտտաձողի վրա, վազքարշավներ, էստաֆետներ, զենքով վարժություններ: Մրցույթի թիմային հաշվարկում մոնթեականները գրավել են երկրորդ տեղը:
Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը վերադարձել է Հայաստան:
------------------

2015-01-29

Ս.թ. հունվարի 29-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ ակումբի պետ ենթասպա Ն.Թովմասյանի ուղեկցությամբ հյուրընկալվել էին Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Միջոցառման բացումը վստահվեց վարժարանի պարախմբին: Սաները գեղեցիկ պարով ու մեծ վարպետությամբ ներկայացան հանդիսատեսին: Համերգի վերջում պարախմբին, «Ազգային բարեկամություն» համերգ-փառատոնում ցուցաբերած բարձր մասնակցության համար, հանձնվեց դիպլոմ:
---------------------------

2015-01-29
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի շրջանակներում ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն իրականացրեց մի շարք միջոցառումներ: Բանակի օրվա նախօրեին կրթօջախ էին հյուրընկալվել Շահումյանի զինկոմիսարիատի ներկայացուցիչներ և Մոնթե Մելքոնյանի անունը կրող հ. 11 դպրոցի սաներ: Վերջիններս գեղարվեստական գեղեցիկ համարներով շնորհավորեցին անձնակազմին Բանակի օրվա կապակցությամբ: Նույն օրը վարժարանի մի խումբ սաներ այցելեցին հ. 81 մանկապարտեզ, ուր ներկա գտնվեցին տոնական միջոցառմանը:
Հունվարի 28-ին միջոցառումների շարքը շարունակվեց Դավիթաշեն համայնքի «Արվեստի պալատի» սաների և երկրապահների միության անդամների այցելությամբ: Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական երգ ու պարով, որն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ. սպայական անձնակազմը պարգևատրվեց հուշամեդալներով, մի խումբ սաներ ստացան պատվոգրեր, իսկ երկրապահներին Արցախյան ազատամարտի մասնակցության համար հանձնվեցին վկայականներ: Նույն օրը մի խումբ սպաներ այցելեցին վարժարանին կցագրված դպրոցներ, ուր ներկա գտնվեցին հանդիսավոր տողանին, ապա անցկացվեցին «Արիության դասեր», որի ժամանակ խոսեցին հայրենիքի և հայրենասիրության, Հայոց բանակի փառապանծ ուղու մասին:
Հունվարի 29-ին վարժարան էին հյուրընկալվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մալու մանկիկ» մանկապարտեզի սաները: Փոքրիկներն իրենց հայրենաշունչ ոգով ներկայացրեցին հայրենասիրական երգեր և մեծ ուրախություն պարգևեցին վարժարանի անձնակազմին: Միջոցառումների շարքն ավարտվեց «Պատմաաշխարհագրական» մեթոդմիավորման կողմից կազմակերպված ցերեկույթով, ուր ներկայացվեց հայոց բանակի ողջ պատմության ընթացքը, այնուհետև իր երգերով հանդես եկավ նաև ցեղակրոն գաղափարախոսության հետևորդ Վարուժան Աղաջանյանը:
------------------------

2015-01-24
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հայոց և ռուսաց լեզուների» մեթոդմիավորման նախաձեռնությամբ հունվարի 24-ին վարժարանի ակումբում իրականացվեց բաց դաս-զեկուցում` «Ճշմարտության պարտադրանքով. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` նշանավոր մարդկանց խոսքը Հայոց ողբերգության մասին» թեմայով: Պատմական ակնարկը վերհուշ էր և պահանջ` «Այլևս երբեք Ցեղասպանություն» կարգախոսով: Նշվեց նաև, որ Հայաստանի գրողների միության և Գերմանիայի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ համատեղ կազմակերպված շարադրությունների մրցույթում վարժարանի 2 սանի աշխատանքները ընդգրկվել են լավագույնների մեջ և ուղարկվել Գերմանիա` տպագրության: Զեկույցից հետո ցուցադրվեց տեսանյութ` «Հայոց ցեղասպանության թաքնված մեղավորները» խորագրով, ապա մեթոդմիավորման նախագահը նշեց, որ բաց դասի անցկացման օրը խորհրդանշական է` 24-ը և կրելու է շարունակական բնույթ` ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի:
------------------------------

2015-01-20
Ս.թ. հունվարի 20-ին լրացավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադրման 40-ամյակը, ինչի կապակցությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպվել էր մեծարման երեկո` նվիրված ԱՍԱԼԱ-ի մարտիկներին: Երեկոյի ընթացքում իրենց հուշերով և մտորումներով կիսվեցին միջոցառման մասնակիցները` հերոսները, հնչեցին հայրենասիրական երգեր: Երեկույթին ներկա էին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, ապաներ, ուսուցիչներ:
------------------------------

2015-01-19
2015 թվականի հունվարի 19-ին լրացավ Սյունիքի մարզում վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի, ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը: Այդ օրը զոհվածների հարազատների, բարձրաստիճան զինվորականների, հոսպիտալների բուժանձնակազմերի հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը` հարգանքի տուրք մատուցելու 2000 թվականին վթարի ենթարկված ուղղաթիռի զոհերի հիշատակին:
------------------------------

2015-01-12
Ս.թ. հունվարի 12-ից, համաձայն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական պլանի, իրականացվում է հերթական ճամբարային հավաքը ‹‹Փամբակ›› ուսումնական կենտրոնում, որը շարունակվելու է մինչև փետրվարի 28-ը:
Լեռնային ուսումնական կենտրոնում անց են կացվում գործնական պարապմունքներ լեռնային, կրակային, ֆիզիկական, ռազմաբժշկական, ինժեներական պատրաստություններից, ռազմական տեղագրությունից և պաշտպանություն զանգվածային խոցման զենքից: Վարժանքների իրականացման նպատակն է գործնականորեն ամրապնդել վարժարանում սովորելու ընթացքում ձեռք բերած գիտելիքները:
Ճամբարային հավաքի վերջում սաները կհանձնեն ստուգարքներ, ուր ֆիզիկական պատրաստվածությամբ, մարտական ունակություններով, ստացած գիտելիքներով աչքի կնկնեն նրանցից շատերը:
Ավարտելով մեկշաբաթյա պարապմունքները` ս.թ հունվարի 19-ին սաները վերադարձել են վարժարան: Նույն օրը ‹‹Փամբակ›› լեռնային ուսումնական կենտրոն մեկնեցին հաջորդ դասակի սաները:
--------------------------


2014-12-25
Ս. թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական ջերմ տրամադրություն էր: Օրը լի էր եղևնու թարմ բույրով:
Վարժարանի ակումբում հայոց, ռուսաց և օտար լեզուների մեթոդմիավորումները համատեղ կազմակերպել էին ամանորյա ինտեգրված միջոցառում: Խորհրդանշական էր միջոցառման սկիզբը. հնչեց ՀՀ հիմնը, ինչն ուղեկցվեց խորհրդապատկերների գեղեցիկ ցուցադրումով, որն էլ շարունակվեց Հանրապետության հրապարակի շքեղ հրավառությամբ: Վարժարանում ուսումնասիրվող 7 լեզուներով սաները ներկայացրեցին լեզվակիր երկրների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Յուրովի էր ներկայացված բեմական ձևավորումը, ինչի անմիջական մասնակիցն էին եղել վարժարանի սաները: Միջոցառման թե՛ բացման, թե՛ փակման ամանորյա շնորհավորական խոսքով հանդես եկան երկու մեթոդմիավորումների նախագահները:
Ամանորյա միջոցառումների շարքը շարունակվեց նաև հաջորդ օրը: Վարժարան էին այցելել մայրաքաղաքի Պետական կրկեսի դերասանները, ովքեր իրենց գեղեցիկ համարներով պարգևեցին սաներին երջանիկ րոպեներ: Միջոցառման ավարտին կրկեսի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին վարժարանի ղեկավարությանը և ուսուցչական անձնակազմին` պատասխանատու և հայրենանվեր գործի համար, շնորհավորեցին ողջ անձնակազմի Ամանորը` մաղթելով ամուր կամք, խաղաղություն և բարեկեցություն:
-------------------------

2014-12-24
Ս.թ. դեկտեմբերի 23-ին պարզ դարձան Հայաստանի գրողների միության և Գերմանիայի Սաքսոնիա-Անհաղթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության համատեղ կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարված շարադրությունների` «Այլևս երբե՛ ք ցեղասպանութ¬յուն» խորագրով մրցույթի արդյունքները, որին մասնակցել էին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2 սան` 1-ին ուսումնական վաշտի սան Գեղամ Կիրակոսյանը և 2-րդ ուսումնական վաշտի սան Սլավիկ Նալբանդյանը: Սաների աշխատանքներն ընդգրկվել են լավագույնների մեջ և ուղարկվել Գերմանիա` տպագրության:
---------------------------------

2014-12-19
Ս.թ. դեկտեմբերի 15-ին ֆրանսիական պատվիրակությունը` ի դեմս Ֆրանսիայի մարդկային ռեսուրսների քաղաքական գրասենյակի գլխավոր շտաբի ցամաքային զորքերի կառավարման ղեկավար մայոր Էտիեննե դը Տանուարուի, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ներկայացուցիչներ Ս.Դավթյանի, Ն.Ավագյանի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Ս.Ալոյանի ուղեկցությամբ այցելել էր ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Հյուրերը վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանի ուղեկցությամբ շրջեցին վարժարանում, ծանոթացան կրթական գործընթացին:
Այցելության նպատակն էր քննարկել Սան Սիեր ռազմական ակադեմիա ընդունելության կարգը, ուսումնական գործընթացը, ընդունելության նախապատրաստվելու, օտարերկրացիների համար ֆրանսերեն լեզվի դասավանդման հիմնական հարցերի շրջանակը: Վերոհիշյալ հարցերի քննարկումը շարունակվեց դեկտեմբերի 16-18-ը ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչությունում և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
----------------------------

2014-12-15
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվեց բաց դաս-միջոցառում «Աշխարհագրություն» առարկայից, որին մասնակցում էին 1-ին ուսումնական վաշտի սաները: Թեման ընտրվել էր համամոլորակային հիմնախնդիրների հիման վրա` «ՀՀ ընդերքի ռեսուրսների շահագործումը և օգտագործումը» Սյունիքի մարզի օրինակով:
Դասը նպատակ ուներ ուսուցանելու և ճանաչելու ՀՀ ընդերքում առաջացած բնապահպանական հիմնախնդիրները և թե ինչպես կանխել դրանց բացասական հետևանքները:
----------------------------

2014-12-12
Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 3-րդ ուսումնական վաշտի մի խումբ սաներ հրավիրվել էին Երևան քաղաքի «Մոսկվայի տուն»` հանրակրթական առարկաների դասավանդող Մ.Մանուկյանի ուղեկցությամբ: Սաները ներկա գտնվեցին Մ.Լերմոնտովի ստեղծագործությունների լավագույն ընթերցանության մրցույթին, որն իրականացվեց քաղաքի հիմնական դպրոցների ռուսական ուղղվածություն ունեցող դասարանների միջև:
Միջոցառումն անցավ բարի ու ջերմ մթնոլորտում: Կրթօջախի սաները, իրենց վարքագծով, արտաքին տեսքով և հայրենիքի ապագա պաշտպանի կեցվածքով, հերթական անգամ ուշադրության կենտրոնում էին:
--------------------------

2014-12-08
Ս.թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Աշխարհագրություն» առարկայից հանձնարարվեցին ռեֆերատներ 1-ին ուսումնական վաշտի բոլոր սաներին` «ՌԴ», «ԱՄՆ», «Թուրքիա», «Ադրբեջան» պետությունների աշխարհագրական բնութագրի վերաբերյալ:
Սաները հանձնեցին ռեֆերատները և ուսուցչուհի Հ.Ղազարյանի նախաձեռնությամբ հետաքրքիր ու բովանդակալից աշխատանքները ներկայացվեցին ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, որից հետո դասախոսական անձնակազմը, բարձր գնահատելով վարժարանի սաների աշխարհագրական մտածողությունը, տրամաբանությունը և դատողությունները, հրավիրեց ԵՊՀ:
Ս.թ. դեկտեմբերի 5-ին, վարժարանի սաներին դիմավորեց ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դասախոսական անձնակազմը` դեկան երկրաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մ.Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմահայրենասիրական ու աշխարհաքաղաքական բնույթի տարբեր հարցեր: Ջերմ ընդունելությունից հետո շրջայցը շարունակվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում գտնվող պատմության թանգարանում: Հետաքրքիր նորություններով հագեցված առօրյայի ավարտից հետո վարժարանի և ԵՊՀ-ի աշխարհագրության ֆակուլտետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել համատեղ միջոցառումներ` համագործակցությունը ամրապնդելու և ամուր կապեր հաստատելու նպատակով:
-------------------------

2014-12-02
Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտը հաղթահարել էր Հատիս լեռան բարձունքը:
Ուսումնական պլանի համաձայն`«Լեռնային պատրաստություն» առարկայի գործնական պարապմունքներն իրականացվեցին նաև 2-րդ ուսումնական վաշտի սաների հետ, ինչը գործնականում ամրապնդում է ձեռք բերած տեսական գիտելիքները և կոփում սաների ամուր ու առողջ կեցվածքը:
------------------------

2014-11-29

Ս.թ. նոյեմբերի 29-ին, վարժարանի ուսումնական պլանի համաձայն և ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում, Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումնական վաշտի սաները դասավանդող Մ.Մարտիրոսյանի և սպայական անձնակազմի ուղեկցությամբ հաղթահարեցին 2595մ բարձրություն ունեցող Հատիս լեռը:
Չնայած առատ ձյան շերտը դժվարացրել էր բարձունքի հաղթահարումը, բայց սաներն իրենց ֆիզիկական և կամային պատրաստվածությամբ հաղթահարեցին բարձունքը և կատարեցին իրենց առջև դրված խնդիրը:
----------------------------------

2014-11-29

Ս.թ. նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի ունեցավ դաս-միջոցառում «Քիմիա» առարկայից` նվիրված անվանի քիմիկոս, նոբելյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Սեմյոնովի կյանքին և գործունեությանը:
Դասին ներկա էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ա. Մանթաշյանը, Ա. Շահինյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քգդ Գ. Դանագուլյանը, ՀՊՄՀ-ի դասախոս, քգթ Ա. Բաբախանյանը, ինչպես նաև` քիմիական գիտությունների թեկնածուներ Վ.Ռստակյանը, Ա. Սահակյանը, Մ. Մովսիսյանը:
Դասի ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան վարժարանի սաները: Ներկայացրեցին Ն. Սեմյոնովի կյանքը և գործունեությունը, որից հետո դիտեցին Ն.Սեմյոնովին նվիրված ֆիլմ: Այնուհետև իրենց եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ա. Մանթաշյանը և Ա. Շահինյանը: Հյուրերը տպավորված էին սաների ակտիվությամբ և «Քիմիա» առարկայի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ: Նմանատիպ հանդիպումները նպաստում են սաների մոտ ինքնուրույն մտքի և խոսքի դրսևորմանը, գիտելիքների գործնական կիրառմանը և ամրապնդմանը:
---------------------------

2014-11-29

Ս.թ. նոյեմբերի 22-ին «Մոսկվայի» տանը մեկնարկեց ռուսաց լեզվի օլիմպիադան` նվիրված Հայրենական մեծ պատերազմի փառահեղ հաղթանակի 70 ամյակին: Շարադրությունների մրցույթին, որը կազմակերպել էր Երևանում գործող Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, մասնակցում էին քաղաքի դպրոցների շուրջ 80 սան, այդ թվում` ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին և 3-րդ ուսումնական վաշտերի թվով 6 սան:
Օլիմպիադայի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել հայ և ռուս ժողովուրդների հերոսական պատմությանը, նրանց դարավոր փոխհարաբերություններին, հայրենիքի համար իրականացրած սխրանքներին, միաժամանակ սեր արթնացրել ռուսաց լեզվի և գրականության նկատմամբ:
Ս.թ. նոյեմբերի 28-ին «Մոսկվայի» տանն ամփոփվեցին մրցույթի արդյունքները, սաներին նվիրեցին Ռուսաստանի պատմությանը նվիրված գրքեր:
-------------------------

2014-11-25

-Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք…
Զորավար Ավոյի ողջյունն է հայ ժողովրդին, որ փորագրված է հուշաքար-աղբյուրին: Այն հագեցնում է պապակած սրտերը, ուժ ու կորով հաղորդում խմողին…
Նա իրական էր, այլ ոչ ժողովրդի երևակայությունից ու ազատասիրությունից ծնված առասպելական հերոս, իրական, ինչպես Գարեգին Նժդեհը, Անդրանիկը… Նա ուներ իր համար ստեղծած հավատի և վավերական նախատիպը: Ավոն Արցախյան պայքարի ամենից ազնիվ ու պատրաստակամ մարդկանցից էր: Նա թրծվեց այդ պայքարում ու անմահացավ:
Շուրջ 21 տարի է, ինչ դադարել է բաբախել մեծ հերոսի, գաղափարական հանճարի տաք ու սիրով լի սիրտը:
Ս.թ. նոյեմբերի 25-ը սպասված և պարտավորեցնող օր է ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմի համար: Օրը սկսվեց անձնակազմի` «Եռաբլուր» պանթեոն այցելությամբ, ուր մոնթեականները խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին մշտարթուն հերոսի հիշատակը հավերժացնող սուրբ շիրիմին:
Օրվա խորհուրդը վարժարանում շարունակվեց պատմություն առարկայի դասավանդող Է. Շաբոյանի կազմակերպած` Մ. Մելքոնյանին նվիրված հուշ-ցերեկույթով: Հուզիչ էին ակնթարթները. Մոնթեն էր խոսում, ու նա էր հիշում… Նրա սրտի ու հոգու խոսքն էր հնչում…
Հավերժ փա´ռք հայկազուն քաջին:
----------------------

2014-11-22

Ինձ մեռնողներ պետք չեն, ինձ ապրողներ ու պայքարողներ են պետք,- այսպես էր մտածում Արցախյան ազատամարտի «Ազգային բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը, ում համար ամենաթանկ երևույթը կամավոր զինվորագրված հայ տղան էր: Նա առաջին իսկ օրերից մասնակցեց ազգային պայքարին, եղավ գրեթե բոլոր ճակատամարտերին:
Ս.թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը ներկա էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հուշ-երեկոյի` նվիրված Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72-րդ տարեդարձին: Հերոսն իր հզոր ոգու, նախաձեռնողի հմտության, գաղափարական հանճարի շնորհիվ բազմաբևեռ անձնավորություն էր: Ազգալդյանի կյանքը ընդհատվեց թշնամու արձակած դավադիր գնդակից: Հավերժ փա´ռք նրա հիշատակին:
--------------------------------

2014-11-21

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 4 սան գերմաներենի ուսուցչուհի Ա.Հարությունյանի հետ մասնակցեցին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված գրական-երաժշտական միջոցառմանը` նվիրված Ավետիք Իսահակյանին:
Միջոցառումը, որը կրում էր «Իսահակյանի խոսքը թարգմանչական արվեստում» խորագիրը, կարելի էր անվանել լեզուների տոն, քանզի Իսահակյանի արվեստը ներկայացվեց 10 լեզուներով: Հնչեցին Իսահակյանի խոսքերի հիման վրա գրված երգեր և ներկայացվեցին ազգագրական պարեր: Նպատակային միջոցառումը, որը կազմակերպվել էր հայ բանաստեղծական մտքի խորության ու լեզվի ճոխության բացահայտմանը, ապացույցն էր այն բանի, որ Իսահակյանն անմահ է, նրա ստեղծագործությունները չեն խամրում նույնիսկ օտար լեզուներով, դեռ ավելին, յուրովի են իմաստավորվում և փայլ ստանում:
----------------------------------

2014-11-21

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ 1-ին ուսումնական վաշտի հրամանատար մայոր Ա.Աղասյանի հետ հերթական անգամ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր:
Սաները շրջեցին նստավայրի տարբեր սրահներով, տեսաֆիլմի միջոցով ծանոթացան կառույցին, անցկացվող միջոցառումների, հանդիպումների կազմակերպման մանրամասներին:
Վարժարանի անձնակազմը հանդիպեց նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանին, ով ներկայացրեց իր աշխատանքային գործունեության կարևորությունը, ճիշտ աշխատանքի կազմակերպումը: Հանդիպման վերջում սաները նշումներ կատարեցին իրենց տրված հարցաթերթերում և ստացան օրն ամփոփող հուշանկարներով կրիչներ:
------------------

2014-11-20

Ս.թ. նոյեմբերի 20-ին, իր կտակի համաձայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության ջանքերով Մայր հայրենիք է տեղափոխվել և «Եռաբլուր» պանթեոնում ամփոփվել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի, ապա Հայաստանի 1-ին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը:
Մեծ նվիրյալի հիշատակին ուղղված միջոցառումների շարքը եզրափակվեց «Ա.Բաբաջանյան» համերգասրահում, ուր ներկայացվեց զորավարի կյանքն ու անցած հերոսական ուղին:
Հուշ-երեկոյին անմասն չմնաց նաև վարժարանի անձնակազմը: Մեծ ֆիդայուն և զինվորականին նվիրված երեկույթն անցավ ջերմ մթնոլորտում:
-------------------------------

2014-11-19

Ս.թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի 2-րդ` համայնքային փուլը, որին մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Նորայր Սարգսյանը և 1-ին ուսումնական վաշտի սան Հարություն Սուքիասյանը:
Արդյունքում, անհատական հաշվարկով, 2-րդ ուսումնական վաշտի սան Նորայր Սարգսյանը 83 մասնակցից ընդգրկվել է լավագույն տասնյակում` զբաղեցնելով 9-րդ տեղը:
----------------------

2014-11-17

Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվեց վարժարանի կազմավորան 21-րդ տարեդարձը: Տոնի շրջանակում տեղի ունեցավ նաև առաջին կուրսի սաների երդման հանդիսավոր արարողությունը:
Վարժարանի նորընծա 82 կուրսանտները միասնաբար երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանդիսավոր խոստմամբ հաստատեցին իրենց այն ձգտումը, որ հետագայում շարունակելու են կրթությունը ռազմական ուսումնական հաստատություններում:
Երդման արարողությունից հետո կուրսանտներին ողջունեց վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Շնորհավորելով սաներին, գնդապետը վստահություն հայտնեց, որ մոնթեականներն այս ուսումնական տարում ևս աչքի կընկնեն գրագիտությամբ ու բարեխիղճ ծառայությամբ:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ուսուցիչներն ու կուրսանտները:
Ռազմամարզական վարժարանի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ կրթօջախի մի շարք ուսուցիչներ ու սաներ խրախուսվեցի պատվոգրերով:
Հանդիսության ավարտին վարժարանի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Տոնական արարողությունը եզրափակվեց վարժարանի սաների հանդիսավոր քայլերթով:
-------------------

2014-11-09

Ս. թ. նոյեմբերի 8-12-ը Երևանում կազմակերպված մանկապատանեկան ֆիլմերի հոբելյանական 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թվով 100 սան «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել են փառատոնի բացման արարողությունը, որից հետո ցուցադրվել է «Պատիվ ունեմ» հայրենասիրական ֆիլմերի անվանակարգում ներառված «Կիսալուսնի ծովածոց» ֆիլմը: Ֆիլմի նպատակն է նպաստել սաների գաղափարական դաստիարակությանը, մարտական ոգու բարձրացմանը:
----------------------

2014-11-07

Ս. թ. նոյեմբերի 7-ին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 1-ին ուսումանական վաշտի սաները, ըստ վարժարանի 2014-2015 ուսումնական տարվա պլանի, այցելել են «Նուբարաշեն» զորավարժադաշտ` հրաձգության գործնական պարապմունքների, որի ընթացքում սաները կատարել են ստուգողական վարժություն զորատեսակների համար:
Հրաձգության ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները, ինչը վկայում է սաների` զենքին տիրապետելու վերաբերյալ ձեռք բերած հմտությունների մասին:
Գործնական պարապմունքները կրում են դաստիարակչական և ուսուցողական բնույթ, բարձրացնում սաների մարտունակությունը:
-----------------------

2014-11-03

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը կազմակերպել էր այցելություն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմի համար:
Այցելության նպատակն էր անձնակազմին ծանոթացնել Կենտրոնական բանկի ստեղծմանը, դրամաշրջանառության տարբեր ժամանակների պատմությանը և իրազեկել բանկային, վճարահաշվարկային, ֆինանսավարկային համակարգերի, շուկայական գործառնությունների, դրանցից ճիշտ և գրագետ օգտվելու մասին: Դասխոսությունների ընթացքում անձնակազմի կողմից տրված բոլոր հարցերը գտան իրենց սպառիչ պատասխանները:
Ջերմ ընդունելության ավարտին մատուցվեց ճաշ, ձեռք բերվեցին բանկի կողմից առաջարկվող հուշանվերներ:
----------------------------

2014-11-01

Ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևան էր ժամանել բազմակի հեղինակային և հայրենասիրական երգերի, «Միություն – 2014. Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքի հիմնի հեղինակ- կատարող Վլադիմիր Մազուրը, ով ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանի հրավերով հյուրընկալվեց վարժարանում:
Ստեղծագործական 23 տարիների ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային և ռուսական փառատոների մրցանակների:
Հոգեթով և ռազմական ոգով գրված երգերը իր հեղինակային կատարմամբ Վ.Մազուրը նվիրեց վարժարանի ողջ անձնակազմին, խոսեց ժողովուրդների և պետությունների բարեկամության, համագործակցության մասին:
Վ.Մազուրը «Միություն - Հաղթանակի ժառանգներ» միջազգային ռազմամարզական հավաքի կազմկոմիտեի անդամ է և Հայաստանում է գտնվում հաջորդ տարի կայանալիք միջոցառման մշակութային հարցերի պարզաբանման նպատակով: Հայրենասիրական ուղղվածությանը նվիրված միջոցառման գլխավոր նպատակն է` Հայրենական Մեծ Պատերազմի ընթացքում գերմանաֆաշիստական զավթիչների ջախջախման գործում ավանդ ներդրած ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդումը, աճող սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակումը, այլ ազգերի ազգային արժեքների, մշակույթի և կրոնի նկատմամբ հարգանքի սերմանումը: Միջոցառման շրջանակներում միջազգային հավաքի կազկոմիտեի անդամներ Աննա Բականաչը և Վլադիմիր Մազուրը հաջորդ օրը այցելեցին ք.Ծաղկաձորի մարզական համալիր, պատմամշակութային այլ վայրեր` կազմակերպչական հարցեր քննարկելու նպատակով:
-----------------------------

2014-10-30

Ժամանակները ծնում են անհատներ, նրանք կերտում են ազգի պատմությունը, նրանք քիչ են, բայց լեգենդներ են` կենդանի և իրական…
Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ջերմ տանիքի տակ հյուրընկալվել էր հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության բաժնի պետ գնդապետ Ա.Դավթյանի ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա էին վարժարանին կցագրված դպրոցների աշակերտներ, մանկավարժներ: Կրթօջախի հրամանատար գնդապետ Վ.Վ.Ոսկանյանը ներկայացրեց հյուրին և խնդրեց պատմել հետախույզի անցած ճանապարհի, ծավալած նուրբ ու դժվարին գործողությունների մանրամասներ, քանզի հետախույզի կյանքը համեմատվում է ասեղնագործության հետ. որքան` թափանցիկ, այնքան` գաղտնի:
Հայտնի հետախույզի այրին, ով տասնամյակներ շարունակ ամուսնու հետ իրականացրել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության առաջադրանքներ, իր հիացմունքն արտահայտեց վարժարանի` որպես ռազմական կրթօջախ կարգուկանոնի և պատրաստակամության մասին:
Սպասված հանդիպումն անցավ հաճելի մթնոլորտում, ուր տիկին Վարդանյանը շատ անմիջական ներկայացրեց իր կյանքի հետախուզական տարբեր գործողությունների դրվագներ, անձնական օրինակով խրախուսեց սաներին` հայրենիքի անմնացորդ նվիրյալներ դառնալու ճանապարհին անվերապահորեն ծառայել հայրենիքի բարօրության համար: Հանդիպման ավարտին տիկին Վարդանյանը` վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանի ուղեկցությամբ շրջեց վարժարանում:
------------------------------

2014-10-13

Ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանը նշեց իր հիմնադրման 2796-րդ տարեդարձը: Ավանդական դարձած տոնը տարեցտարի դառնում է բազմամարդ ու ժողովրդական, ինչի ապացույցն էր ողջ հայության համար կարգախոս դարձած «Երևան` իմ տուն» խորագիրը: Տոնակատարությունը մեկնարկեց «Էրեբունի» թանգարանի մերձակայքում և շարունակվեց քաղաքամայր Երևանի տարբեր վարչական շրջաններում ազգային խաղերի մեկնարկով, համերգներով, ջրցան մեքենաների շքերթով, սպորտային, մշակութային զանազան միջոցառումներով:
Հոկտեմբերի 12-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը դարձավ այդ հանդիսությունների վկան ու մասնակիցը: Տոնական շքերթի մասնակիցների առաջին շարքերում էին վարժարանի սաները, ովքեր տոնին հրավիրված պատվիրակությունների հետ «Էրեբունի-Երևան» օրհներգի հնչյունների ներքո մտան Հանրապետության հրապարակ`հպարտ ծածանելով Եռագույնը:
Մեծ հայորդու անունը կրող վարժարանի սաների համար անսահման հպարտություն է ապրել, կրթվել ու դաստիարակվել ալեզարդ Էրեբունի-Երևանի ոգով ու հայրենասիրությամբ: Տոնակատարությունն ավարտվեց ուշ երեկոյան` շքեղ ու բազմագույն հրավառությամբ: Երևանցին, իրոք, այդ օրը վայելեց իր քաղաքը:
------------------------

2014-09-27
Ս.թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ մասնակցեցին Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնած միջոցառմանը` նվիրված Լեզուների եվրոպական օրվան, ուր հրավիրված էին գերմանացի գրող Կոստանցին Յան, Կրթության ազգային ինստիտուտի օտար լեզուների վարչության պետ Անուշ Խաչիկյանը, հյուրեր, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ:
Միջոցառումն սկսվեց «Ողջույն, խոսիր ինձ հետ» աշխարհի բազմաթիվ լեզուներով խորագրով` կոչ անելով համախմբվել Եվրախորհրդի միասնություն և համերաշխություն խորհրդանշող դրոշի շուրջ:
Միջոցառման նպատակն էր զարգացնել աշխարհում լեզուների դասավանդումը, պահպանել բազմալեզվությունն ու մշակութային բազմազանությունը, խթանել երկու և ավելի լեզուների իմացությունը:
Միջոցառման ավարտին օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը ողջունեց ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին` մաղթելով բանիմացություն և ամուր կամք:
----------------

2014-09-06

Մոնթեականները կրկին բարձր արդյունքներ են ցուցաբերել
Ս.թ. օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:
Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից. «Արգելագոտու հաղթահարում և 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ`զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային տեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստությունից», «Պատը` պատին», «Ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաև «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական խաղ`Պետություն»:
Կազմակերպվել են հետևյալ դպրոցները` Կինոյի, Հետախույզ–վերլուծաբանի, Ժուռնալիստիկայի, Մարտական և արտակարգ իրավիճակների պայմանների բուժօգնության, Հոգեբանության, Դեսանտայինի, Բաղնիքային վարպետության, Ռազմական հետախույզի, Տիեզերագնացության, ինչպես նաև լուսանկարների ցուցահանդես «Իմ պապը հաղթող է» թեմայով: Անցկացվել են նաև մշակույթային օրեր, որտեղ յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ազգային խոհանոցը, տարազը, զինված ուժերը, ուսումնական հաստատությունը, կազմակերպել է կլոր սեղան երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի և Չեչնիայի պատերազմի վետերանների մասնակցությամբ:
Վարժարանի թիմը աչքի է ընկել բարձր ֆիզիկական և բարոյակամային հատկանիշներով: Վարժարանի սաներն ընդգրկվել են տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալներ: Հավաքների ընթացքում հանդիպումներ են եղել Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանական և Չեչնիայի պատերազմի վետերանների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչների, տիեզերագնաց-օդաչու, ՌԴ և Ղրղզստանի հերոս Սալիժան Շարիպովի, օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ, ՌԴ սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի և այլ պատվավոր հյուրերի հետ:
Հավաքների ավարտին ք. Մոսկվայում վարժարանի թիմը այցելել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան, հանդիպել թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Վարժարանի սաներն այցելել են նաև ՌԴ Զինված ուժերի, «Բորոդինոյի ճակատամարտի համայնապատկեր» թանգարաններ և այլ տեսարժան վայրեր:
Հաջորդ տարի «Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում` Ծաղկաձորում:
-----------------------------

2014-08-23
Ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած, մրցույթ ռազմական կրթօջախների միջև, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, «Փոքր Մհեր» կրթահամալիրի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի Ռազմաբժշկական, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Ռազմական հոգեբանության ֆակուլտետների ուսանողներ:
Մասնակիցները պայքարում էին 4 անվանական` «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Մարգարյան», «Աշոտ Նավասարդյան» և «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակների համար: Ցուցաբերելով լավագույն արդյունքներ` հաղթող են ճանաչվել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սաներ Սլավիկ Աշոտի Նալբանդյանը, ով արժանացել է «Գարեգին Նժդեհ» անվանական կրթաթոշակի և Նարեկ Գեղամի Արշակյանը` «Անդրանիկ Մարգարյան» անվանական կրթաթոշակի: Սաները մեկ ուսումնական տարի ստանալու են ամսական 25.000-ական դրամ կրթաթոշակ: Նույն ուսումնական վաշտի սան Մուշեղ Մինասի Ղազարյանն արժանացել է շնորհակալագրի:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում, որին մասնակցել են ՀՀ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի այրի Հասմիկ Նավասարդյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը, ովքեր էլ հանձնել են կրթաթոշակների հավաստագրերը:
-------------------

2014-08-05
Չնայած ՀՀ հանրակրթական դպրոցներում դեռ շարունակվում են ամառային արձակուրդները, ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ս.թ. օգոստոսի 4-ին մեկնարկեց 2014-2015 ուստարվա ընդունելության 1-ին քննությունը «ֆիզիկական պատրաստություն» առարկայից: Դիմորդների 1-ին խումբը հանձնեց քննության 100մ, 1000մ վազք և ձգում մարզաձևերից:
Մաղթենք նրանց հաջողություն առաջիկա քննություններին:
-------------

2014-06-14
Ս/թ հուլիսի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի 2-րդ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Մրցույթին մասնակցել են հայտ ներկայացրած 14 դպրոցների ուսուցիչներ, որի արդյունքում՝ հանձնաժողովը հաղթող է ճանաչել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գերմաներենի ուսուցչուհի Աստղիկ Հարությունյանին,ով պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով:Մրցույթի մյուս մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով:
Հաղթող ճանաչված Աստղիկ Հարությունյանն առանձնացել է իր նորարարությամբ: «Հանձնաժողովի անդամները գնահատեցին նրա վերաբերմունքն առարկայի և աշակերտի նկատմամբ:Նա առարկայի դասավանդումը միաձուլել էր դաստիարակությանը:Նա այնքան լավ ներկայացրեց իր դասավանդման մեթոդիկան,որ կարծես,առանց դասալսման էլ,ներկա գտնվեցինք իր դասին»,-ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` նշելով, որ մրցույթի մասնակից ուսուցիչները ևս իրենց ձայները տվել են Աստղիկ Հարությունյանին:
--------------


2014-06-13
Ս.թ. հունիսի 12-ին լրացավ ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 21-րդ տարելիցը: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմն այցելեց «Եռաբլուր» պանթեոն` նրա շիրիմին խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու համար: Յուրաքանչյուր հայիս պարտքն է վառ պահել նրա հիշատակը:

2014-06-09
Համաձայն վարժարանի 2013-2014 ուսումնական տարվա պլանի` ս.թ. մայիսի 26-ից մինչև հունիսի 7-ը վարժարանի 1-ին և 2-րդ կուրսերի սաները մասնակցել են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացված ճամբարային հավաքին: Ճամբարային հավաքի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանմանը: Պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք մեր սաները ստացել են ուսումնական տարվա ընթացքում:
Անցկացվել են գործնական պարապմունքներ մարտավարությունից, կրակային, ինժեներական, ռազմաբժշկական և լեռնային պատրաստություններից: Հանգստյան օրերին իրականացվել են սպորտմասսայական միջոցառումներ: Սաները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ կատարում էին տրված հանձնարարությունները` ստուգարքներից ցուցաբերելով բարձր արդյունքներ: Արդյունքում 1-ին և 2-րդ կուրսերի ներքոհիշյալ սաները վարժարանի պետի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով.

Հարություն Գեղամի Դավթյանը,
Միխայել Վյաչեսլավի Հայրապետյանը,
Մեսրոպ Արամի Սիրունյանը,
Սիմակ Վազգենի Գևորգյանը,
Գևորգ Կարենի Հարությունյանը,
Հրայր Արամի Միրզոյանը,
Հրաչ Գագիկի Առաքելյանը,
Վարդան Ալիկի Մանուկյանը,
Մասիս Վարդանի Նազարյանը,
Արտավազդ Սարգսի Ամիրխանյանը,
Ենգիբար Գոռի Հարությունյանը,
Վահե Մանվելի Տարախչյանը,
Պետրոս Օթարիի Խեչոյանը,
Արսեն Վիկտորի Հովակիմյանը,
Գառնիկ Գեղամի Մինասյանը,
Կարեն Սամվելի Կարապետյանը,
Վաչագան Գրիգորի Տոնոյանը,
Գառնիկ Արիստակեսի Մելքոնյանը,
Սարիբեկ Վահագնի Վիվտաշը,
Արթուր Հրայրի Տոնեյանը,
Սուրեն Արշակի Հովսեփյան,
Հայկազ Արտյոմի Ադամյանը,
Խաչատուր Մարատի Խաչատրյանը,
Հովհաննես Ֆրիկի Մուրադյանը:

-------------------

2014-05-29
Ս.թ. մայիսի 29-ին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղի ունեցավ ղարաբաղյան զինադադարի 20-ամյակին նվիրված ԿԳՆ-ի կողմից կազմակերպված «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի» մրցութային շարադրությունների արդյունքների ամփոփումը:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ՊՆ և ԿԳՆ նախարարները, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ գնդապետ Վ.Վ.Ոսկանյանը և այլոք:
Շարադրությունների մրցույթին մասնակցել է նաև վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Սլավիկ Նալբանդյանը, ում աշխատանքն ընդգրկվեց 20 լավագույնների մեջ և ընթերցվեց միջոցառման շրջանակներում: Հաղթող շարադրությունների հեղինակներն արժանացան ԼՂՀ մշտական ներկայացուցչության, ՀՀ ՊՆ և ԿԳՆ նախարարների պարգևների, արժեքավոր նվերների: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նվիրեց նաև իր հեղինակած գիրքը: Նախարարների նախաձեռնությամբ հաղթողներն ամռանը կմեկնեն Արցախ՝ եռօրյա հանգիստի: Դա ևս մի հնարավորություն է ծանոթանալու Արցախի պատմությանն ու մշակույթին և հայրենիքը պաշտպանող զինվորի առօրյային:
---------------------------

2014-05-23
Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կարատեի թիմը մասնակցեց Խուլ ու համրերի կենտրոնում կազմակերպված ազգային ավանդական կարատե-ԴՈ «Ֆուդոշին» ասոցիացիայի ՀՀ անդրանիկ առաջնությանը: Վարժարանի սաներին մարզում է «Ֆուդոշին» ասոցիացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը: Վարժարանի սաները նախ հանդես եկան ցուցադրական ելույթով, ապա համառ ու թեժ պայքարեցին անհատական մրցաձևերում: Նրանք աչքի ընկան սպորտային կեցվածքով ու պատրաստվածությամբ: Արդյունքում, վարժարանի 5 սան տարբեր մրցաձևերում զբաղեցրին 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը՝ արժանալով մեդալների և դիպլոմների:
---------------------------


2014-05-05
2014թ. ապրիլի 29-ից 30-ը Կուրսկ քաղաքում կայացավ «Մեծ հաղթանակ՝ ձեռք բերված միասնությամբ» խորագիրը կրող 4-րդ միջազգային պատմամշակութային ներկայացուցչական լայն համաժողովը:
Համաժողովի կազմակերպիչներն էին զարգացման ֆոնդի «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտը», Քաղաքագիտության «Հյուսիս-հարավ» կենտրոնը, ԱՊՀ համագործակցության միջպետական հումանիտար ֆոնդը (ՄՀՀՖ):
Հատուկ ուշադրություն է դարձվել ՌԴ և նախկին ԽՍՀՄ պետությունների երիտասարդական շարժումների փոխհարաբերությունների զարգացմանը, մշակութային, գիտական, կրթական և սոցիալական նախագծերի պլանավորմանն ու անցկացմանը՝ կապված Մեծ Հաղթանակի հիշատակին, Հայրենական մեծ պատերազմի վետերանների սատարմանը:
Միջոցառումներին մասնակցել են ԱՊՀ-ի, Վրաստանի, Բալթյան երկրների, Աբխազիայի, Հյուսիսային Օսեթիայի 21 պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծաղկեպսակներ է դրել 1941-45թ.թ. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և «Կուրսկ» ատոմային սուզանավի զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Հայկական պատվիրակությունը այցելել է նաև քաղաքի մի շարք ուղղափառ եկեղեցիներ, ծաղկադրել 20-21-րդ դարերում ողբերգությունների պատճառով զոհված հայ և ռուս ժողովուրդների նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և «Կուրսկի դուգա» հուշակոթողին, որտեղ կանգնեցված է մարշալ Ժուկովի հուշարձանը: «Մեծ հաղթանակ՝ ձեռք բերված միասնությամբ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում, իբրև անկախ Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, մասնակցել է ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Վիգեն Սարուխանյանը, ով հանդիսանում է իր պապերի ռազմական փառահեղ սովորույթների շարունակողը, ովքեր կռվել և իրենց կյանքը Հայրենական մեծ պատերազմում զոհաբերել են հանուն Հաղթանակի:

--------------------------

2014-04-28
Ծիծեռնակաբերդի բարձունքում կա մի պարզ ու վսեմ հուշարձան: Քարե կապտավուն պատերը ծանրորեն խոնարհվել են խորքում բոցկլտացող անշեջ կրակի վրա:
Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի չորս կողմերից Երևան է գալիս հայությունը: Մի լուռ ու հանդիսավոր երթ է ձգվում դեպի մեր անցյալ ցավի, ողբերգական հուշերի անշեջ կրակը` անլռելի զանգակատունը:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմը նույնպես միացավ սգո քայլերթին` ծաղկադրելու և խոնարհումով հարգելու Ցեղասպանության զոհ դարձած հայության հիշատակը:

--------------------------

2014-04-22
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանրակրթական առարկաների, ռազմական հմտությունների հետ մեկտեղ սաներն ուսումնասիրում են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Հիսուս Քրիստոսի հարության օրվա կապակցությամբ վարժարանի հոգևոր առաջնորդ Հովհաննես սարկավագի ուղեկցությամբ ապրիլի 20-ին սաներն այցելեցին Դավիթաշեն համայնքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի: Մոմավառությունն իրականացվեց օրվա խորհրդին համաձայն:

--------------------------

2014-04-19
Ս.թ. ապրիլի 16-ից 18-ը կայացած «Կրթություն և կարիերա» էքսպո-2014 ցուցահանդեսի շրջանակներում իր մասնակցությունն ունեցավ նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Վարժարանի սաները հայաստանյան և օտարազգի հանրությանը ներկայացրեցին վարժարանի պատմությունը, ուսումնական գործընթացը, ընդունելության կարգը, ուսումնառության ընթացքում ունեցած իրենց հաջողություններն ու հաղթանակները, ինչպես հանրապետությունում այնպես էլ միջազգային հավաքներում: Ցուցադրվեցին ուսումնական ձեռնարկներ, դիպլոմներ, գավաթներ ու մեդալներ, բազմաթիվ միջոցառումներ լուսաբանող հոլովակներ և դիտողական պաստառներ:

--------------------------

2014-04-18

Մեր սաները փայլում են իրենց գիտելիքներով

2013-2014 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի ապրիլի յոթին կայացած «Գերմաներեն» առարկայի հանրապետական փուլում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Սուրեն Դավթյանը հաղթահարեց իր առջև դրված խնդիրները և արժանացավ պատվոգրի:

--------------------------

2014-04-01

Հաջողության գրավականը ֆիզիկական պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն են
Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հրամկազմին և վարժարանի այն սաներին, ովքեր մասնակցել են ՌԴ Պերմ քաղաքում փետրվար ամսին կայացած «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին և տարբեր պետություններ ներկայացնող 28 թիմերի շարքում զբաղեցրել 1-ին պատվավոր հորիզոնականը:
Մինչ հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է միջազգային մրցույթում վարժարանի թիմի արձանագրած հաջողության գաղտնիքը: Հարցին ի պատասխան` վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ, որ հայ պատանիների հաջողության գրավականը ֆիզիկական բարձր պատրաստվածությունը, համախմբվածությունն ու ընկերասիրությունն են: Վարժարանում ձեռք բերած գիտելիքները, հմտությունն ու կոփվածությունը սաներին թույլ են տալիս պատվով հաղթահարել ցանկացած առաջադրանք:
Վարժարանի սաների հետ զրույցում Սեյրան Օհանյանն անչափ կարևորել է նրանց արձանագրած հաջողությունները և, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ռազմամարզական կրթօջախի դերը բանիմաց, հմուտ զինվորականների պատրաստման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ վարժարանն օր օրի կատարելագործվում է, ինչի ապացույցը միջազգային ասպարեզում սաների մշտապես ցուցաբերած բարձր արդյունքներն են:
Մաղթելով նորանոր հաջողություններ` Սեյրան Օհանյանը «Պատանի հայրենասերներ» մրցույթին մասնակցած վարժարանի սաներին պարգևատրել է արժեքավոր նվերներով:
--------------------------

2014-03-20

Ս.թ. մարտ ամսին ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ Մարտին Սերժիկի Սադիկովը (ՆԶՊ) և Սուրեն Դավիթի Դավթյանը (գերմաներեն) մասնակցեցին 2013-2014 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլին՝ արժանանալով 1-ին և 3-րդ կարգերի դիպլոմների: Սաները պայքարը կշարունակեն օլիմպիադայի հանրապետական փուլում:
--------------------------

2014-03-17

Մարտի 15-ին ‹‹Ծխե՞լ, թե՞ ապրել. պայքար ծխախոտի դեմ›› թեմայով վարժարանում անցկացվեց սեմինար, որին ներկա էին ԵՊՄՀ-ի պրոֆեսոր Ա. Բաբախանյանը և երկու գիտաշխատող: Սեմինարի ընթացքում կատարվեց փորձ, որի արդյունքում նյութի գունազրկված լուծույթով ակնհայտ դարձավ ծխախոտի մահացու ազդեցությունը՝ մարդու ինչպես թոքերի, այնպես էլ ողջ օրգանիզմի վրա: Դիտեցին նաև թեմային վերաբերող գիտաճանաչողական ֆիլմ:
--------------------------

2014-03-14

Մարտի 13-ին վարժարանի մի խումբ սաներ հանրակրթական առարկաների դասավանդող Է.Շաբոյանի և կապիտան Ա.Աղասյանի հետ մասնակցեցին «Մոսկվայի տանը» կազմակերպված կլոր սեղանին, ուր հրավիրված էին նաև ՌԴ և ՀՀ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Միջոցառումը նվիրված էր Լենինգրադի բլոկադայի ազատագրման 70-ամյակին: Հնչեցին զեկույցներ, ուր կարևորվեցին հայերի դերն ու մասնակցությունը Լենինգրադի բլոկադայի ազատագրման գործում: Մեծ տպավորություններով և ոգևորությամբ` սաները վերադարձան վարժարան:
Մարտի 13-ին վարժարանի ակումբում անցկացվեց վիկտորինա` նվիրված Օմարի լեռնանցքի ազատագրման և Արցախյան պատերազմի հաղթանակի 20-ամյակին: Հաղթող թիմի անդամները, թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավելու համար, արժանացան պատվոգրերի:
Հաջորդ օրը միջոցառման շրջանակներում վարժարան էր հյուրընկալվել Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Զավեն Պետրոսյանը, ով անդրադարձավ լեգենդար հրամանատարի կյանքի և գործի մանրամասներին: Այնուհետև զրույցը շարունակվեց հարցուպատասխաններով: Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում Զ.Պետրոսյանը տվեց Մոնթեին վերաբերող` սաներին հուզող բոլոր հարցերի պատասխանները և ավելացրեց, որ հայրենիքի մեծ նվիրյալի առավել բարձր ու սուրբ գնահատականը տալիս են սերունդները:

--------------------------

2014-03-05
Ս.թ. մարտի 5-ին կլրանար սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարին:
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ մարդաշատ էր «Եռաբլուր» պանթեոնը: Սպարապետի շիրիմին էին այցելել բարձրաստիճան այրեր, հերոսի հարազատներ, մտերիմներ, զինակից ընկերներ:
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը նույնպես իր հարգանքի և խոնարհման տուրքն էր եկել մատուցելու և ծաղիկներ դնելու սպարապետի շիրիմին:
Սաների մեջ ռազմահայրենասիրական ոգի ու շունչ դաստիարակելու նպատակով նույն օրը վարժարանում ցուցադրվեց սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված տեսաֆիլմ:
--------------------------

2014-02-24

Վերադարձ՝ կրկին հաղթական գավաթներով
Ս.թ. փետրվարի 12-23-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը մասնակցեց ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին, որին մասնակցում էին 6 պետությունների 33 թիմ: Վարժարանի սաներն իրենց կամային բարձր հատկանիշներով և պատրաստվածությամբ ցրտաշունչ ձմռան պայմաններում կարողացան հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները: Թիմի 10-ը անդամներից 9-ը արժանացել են «օրվա հերոս» կոչմանը, ինչպես նաև տարբեր աստիճանի պատվոգրերի: Իրենց առջև դրված փորձություններն ու խնդիրները հաղթահարելով՝ վարժարանի թիմն արժանացել է հանձնաժողովի համակրանքին և գրավել առաջին պատվավոր տեղը՝ արժանանալով հաղթական գավաթի: Վարժարանի թիմն ապացուցեց, որ արժանի է բարձր գնահատանքի և ամրապնդելով նախորդ տարիների հաղթանակները՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հաջողությամբ պսակված հաղթանակները չեն շնորհվում, այլ ձեռք են բերվում համառ պայքարի և պատրաստականության, անվերջ աշխատանքի և ձգտման շնորհիվ:
--------------------------


2014-02-12
Ս.թ փետրվարի 12-ին՝ 10-ն օրյա ժամկետով, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ղարիբի Ավագյանի գլխավորությամբ, մեկնեց ՌԴ Պերմ քաղաք հերթական անգամ մասնակցելու «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին:
2011թ.-ին միջազգային հավաքում վարժարանի թիմը զբաղեցրել է 3-րդ, 2012թ.-ին` 2-րդ, իսկ 2013թ.-ին, արդյունքներում գերազանցելով շուրջ 40 թիմի, գրավել 1-ին պատվավոր տեղը:
Միջոցառման նպատակն է մատաղ սերնդի մոտ հայրենասիրական գիտակցության ձևավորումը, ԱՊՀ երկրների հայրենասիրական ակումբների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
--------------------------

2014-02-01
Հաղթահարելով դպրոցականների ամենամյա առարկայական օլիմպիադայի ներվարժարանային փուլը՝ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ս.թ. փետրվարի 1-ից ակտիվ մասնակցում են օլիմպիադաների տարածքային փուլին: Ցուցաբերելով բարձր արդյունքներ՝ սաները շարունակում են պայքարը հաջորդ փուլերի համար՝ ակնկալելով հաղթանակներ:
--------------------------

2014-01-30
Ս.թ. հունվարի 30-ին Հայոց բանակի 22-ամյակի շրջանակներում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էին Դավթաշեն համայնքի վարչակազմի ներկայացուցիչները, համայնքի թիվ 192 հիմնական դպրոցի սաները և «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի ուսումնաթատրոնը:
Ռազմահայրենասիրական միջոցառման բացման խոսքը, որը նվիրված էր ազգային կերպարի ու ոգու, հավատի ու խաղաղության պաշտպան բանակին, վստահվեց վարժարանի սաներին: Գեղեցիկ ու հուզական խոսքերի շարունակությունը եղավ հ. 192 հիմնական դպրոցի սաների ելույթը: Ցերեկույթը շարունակվեց ջերմ մթնոլորտում: «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության կենտրոնի ուսումնաթատրոնը ներկայացրեց Ժ. Անանյանի «Տաքսի-տաքսի» կատակերգությունը:
Միջոցառման ավարտին ընթերցվեց Դավթաշեն համայնքի վարչակազմի ղեկավար Ռ. Բաղդասարյանի ուղերձը Հայոց բանակի ծննդյան 22-ամյակի կապակցությամբ, որից հետո մատուցվեցին գեղեցիկ անակնկալ-նվերներ:
--------------------------

2014-01-18
Ս.թ. հունվարի 16-ից սկսած յուրաքանչյուր հինգշաբթի Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն իրականացնում է այցելություն ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարան, որը համարվում է նաև ուսումնական կենտրոն: Այնտեղ ներկայացվում են թանգարանի ֆոնդում առկա 11.000 նմուշներից շուրջ 2700-ը: Սաներն ականատես եղան շերտագրության մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, հնէաբանության, հրաբխային, հանքային ջրերի, շինանյութերի, բնական երկնաքարերից պատրաստված իրերի ցուցադրությանը: Վարժարանի սաները ծանոթացան մոլորակի պատմությանն ու զարգացմանը: Այցելությունը նպատակային էր՝ հաղորդել գիտելիքներ Երկիր մոլորակի մասին:

--------------------------

2014-01-15
Համաձայն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական պլանի՝ ս.թ. հունվարի 13-ից «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոնում իրականացվում է հերթական ճամբարային հավաք, որը շարունակվելու է մինչև փետրվարի 28-ը:
Ուսումնական կենտրոնում անցկացվում են գործնական պարապմունքներ լեռնային, կրակային, ֆիզիկական, ռազմաբժշկական, ինժեներական պատրաստություններից, ռազմական տեղագրությունից և պաշտպանություն զանգվածային խոցման զենքից: Պարապմունքների անցկացման նպատակը վարժարանում սովորելու ընթացքում ստացած գիտելիքները գործնականորեն ամրապնդելն է: Ավարտից հետո սաները կհանձնեն ստուգարքներ: Վարժարանի սաներից շատերն աչքի են ընկնում իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ, մարտական ունակություններով, պարապմունքների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
Ս.թ հունվարի 20-ին, ավարտելով մեկշաբաթյա պարապմունքները, սաները վերադարձել են վարժարան: Նույն օրը «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն մեկնեցին հաջորդ դասակի սաները:

---------------------

2013-12-25

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի խումբ սաներ հրավիրվել էին Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան N196 հիմնական դպրոց՝ մասնակցելու «Ծիսական Ամանոր» անունը կրող միջոցառմանը:
Կրթօջախում տիրում էր տոնական տրամադրություն: Ցերեկույթին ներկայացվեց, թե ինչպես են հայերը ազգային ավանդական ծեսերով տոնում Ամանորը: Միջոցառմանը ներկա էին նաև ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին և Բերձորի հոգևոր հովիվ հայր Աթանեսը: Վարժարանի սաները ամանորյա տրամադրությամբ և ոգևորությամբ վերադարձան վարժարան:
-------------------

2013-12-15

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներից 25-ը՝ 1-ին ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Շահեն Գառնիկի Սահակյանի ուղեկցությամբ, պատիվ ունեցան այցելելու Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր: Տեսանյութի միջոցով նրանք ծանոթացան շինության կառուցվածքի և պատմության հետ: Սաները հանդիպեցին ՀՀ Նախագահի մամլո քարտուղար Արման Սաղաթելյանին, ով ներկայացրեց իր գործունեությունը ՀՀ Նախագահի աշխատակազմում: Հնչեցին հարցեր և սպառիչ պատասխաններ: Այնուհետև սաները լրացրեցին տրված հարցաշարերը, որտեղ հայտնեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Այցելության ավարտին սաներին նվիրեցին էլեկտրոնային կրիչներ, որոնք իրենց մեջ ներառում էին այդ օրը հիշեցնող հուշ նկարներ:
---------------------

2013-12-13

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն այցելել են Օշական

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին վաշտի սաները «Հայոց լեզու և գրականություն» առարկայի գործնական-ճանաչողական պարապմունքների շրջանակներում, գիտելիքների ամրապնդման նպատակով, շաբաթվա ընթացքում այցելեցին Օշական գյուղ՝ Սուրբ Մաշտոցի դամբարան-գերեզման:
Եկեղեցու հոգևոր հայրը պատմական ակնարկով ներկայացրեց Մ.Մաշտոցի կյանքն ու գործունեությունը և կարևորեց նրա անփոխարինելի դերը հայ ժողովրդի կյանքում: Սաները եղան եկեղեցուն կից թանգարանում, որը 5-րդ դարում կառուցված դպրոցներից մեկն է եղել, ուր դասավանդել է ինքը՝ Մ.Մաշտոցը, տեսան բակում տեղադրված խաչքար տառերը:
Վերադառնալիս՝ ճանապարհի աջակողմյան հատվածում անձնակազմը կանգ առավ գիրք-այբուբեն հուշակոթողի մոտ:
------------------------

2013-12-09

«Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում
Ս.թ. դեկտեմբերի 9-ին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան էր այցելել ԼՂՀ «Մայրություն» հասարակական կազմակերպությունը: Վարժարանի անձնակազմին ցուցադրվեց տեսանյութ՝ «Կենաց նարոտներ… Պատերազմի և խաղաղության գույներից» վերնագրով, որի սցենարիստը բանաստեղծուհի Ս.Մարգարյանն է: Վերջինս Ավոյին նվիրված իր բանաստեղծությամբ շարունակեց միջոցառումը, այնուհետև հանդես եկան նաև ՀՀ ՊՆ սպայի տան «Զորական» երգչախումբը և «Սարդարապատ» պարի համույթը: Միջոցառման վերջում հեղինակների կողմից վարժարանին նվիրվեցին գրքեր, որտեղ ականատեսի աչքերով ներկայացվում են արցախյան շարժման մասին պատմող դրվագներ:
-------------------------

2013-11-25

Մոնթեն կդառնար 56 տարեկան…
Մոնթեն այն մեծերից է, ում կորստի ցավը ողջ հայ ժողովուրդն է սգում: Նա անմահ հերոս է, հերոս, ով հայրենասիրության, արդարության և նվիրվածության արժեքները իր վերաբերմունքով է իմաստավորում և դրանց տալիս բովանդակություն՝ սեփական փորձով դրանք վերածելով վարքի ու սկզբունքի…
Ս.թ. նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն իր ողջ անձնակազմով այցելեց «Եռաբլուր» պանթեոն՝ ծաղկադրելու Ավո-Մոնթեի շիրիմը և հարգանքի տուրքը մատուցելու նրա սրբավայր դարձած շիրիմին:
Օրվա խորհուրդը շարունակվեց նաև վարժարանում: Կրթօջախ էին հրավիրվել «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի շնորհալի սաները, ովքեր իրենց ելույթով հաճելի պահեր պարգևեցին անձնակազմին: Երեկոյան վարժարանի անձնակազմը մասնակցեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած «Ես կվերադառնամ» խորագրով գալա համերգին՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին, որի ժամանակ վարժարանի սաներին՝ իբրև մոնթեականների, պատիվ ընձեռվեց բարձրանալ բեմահարթակ և ծածանել Հայաստանի Հանրապետության եռագույնը:
Եթե թշնամու գնդակից դավադրաբար չսպանվեր լեգենդ դարձած ազգային հերոսը, ապա այսօր կդառնար 56 տարեկան:
Հավերժ փառք նրա անցած ճանապարհին...
----------------------------------

2013-11-24

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները Մոսկվայում
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ղարիբի Ավագյանը և վարժարանի սան, Սարգիս Արմենի Աթոյանը ս.թ. նոյեմբերի 21-ից 23-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած սուվորովյան և նախիմովյան ուսումնարանների ստեղծման 70-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հավաքին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելոռուսիայի և Տաջիկստանի Հանրապետությունների սուվորովյան, նախիմովյան և նմանատիպ այլ ուսումնական հաստատությունների պատվիրակություններ:
Հավաքին քննարկվեցին ԱՊՀ անդամ երկրներում գործող սուվորովյան ուսումնական հաստատությունների միջև կապերը խորացնելու, համագործակցությունը սերտացնելու և առկա բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված հարցեր:
Հավաքն ավարտվեց ՌԴ զինված ուժերի կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած տոնական համերգով, իսկ մշակույթի պալատում՝ կադետական պարահանդեսով:
----------------------------------------------------

2013-11-15

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 20 տարեկան է
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը:
Կրթօջախի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար վարժարան էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ, կուրսանտների ծնողներն ու հարազատները:
Տոնական միջոցառումը մեկնարկեց վարժարանի առաջին կուրսի սաների երդման արարողությամբ: Նորընծա կուրսանտները միասնաբար երդվեցին դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպանները, լինել ազնիվ և կարգապահ:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին և հյուրերին՝ ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` հպարտությամբ նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել և իբրև հասարակության լիարժեք անդամների կյանք է ճանապարհել ավելի քան 1000 սանի: Գնդապետը հավելեց նաև, որ անցած տարիներին վարժարանի սաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների՝ ամենուր բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը: Այդ ամենից զատ` հենց Մոնթեականներին է վերապահված բացել Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսները:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծեց, որ հպարտությամբ վերհիշում ռազմամարզական կրթօջախի անցած ուղին և կուրսանտների արձանագրած հաջողությունները: Համոզմունք հայտնելով, որ վարժարանի անձնակազմը այսուհետ ևս բարձր կպահի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը, պաշտպանության նախարարը նկատեց, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում. այն արդյունքն է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանքի: Աշխատանք, որը միտված է հանրապետության ռազմաուսումնական բարձրագույն հաստատությունների համար ռազմական գործին քաջատեղյակ և կամային բարձր հատկանիշներով օժտված պատանիների պատրաստմանը: Հանդիսավոր միտինգին հաջորդած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով, նվերներով և պատվոգրերով: Վարժարանի մի շարք զինծառայողներ արժանացան սպայական հերթական կոչումների: Ձևավորված ավանդույթի համաձայն` Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվեց վարժարանի առավել ուսումնատենչ և կարգապահ կուրսանտին: Այս տարի այդ պատիվը վերապահվեց կուրսանտ Հայկազ Բաշոյանին:
Տոնական միջոցառման ավարտն ազդարարեցին վարժարանի կուրսանտների ցուցադրական ելույթները, որոնց ընթացքում ներկայացվեցին մարտարվեստի մի շարք հնարքներ:

-------------------------------------
2013-10-31

Վարժարանի սաների նվաճումները ուսումնառությունից հետո

Վարժարանի 2012-2013 ուսումնական տարվա շրջանավարտ Վլադիմիր Արթուրի Եպիսկոպոսյանը, ով 2013թ. Փետրվար ամսին տասը լավագույնների շարքում մասնակցել էր ՌԴ Պերմում կայացած «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և թիմի կազմում գրավել 1-ին պատվավոր տեղը, օրերս մասնակցել է Հայաստանի դյուցազունների ասոցիացիայի կողմից կազմակերպված սպորտային միջոցառմանը և 44 վայրկյան ժամանակահատվածում հատակին մեկ ձեռքի երկու մատներով հենում-ծալում վարժությունը կատարել է 80 անգամ և գրանցվել ՀՀ «Դյուցազնագիր» գրքում:

-------------------------------------
2013-10-12


Ս.թ. հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-Երևան-2795» տոնական միջոցառումների շրջանակներում ակտիվ մասնակցություն ունեցան նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Երևանում կազմակերպված շքերթի առաջին շարքերում խրոխտ քայլերով շարժվելով Հանրապետության հրապարակ՝ նրանց պատիվ ընձեռնվեց ուղեկցելու Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշները:

-------------------------------------
2013-10-10

Ս.թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արդեն ավանդույթ դարձած ինտելեկտուալ մրցույթին իրենց մասնակցությունն են ունեցել` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, «Փոքր Մհեր» կրթահամալիրի և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ:
Մրցույթին մասնակցել են ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երեք սաներ` Վահագն Գրիգորյանը, Գևորգ Հարությունյանը, Տիգրան Դավթյանը: «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Մարգարյան», «Աշոտ Նավասարդյան» և «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակներից`«Աշոտ Նավասարդյան» և «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակին են արժանացել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ` Վահագն Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը, իսկ սան Տիգրան Դավթյանը արժանացել է խրախուական մրցանակի: Մյուս կրթաթոշակներին` «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Մարգարյան» արժանացել են Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանների ուսանողները:
Հաղթողներին մրցանակները հանձնել են ՀՀ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աշոտ Նավասարդյանի այրի` Հասմիկ Նավասարդյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը:

-------------------------------------
2013-10-07


ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը մասնակցել է ռազմամարզական միջազգային հավաքին

Ս.թ. սեպտեմբերի 10-ից 22-ը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը, գլխավորությամբ վարժարանի պետ գնդապետ Վ.Վ.Ոսկանյանի, գործուղվել էր Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաք` մասնակցելու «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին:
Խմբի ղեկավար`
- վարժարանի պետ, գնդապետ Վ.Վ.Ոսկանյան,
խմբի անդամներ`
- ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ,
մայոր Կ.Ղ.Ավագյան
- ֆիզիկական պատրաստության պետ, լեյտենանտ Ն.Մ.Սարգսյան
սաներ`
Սիրունյան Մեսրոպ Արամի
Մկրտչյան Գուրգեն Տիգրանի
Գրիգորյան Հենզել Սանասարի
Հովհաննիսյան Վահե Վահագնի
Մալխասյան Ռաֆիկ Սեթի
Առաքելյան Հրաչ Գագիկի
Նազարյան Մասիս Վարդանի
Կարապետյան Ալեքսանդր Իշխանի
Կիրակոսյան Գեղամ Արմենի
Ղազարյան Սերգեյ Արամայիսի
Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 9, Ուկրաինայի Հանրապետության 10, Կիրգիզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելոռուսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների մեկական սուվորովյան և նմանատիպ այլ ուսումնական հաստատությունների պատվիրակությունները:
Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից «Դիպուկահարների մենամարտ», «Դանակի նետում», «Հետախույզի արահետ», «Ուժային թեստավորում», «Պատը` պատին», «Շարային պատրաստություն», «Թիավարություն», «Կրոս 3կմ` զենքով», «Փեյնթբոլ», «1-ին բուժօգնության ցուցաբերում և արգելագոտու հաղթահարում», «Սուսերամարտ սվիններով», «Դիվանագիտական խաղ» :
Հավաքների ժամանակ` Հայրենական Մեծ պատերազմում կողք կողքի մարտնչած տարբեր ազգերի ներկայացուցիչների օրինակով, կազմավորվեցին միջազգային թիմեր` ներառելով յուրաքանչյուր պատվիրակությունից մեկական ներկայացուցիչ:
Միջազգային հավաքի ընթացքում, ինչը բազմիցս նշվել է կազմակերպիչների կողմից, վարժարանի թիմը առանձնացել է իր բարձր պատրաստվածությամբ, արժանացել մեդալների` 12 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե, ինչպես նաև պատվոգրերի, թանկարժեք նվերների և այլն:
Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում կայացած միջազգային հավաքին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի խումբը փայլել է նաև իր մշակութային` երգ, պար, պատմություն ուղղվածություններում և գրավել է 1-ին պատվավոր տեղը:
Միջազգային հավաքի կազմակերպիչների նախաձեռնությամբ` որպես լավագույն կատարում, Օդեսա քաղաքում կայացած հանդիսավոր գալահամերգին հայկական երգ ու պարով հանդես է եկել վարժարանի խումբը:
Հավաքի 1-ին օրից վարժարանի խմբի կողքին են եղել հայազգի բարերարներ Ռուսլան Կառլենի Ներսիսյանը և Լև Գրիգորիի Մելքումյանը, ովքեր միջոցառման շրջանակներում աջակցել են խմբին և բոլոր անդամներին պարգևատրել թանկարժեք նվերներով, ինչը հաճելի անակնկալ էր նրանց համար:

-------------------------------------
2013-09-26

ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ս.թ սեպտեմբերի 26-ին Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան էին այցելել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ պարոն Մհեր Շիրինյանը, տեղակալ Նորայր Սմբատյանը: Այցելությունը համընկավ Օդեսայից վարժարանի թիմի վերադարձին:
Օրը լի էր տոնական տրամադրությամբ. վարժարանի ողջ անձնակազմը մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ մասնակցեցին շնորհավորանքի ցերեկույթին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Օդեսայում կայացած հավաքի առօրյայից: Սաները կրկնեցին իրենց գեղեցիկ ելույթի ցուցադրումը:
ՀՀ պաշտպանության նախարարի և 1-ին տեղակալի հրամաններով շնորհվեցին հերթական զինվորական կոչումներ, հանձնվեցին տարբեր գերատեսչական մեդալներ, հանձնվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր:
Ջերմ ու տաքուկ մթնոլորտը շարունակվեց Օդեսայում կայացած միջոցառման մասնակիցների հուշերի մեկնաբանություններով, որոնք ուսուցանող և տպավորիչ էին իրենց ընկերների համար:

-------------------------------------
2013-09-03

Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հյուրընկալվել էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը և մի խումբ ներկայացուցիչներ: Նրանց այցելությունը նպատակային էր: Կազմակերպության նախագահը վարժարանին նվիրեց 10-ը լրակազմ օդամղիչ հրացաններ և ավելացրեց, որ ուրախ է կրթօջախի հաջողությունների, ձեռքբերումների համար:
Վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանն իր հերթին պարգևատրեց պատվոգրով Խաչիկ Ասրյանին: Վերջինս վարժարանի ողջ անձնակազմին մաղթեց նորանոր նվաճումներ և հաջողություններ:


-------------------------------------
2013-09-02


Գիտելիքի օր

2013-2014 ուսումնական տարվա սկիզբն ավետող զանգի ղողանջները հնչեցին նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, և ազդարարվեց տոնական միտինգի բացումը: Վարժարանի շարահրապարակում շարային կեցվածքով կանգնած էին 1-ին և 2-րդ վաշտերի սաները: Նրանց էին եկել շնորհավորելու ծնողները, ընկերները, մտերիմները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ վարժարանի պետ գնդապետ Վ.Ոսկանյանը: Կրթական որակը բարձրացնելու նպատակով նա կարևորեց կրթությունն ու գիտելիքը և ավելացրեց, որ գիտելիքով զինված մարդն անպարտելի է: Գնդապետ Ոսկանյանը շնորհավորեց սաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ, ցանկացավ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ուսման մեջ:

-------------------------------------
2013-08-22

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատվիրակությունը օգոստոսի 09-ից 16-ը մասնակցել են ՌԴ հասարակական միավորումների միջազգային միության «Կադետային եղբայրություն» միջազգային ասոցիացիայի նախագահի` սուվորովյան ռազմական ուսումնարանների ստեղծման 70-ամյա հոբելյանի առթիվ ՌԴ Անապա քաղաքում օգոստոսի 11-ից 17-ը կայացած «Ծառայությունը` հայրենիքին, ընկերությունը` առանց սահմանների» խորագրով սուվորովյան-նախիմովյան ակտիվի առաջին միջազգային երիտասարդական համաժողովին:
Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 11, Բելոռուսիայի, Ուկրաինայի և Ղազախստանի Հանրապետությունների մեկական սուվորովյան և նմանատիպ այլ ուսումնական հաստատությունների պատվիրակությունները:
Միջազգային երիտասարդական համաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ա.Մ.Բոզավլյուկի կողմից մասնակիցների հետ անցկացվել է զրույց «ՀԱՊԿ» դերի, նշանակության, արագ արձագանքման ուժերի և հետագա ծրագրերի վերաբերյալ,
- հանդիպում «Կուբանի կադետական եղբայրություն» անդամների հետ, ֆիլմերի ցուցադրություն նվիրված Կրասնոդարի պրեզիդենտական կադետական ուսումնարանին և գեներալիսիմուս Ա.Վ.Սուվորովին,
- այցելություն Նովոռոսիյսկ քաղաք «Մ.Կուտուզով» մարտական նավ-թանգարան, ծանոթացում նավի ստեղծման պատմությանը, սպառազինությանը և իրականացրած մարտական գործողություններին,
- այցելություն ՌԴ ԶՈՒ 7-րդ դեսանտագրոհային դիվիզիայի ուսումնական կենտրոն, ծանոթացում սպառազինությանը, տեխնիկային, դաշտային պայմաններում զինծառայողների կենցաղին:
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատվիրակությունը ցուցաբերել է բարձր կարգապահություն, ակտիվ ներգրավվել է իրականացված բոլոր միջոցառումներին` արժանանալով կազմակերպիչների բարձր գնահատականներին և խրախուսանքներին:

-------------------------------------
2013-08-08

Հուլիսի 14-ից 28-ը Բելառուսի Հանրապետությունում կայանալիք հրշեջ փրկարարների 11-րդ միջազգային հավաք մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում անցկացվել են համադպրոցական մրցույթ ընտրություններ: Մրցույթ ընտրություններին մասնակցել և ՀՀ ԱԻՆ հավաքական թիմի կազմում ընդգրկվել է նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան` Գուրգեն Մկրտչյանը:
Մրցույթին մասնակցել են 14 թիմեր, ինչպես ԱՊՀ, այնպես էլ այլ պետություններից` ԱՄՆ-ից, Հվ. Կորեայից, Սերբիայից և այլն: Չնայած ՀՀ ԱԻՆ թիմը արդյունքում գրավել է 6-րդ հորիզոնականը, վարժարանի սան Գ.Մկրտչյանը պարգևատրվել է մեդալներով, այդ թվում` թիմերի շնորհանդեսին թիմային հաշվարկով 3-րդ տեղը գրավելու համար, սպորտլանդիայի անհատական մրցումներում 2-րդ տեղը գրավելու համար:
Բոլոր պետությունների թիմերից մեկական անդամ ընդգրկվել է հավաքական թիմերի կազմում և իրականացրել արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքներ` 1-ին բժշկական օգնություն, ծխացող շինությունից երեխայի տարհանում, լճում խեղդվողին օգնություն և այլն: Վարժարանի սան Գ.Մկրտչյանը ցուցաբերելով բարձր ֆիզիկական և կամային հատկանիշներ գրավել է 1-ին տեղը:

-------------------------------------
2013-08-06

Օգոստոսի 1-ից վարժարանում մեկնարկվել են ընդունելության քննությունները: Օգոստոսի 1-ին, 2-ին և 3-ին մեր հանրապետության տարբեր շրջանների 9-րդ դասարանն ավարտած պատանիներն իրենց ուժերը փորձեցին «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից` ձգումներ պտտաձողի վրա, 100 և 1000մ վազք: Օգոստոսի 5-ին և 6-ին հանձնեցին քննություններ «Հայոց լեզու» առարկայից, իսկ օգոստոսի 8-ին և 9-ին կմասնակցեն «Մաթեմատիկա» առարկայի քննություններին:

-------------------------------------
2013-07-29

Հուլիսի 26-ից 28-ը ք.Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվել է կոնֆերանս «Քրիստոնեական բարոյական արժեքների ամրապնդումը հայոց բանակում, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում ինքնախեղման, ինքնասպանության և այլ արատավոր երևույթների կանխարգելման հոգևոր ուղիների մշակումը» թեմայով: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից կոնֆերանսին մասնակցել են սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Արմինե Հովհաննիսյանը և վարժարանի հոգևոր սպասավոր, Հովհաննես Ասատրյանը:
Կոնֆերանսի ժամանակ լսվեցին բանակի կարգապահության ամրապնդման, զորքերի պատրաստականության և մարտունակության բարձրացման վերաբերյալ զեկույցներ, քննարկվեցին «Աուտոդեստրուկցիաները բանակում», միջանձնային փոխհարաբերությունների կառուցման հոգեբանական հիմքերը, ինքնախեղման, ինքնասպանության և այլ արատավոր երևույթների նկատմամբ եկեղեցու դիրքորոշումն ու մերժումը, ազգային գաղափարախոսության դերն ու նշանակությունը:

-------------------------------------
2013-06-14

Համաձայն վարժարանի 2012-2013 ուսումնական տարվա պլանի ս.թ.-ի հունիսի 03-ից մինչև հունիսի 14-ը 1-ին կուրսի սաները մասնակցել են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքին: Ճամբարային հավաքի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանմանը: Պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք մեր սաները ստացել են վարժարանում ուսանելու ընթացքում:
Անցկացվել են գործնական պարապմունքներ մարտավարությունից, կրակային, ինժեներական, ռազմաբժշկական և լեռնային պատրաստություններից: Հանգստյան օրերին իրականացվել են սպորտմասսայական միջոցառումներ: Սաները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ էին կատարում տրված հանձնարարությունները` ստուգարքներից ցուցաբերելով բարձր արդյունքներ: Արդյունքում 1-ին ուսումնական վաշտի ներքոհիշյալ սաները վարժարանի պետի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով`
Հարություն Գեղամի Դավթյանը,
Հարություն Արմենի Սուքիասյանը,
Հարություն Սոսի Վարդանյանը,
Արսեն Արտաշեսի Սարգսյանը,
Վահագն Արծրունի Գրիգորյանը,
Վահե Վահագնի Հովհաննիսյանը,
Հրաչ Գագիկի Առաքելյանը,
Մասիս Վարդանի Նազարյանը,
Վարուժան Գալուստի Դավթյանը,
Ալեքսանդր Իշխանի Կարապետյանը,
Սերգեյ Արամայիսի Ղազարյանը,
Արտավազդ Սարգսի Ամիրխանյանը:

-------------------------------------
2013-06-12

1993թ.-ի հունիսի 12-ն էր, Աղդամի շրջանի Մարզիլու գյուղում կրակոցներ էին հնչում, հետո լռություն տիրեց և մեկ ակնթարթում ամեն ինչ ավարտվեց…
Ընդհատվեց համեստ, ազնիվ, հայրենիքին նվիրված, ազգային վեհ գաղափարների խորհրդանիշը կրող զավակի` Մոնթե Մելքոնյանի կյանքը: Նրա համար ազատագրական պայքարը ինքնանպատակ չէր, այլ արդար ու ազնիվ հիմքերի վրա խարսխված պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհին դրված առաջին և անհրաժեշտ քայլ:
Այս տարի հունիսի 12-ին լրացավ ՀՀ ազգային հերոս, արցախյան պատերազմի տարեգրության մեջ անդառնալի կորուստով հիշվող Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցը: Այդ օրը Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմը այցելեց «Եռաբլուր» պանթեոն և «Հաղթանակի» զբոսայգի` նրա շիրիմին խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու համար:
Յուրաքանչյուր հայիս պարտքն է վառ պահել նրա հիշատակը:

-------------------------------------
2013-06-03

Ս.թ. հունիսի մեկից, ինչպես Հայաստանի Հանրապետության կրթօջախներում, այնպես էլ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, մեկնարկեց ավարտական և միասնական քննությունների սկիզբը: Մայիսի 30-ից վարժարանում իրականացվում են քննական առարկաների կոնսուլտացիոն պարապմունքները: Հունիսի 3-ին վարժարանում կայացավ հայոց լեզվի ավարտական քննությունը, որին մասնակցում էր ավարտական կուրսի թվով 89 սան:

-------------------------------------
2013-05-31

Ս.թ. մայիսի 29-30-ը «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի և զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների պաշտոնատար անձինք, մասնագետներ, սպա-հոգեբաններ: Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սպա-հոգեբան ավագ լեյտենանտ Ա. Հովհաննիսյանը:
Երկօրյա գիտաժողովի նպատակն էր համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների գիտական ներուժը, դրանք կիրառել ոլորտի կայացման աշխատանքներում:
Ներկայացվեցին զեկույցներ, գիտական հոդվածներ: Արվեցին արդյունավետ քննարկումներ, առաջարկներ` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ռազմական հոգեբանների գիտելիքների, հմտությունների, մասնագիտական ունակությունների բարձրացմանը: Կարևորվեց զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գործոնը, բարոյահոգեբանական խնդիրները, դրանց լուծումը, մայրենի լեզվի ուսուցումը, հաղթողի կերպարի ձևավորումը առավելապես բանակում, որոնք պիտի իրականացվեն ԶՈՒ-ում գիտաուսումնական հաստատությունների հետ համատեղ: Գիտաժողովում ավագ լեյտենանտ Ա. Հովհաննիսյանը ներկայացրեց տարվա կտրվածքով իր կողմից տարված աշխատանքի ծավալը, թե երեք տարվա ուսումնառության ընթացքում վարժարանն ինչ դեր է խաղացել մեր ապագա զինվորի, սպայի դաստիարակության և բարոյահոգեբանական արժեքների ձևավորման վրա: Նա ներկայացրեց նաև իր մտահաղացմամբ և վարժարանի աջակցությամբ լույս ընծայված ‹‹Մտքի ալիքներ›› գիրքը, ուր զետեղված են սաների անկեղծ մտքերն ու հիշողությունները, մաղթանքներն ու ապագայի ակնկալիքները, տեղեկություն հոգեբանական աշխատանքների վերլուծությունից:
Գիտաժողովի ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կատարեց քննարկում և հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր, որի իրականացումը պիտի կրի շարունակական բնույթ:

-------------------------------------
2013-05-24

Վերջին զանգ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան վարժարանում

Ս.թ. մայիսի 24-ը, ինչպես Հայաստանի Հանրապետության և Արցախի բոլոր կրթօջախներում, այնպես էլ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական էր: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի:
Հույզերով լի այս օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը,այլ հյուրեր, ծնողներ, ընկերներ:
Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ:
Վարժարանի պետ գնդապետ Վ.Վ.Ոսկանյանը բարի երթ մաղթեց շրջանավարտներին և նշեց, որ վերջիններս կրթվել են հաղթանակած երկրում և պետք է շարունակեն երկրի զարգացման ու հզորացման կարևոր առաքելությունը, իսկ ձեռք բերված գիտելիքները և ռազմական հմտությունները կօգնեն արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Ավարտական կուրսի սաները խրոխտ քայլերով իրենց վերջին երթը կատարեցին հարազատ վարժարանում: Նրանք արդեն կայացրել են իրենց որոշումը` դառնալ ռազմական գործի նվիրյալներ, համալրել հայոց բանակի սպայական կազմի շարքերը: 2012-2013 ուստարվա թվով 91 շրջանավարտից 88-ն այս տարի դիմել են ՀՀ և ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ:

-------------------------------------
2013-04-30

Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին

Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր պետությունների շուրջ 120 ներկայացուցիչ:
Համաժողովի նպատակն էր ստեղծել պատմաբանների միջպետական համագործակցություն, նոր սերնդի մեջ սերմանել հարևան պետությունների, նրանց պատմության, պատմական իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն, կատարել պատմական ակնարկ` Հայրենական մեծ պատերազմի հետևանքների և արդյունքների մասին:
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էր վարժարանի 1-ին կուրսի սան Գուրգեն Մկրտչյանը, ով միջոցառման ժամանակ պատշաճ ներկայացրել է Հայաստանը և կազմակերպիչների կողմից բարձր գնահատականի է արժանացել ակտիվ մասնակցության, ապագա հայ սպայի արժանապատիվ կեցվածքի համար:

-------------------------------------
2013-04-19

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Առնո Ալեքսանյանը նույնպես կայցելի Արցախ

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված «Արցախ` իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների և ԿԳՆ նախարար Ա.Աշոտյանի հետ հանդիպում:
Վերջինս խրախուսական շնորհակալագրեր հանձնեց մրցույթի հանրապետական փուլի տասը հաղթողներին, որոնց շարադրությունները համարվել էին լավագույններ:
Ուրախությամբ նշենք, որ լավագույնների մեջ է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական վաշտի սան Առնո Ալեքսանյանը:
Ինչպես նշեց ԿԳՆ նախարարը, բոլոր շարադրությունների մեջ կար ոգի, հպարտություն, սեր, Արցախին տեր կանգնելու պատրաստակամություն, ուստի իբրև պարգևատրում բոլոր հաղթողներն առաջիկայում եռօրյա այցելությամբ կուղևորվեն դեպի Արցախ:

-------------------------------------
2013-04-18

Ապրիլի 18-ին` Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը, Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմը Դավիթաշեն վարչական տարածքում և Զովունի գյուղում իրականացրեց աշխատանքներ` պաշտպանության նախարարի հրամանով կցագրված երկու հուշարձանների շրջակայքում: Օրն ուներ իր խորհուրդը` պատմամշակութային արժեքների և ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի արմատավորում և դրանք պահպանելու աշխատանքների արդյունավետության բարձրացում:
Միջոցառման նպատակն էր ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու միջոցով ապահովել գաղափարապես առողջ երիտասարդների դաստիարակումը, հոգևոր և բարոյահոգեբանական վիճակի մշտական և բազմակողմանի զարգացումը, հուշարձանների պատշաճ ձևով պահպանումը :
Խորհուրդն ամբողջացավ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի աշխատակից Աշոտ Հակոբյանի ս.թ. ապրիլի 19-ին վարժարան կատարած այցելությամբ, ով հետաքրքիր և ճանաչողական դասախոսություն կարդաց վարժարանի անձնակազմին հայկական պատմաճարտարապետական կոթողների մասին, վարժարանին հիմնադրամի կողմից նվիրեց պաստառներ, ամսագրեր, քարտեզ:

-------------------------------------
2013-04-10

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի անդամներին, ովքեր մասնակցել են փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքին և զբաղեցրել 1-ին պատվավոր տեղը:
Սեյրան Օհանյանը կարևորել է վարժարանի սաների արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարձր է գնահատել ռազմաուսումնական հաստատության դերը զինված ուժերում: Վարժարանի թիմի բոլոր անդամները պարգևատրվել են պատվոգրերով, իսկ 3 սպաներ ստացել են դրամական խրախուսում:

-------------------------------------
2013-04-09

Ս.թ. ապրիլի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձման և երդման հանդիսավոր արարողությունից հետո երկրի նախագահը այցելեց «Եռաբլուր» պանթեոն: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մի շարք լավագույն սաներ պատիվ ունեցան այդ կարևոր օրն ուղեկցելու երկրի նախագահին և իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկների շիրիմներին: Պահն անմոռանալի և պատվաբեր էր վարժարանի սաների համար:

-------------------------------------
2013-03-02

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ս.թ. մարտի 11-16-ը անցկացվեց ՀՀ ռազմական վարժարանների 4-րդ սպարտակիադան, որը տեղի ունեցավ բանակի կենտրոնական մարզական ակումբի մարզաբազայում:
Սպարտակիադայի նպատակն էր ՀՀ ռազմամարզական վարժարաններում մասսայականացնել ռազմակիրառական մարզաձևերը և բարձրացնել ֆիզիկական պատրաստության դերն ու նշանակությունը:
Սպարտակիադային հերթական անգամ իր մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը հետևյալ կազմով`
1.Վլադիմիր Արթուրի Եպիսկոպոսյան,
2.Հովհաննես Թևոսի Ղուկասյան,
3.Հովհաննես Սարգսի Իսրայելյան,
4.Յուրա Սերգեի Մանասյան,
5.Արսեն Արթուրի Ավետիսյան,
6.Տիգրան Արմենակի Հայրապետյան,
7.Մհեր Մարատի Դավթյան,
8.Հովհաննես Գևորգի Ասատրյան,
9.Գագիկ Հարությունի Ազարյան,
10.Էդգար Հակոբի Տոնոյան,
11.Նվեր Նվերի Գրիգորյան,
12.Արսեն Սուրենի Մեհրաբյան,
13.Նիկոլայ Արայիկի Աթոյան,
14.Արգամ Սամվելի Խանումյան,
15.Սերոբ Մակիչի Պողոսյան,
16.Սեյրան Սեդրակի Թովմասյան:
Թիմերն իրենց ուժերը չափեցին ռազմամարզական եռամարտ, փոխանցումավազք, քառամարտ, ֆուտբոլ, պարանի ձգում մարզաձևերում:
Մեր վարժարանի սաները ունեցան իրենց ակտիվ մասնակցությունը և համառ պայքարի արդյունքում, թիմային հաշվարկով չունենալով իրենց մրցակից, դարձան բացարձակ հաղթողներ պարանի ձգում մարզաձևում և ֆուտբոլի առաջնությունում` արժանանալով պատվավոր գավաթի: Ինչպես նաև թիմային հաշվարկով ռազմամարզական փոխանցումավազք մարզաձևում գրավեցին 2-րդ տեղը:
Անհատական արդյունքում 1-ին տեղը գրավեցին`
- 100մ վազքից Դավթյան Մհերը,
- նռնակի նետում նշանակետին մարզաձևից Հայրապետյան Տիգրանը:
Անհատական արդյունքում 2-րդ տեղը գրավեց`
- նռնակի նետում նշանակետին մարզաձևից Աթոյան Նիկոլայը:

-------------------------------------
2013-02-27

Ս.թ փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում հերթական անգամ կայացավ «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքը, որին արդեն 3-րդ անգամ իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը:2011թ.-ին միջազգային հավաքում վարժարանի թիմը զբաղեցրել էր 3-րդ տեղը, 2012թ.-ին` 2-րդ, իսկ այս տարի, արդյունքներում գերազանցելով շուրջ 40 թիմի, գրավել է 1-ին պատվավոր տեղը:
Միջոցառման նպատակն է մատաղ սերնդի մոտ հայրենասիրական գիտակցության ձևավորումը, ԱՊՀ երկրների հայրենասիրական ակումբների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Հաղթանակը հեշտ չի եղել, քանի որ մյուս թիմերն էլ իրենց պատրաստվածությամբ ու համառությամբ չեն զիջել միմյանց: Համառ պայքարի արդյունքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված ցանկացած բարդ ու դժվարին խնդիրները, որոնք ուղեկցվել են ձմռան ցրտաշունչ օրերով, անտառային բարդ բնակլիմայական պայմաններով` վրանային ավանում:
Անցկացվել են գործնական պարապմունքներ հետևյալ առարկաներից` հակահրդեհային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանություն, փրկարար ծառայություն, օդային տեսադիտում, մարտավարական պատրաստություն, ներքին զորքերի մարտավարություն, ռազմական տեղագրություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, փորձագիտություն, միայնակ արգելագոտի, տուրիստական արգելագոտի, ականապայթյունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենք, մարտական գործողությունների իմիտացիա` ինտերակտիվ զենքի գործադրմամբ, կրակային պատրաստություն, երաժշտական պարապմունք, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքներ, թիմերի շնորհանդես:
Փետրվարի 23-ին վարժարանի թիմը ուսումնական մասի պետ մայոր Կ.Ավագյանի գլխավորությամբ վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանի սրահում նրանց դիմավորելու էին եկել հարազատները, վարժարանի անձնակազմը և անձամբ վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը, հարազատ ընկերներ, ովքեր օրեր շարունակ համացանցի ուղիղ եթերով հետևում էին սաների բազմաբնույթ ելույթները:
Հաղթանակով վերադարձած սաներին դիմավորեցին հաղթական դափնեպսակով: Սաների կուրծքը զարդարված էր հուշամեդալներով: Ճանաչվելով լավագույն` նրանցից յուրաքանչյուրը հասցրել էր միջազգային հավաքում դառնալ «Օրվա հերոս» անվանակարգի հաղթող, որի համար ևս արժանացել էին առանձին պարգևների: Թիմային հաշվարկում ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ և արդյունքներ` վարժարանի թիմը գրավել է 1-ին պատվավոր տեղը: Սաները մեծ հպարտությամբ և պատվով ձեռքից ձեռք էին փոխանցում հաղթանակած գավաթը:
«Պատանի հայրենասերների» միջազգային հավաքի կազմակերպիչների հետ հանդիպումներում բազմիցս նշվել է, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը մեծ տպավորություն է թողել իր ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, բարձր կամային հատկանիշներով:
Հուզումնալից էր նաև մուտքը վարժարան: Շարահրապարակում շարային կեցվածքով և ծափողջույններով սաներին էին սպասում իրենց ընկերները, ովքեր հպարտ էին նրանց հաղթանակով:
Ողջույնի խոսքով սաներին դիմեց վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը: Նա շնորհավորեց փայլուն ու փառահեղ հաղթանակի համար, նշեց, որ միջազգային այս հավաքը կարևոր ու շրջադարձային նշանակություն ունի իրենց կյանքում. այստեղ հաղթում են արժանավորները, մտքով ճկուններն ու իմաստնացածները, իսկ սաների պատրաստվածությունը համապատասխանում է այդ ցուցանիշներին: Վ.Վ. Ոսկանյանը նշեց, որ վարժարանի թիմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե Հայաստանը ուժեղ և նպատակասլաց քաղաքացիներ է կերտում և դաստիարակում, ովքեր ունեն համառություն, նպատակին հասնելու պատրաստակամություն:
2013թ.-ին կայացած հավաքներին վարժարանի թիմի կազմում մասնակցել են
- մայոր Կարեն Ղարիբի Ավագյան` ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ
- կապիտան Շահեն Գառնիկի Սահակյան` 1-ին ուսումնական վաշտի հրամանատար
- լեյտենանտ Նորայր Մարտունիկի Սարգսյան` ֆիզիկական պատրաստության պետ
- սան Մկրտչյան Գուրգեն Տիգրանի
- սան Մարտիրոսյան Մհեր Գուրգենի
- սան Եպիսկոպոսյան Վլադիմիր Արթուրի
- սան Հայրապետյան Տիգրան Արմենակի
- սան Աղամիրյան Վրեժ Լևոնի
- սան Ղուկասյան Հովհաննես Թևոսի
- սան Իսրայելյան Հովհաննես Սարգսի
- սան Մանասյան Յուրա Սերգեի
- սան Ավետիսյան Արսեն Արթուրի
- սան Դավթյան Մհեր Մարատի

-------------------------------------
2013-01-30

Ս.թ. հունվարի 14-ից ‹‹Փամբակ›› լեռնային ուսումնական կենտրոնում, համաձայն Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական պլանի, իրականացվում է հերթական ճամբարային հավաք, որը շարունակվելու է մինչև փետրվարի 28-ը:
Չնայած եղանակային խիստ պայմաններին` ուսումնական կենտրոնում անցկացվում են գործնական պարապմունքներ լեռնային, կրակային, ֆիզիկական, ռազմաբժշկական, ինժեներական պատրաստություններից, ռազմական տեղագրությունից և պաշտպանություն զանգվածային խոցման զենքից: Պարապմունքների անցկացման նպատակը վարժարանում սովորելու ընթացքում ստացած գիտելիքները գործնականորեն ամրապնդելն է: Ավարտից հետո սաները կհանձնեն ստուգարքներ:
Վարժարանի սաներից շատերն աչքի են ընկնում իրենց ֆիզիկական պատրաստվածությամբ, մարտական ունակություններով, պարապմունքների ընթացքում ձեռք բերած գիտելիքներով: Իր հերթին էլ սպայական անձնակազմն անում է ամեն ինչ, ճամբարային հավաքը ճիշտ, արդյունավետ իրականացնելու համար:Ս.թ հունվարի 20-ին և 27-ին ավարտելով մեկշաբաթյա պարապմունքները` 1-ին և 2-րդ դասակները վերադարձել են վարժարան. նրանց փոխարինել է 3-րդ դասակը:
Վարժարանի 10 սանից կազմված թիմը երեք սպաների ուղեկցությամբ ս.թ. փետրվարի 12-23-ը հերթական անգամ կմասնակցեն ՌԴ Պերմ քաղաքում կայանալիք «Պատանի հայրենասերների» միջազգային հավաքին:

-------------------------------------
2012-11-25

Նոյեմբերի 25-ին լրանում էր Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակը: Այդ առիթով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ողջ անձնակազմը նոյեմբերի 24-ին այցելել է ‹‹Եռաբլուր›› պանթեոն` հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի նվիրյալին: Օրվա շրջանակներում հուզումնալից պահերով լի էր նաև վարժարանում ցուցադրված գեղեցիկ միջոցառում-ներկայացումը: Սաները դերասանական վարպետությամբ և մեծ ոգևորությամբ, բնական ու հուզիչ ներկայացրել են դրվագներ հերոս հայրենասերի կյանքից: Լսվել են Մոնթեի կենդանի խոսքն ու ծիծաղը, որով ամբողջացավ օրվա խորհուրդը:

-------------------------------------
2012-11-15

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ս.թ. նոյեմբերի 15-ին տոնական հանդիսավորությամբ նշվել է վարժարանի կազմավորման 19-ամյակը: Նոյեմբերի 15-ը խորհրդանշական էր առաջին ուսումնական վաշտի սաների համար, ովքեր հանդիսավոր երդման արարողությամբ այդ օրը դարձան վարժարանի սաներ: Նրանք ծնողներին և հրամանատարներին խոստացան լինել ազնիվ ու աշխատասեր, հոգով արի ու մշտապես մարզված, և այդ ամենով հանդերձ իրենց ներդրումն ունենալ հայոց հողի ու ժողովրդի բարօրության ապահովման համար:
Վարժարանի ակումբում տեղի ունեցած մշակութային միջոցառման ժամանակ ներկաներին ներկայացվել է վարժարանի պատմությունը, որը հագեցած է եղել բարդ, սակայն ոգևորիչ իրադարձություններով, անցած ուղին, որը հպարտություն է ներշնչում յուրաքանչյուր սպայի:
Վարժարանի մի շարք սաներ պարգևատրվել են պատվոգրերով, իսկ 2-րդ ուսումնական վաշտի ունկնդիր Վրեժ Աղամիրյանին՝ որպես վարժարանի լավագույն սան, կցագրվել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը:
Շնորհավորական ելույթով հանդես են եկել վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ովքեր կարևորել են վարժարանի դերը ռազմկրթական ոլորտի զարգացման մեջ և շեշտել, որ լուրջ և պատասխանատու աշխատանքի շնորհիվ սաներն ամրագրում են վարժարանի խոստումնալից և հեռանկարային ապագան:

-------------------------------------
2012-10-18

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Մ.Մելքոնյանի անվան, «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի և ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաների միջև ս.թ. հոկտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրում կայացավ ռազմամարզական մրցաշար:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը միջոցառմանը ներկայացավ ութ հոգանոց թիմով` ներքոհիշյալ սաների մասնակցությամբ.
Արսեն Սուրենի Մեհրաբյան,
Արման Մանուկի Զաքարյան,
Վրեժ Լևոնի Աղամիրյան,
Արսեն Արթուրի Ավետիսյան,
Մհեր Մարատի Դավթյան,
Էդգար Հակոբի Տոնոյան,
Տիգրան Արմենակի Հայրապետյան
Յուրա Սերգեյի Մանասյան:
Սան Մհեր Դավթյանը 100մ վազքից անհատական լավագույն արդյունք ցուցաբերելու համար արժանացավ պատվոգրի:
Հետևյալ մարզաձևերի`ինքնաձիգի քանդում-հավաքում, 100մ վազք, պարանի ձգում և հրաձգություն ՏՕԶ-8 հրացանից մրցումների արդյունքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը թիմային հաշվարկով գրավեց առաջին պատվավոր տեղը:

-------------------------------------
2012-10-14

Ս.թ. հոկտեմբերի 14-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մասնակցեցին Երևանում կայացած «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը:
Նրանք պատիվ ունեցան կազմակերպված տոնաշքերթում լինելու առաջինների շարքերում, ովքեր հանդիսավոր քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

-------------------------------------
2012-10-01

ՀՀ անկախության 21-րդ տարետարձին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբեր ամսին վարժարանի սաները հաղթահարել են 2528մ բարձրությամբ Հատիս լեռը, ծանոթացել են բուսական և կենդանական աշխարհին, շրջակա լեռնագագաթներին և լեռնաշղթաներին:

-------------------------------------
2012-09-26

Ս.թ. սեպտեմբերի 26-ին` հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, վարժարանի սաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք են մատուցել հայ սպայի հիշատակին և թարմ ծաղիկներ են դրել նրա շիրիմին:

-------------------------------------
2012-09-08

Սեպտեմբերի 8-ին` Գրագիտության միջազգային օրը, վարժարանի մի խումբ սաներ այցելել են Մատենադարանի նոր մասնաշենք, ուր կազմակերպվել էր հիմնական նմուշների ցուցադրություն:
Վարժարանի սաները ծանոթացել են գրականության հնագույն նմուշներին, մագաղաթների ստեղծման պատմությանը և մանրանկարչության եզակի գործերին: Մատենադարանում նրանց բացատրել են մանրանկարների գույների ստացման և պահպանման եղանակները: Բացի այդ, սաները ծանոթացել են հայկական գրատպության պատմությանը և թարգմանական եզակի աշխատանքներին:

-------------------------------------
2012-08-09

Ս.թ. հուլիսի 30-ից վարժարանում մեկնարկվել են ընդունելության քննությունները:
Ս.թ. օգոստոսի 03-ին, 04-ին և 06-ին մեր հանրապետության տարբեր շրջանների 9-րդ դասարանն ավարտած պատանիներն իրենց ուժերն էին փորձում «Ֆիզպատրաստություն» առարկայից` ձգումներ պտտաձողի վրա, 100 և 1000մ վազք:
Օգոստոսի 07-ին և 08-ին հանձնել են քննություններ «Հայոց լեզու» առարկայից, իսկ 10-ին և 11-ին կմասնակցեն կայանալիք «Մաթեմատիկա» առարկայի քննություններին:

-------------------------------------
2012-07-01

Ս.թ. հունիսի 30-ին վարժարանում տեղի ունեցավ տոնական ցերեկույթ` նվիրված 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտներին: Հրաժեշտի խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանը, ապա ավարտական կուրսին հանձնվեց միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ, Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ավարտական կրծքանշան, որը, ի դեպ, վարժարանի պատմության մեջ առաջին անգամն է, ինչ տրվում է շրջանավարտներին: Հանձնվեց նաև վարժարանի կողմից տպագրված «Մտքի ալիքներ» գիրքը, որտեղ ներառված են ավարտական կուրսի սաների մտքերն ու խոհերը, սկավառակ` երեք տարվա ուսումնառության ընթացքում արված լուսանկարներով:

-------------------------------------
2012-06-16

Մինչ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ընթանում են ավարտական կուրսի պետական քննությունները, 2-րդ կուրսի սաները հունիսի 1-ից մինչև հունիսի 14-ը մասնակցել են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքներին: Այն վարժարանի ուսումնական պլանով նախատեսված պլանային միջոցառում է:

Պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք մեր սաները ստացել են վարժարանում ուսանելու ընթացքում: Դաշտային պարապմունքների ժամանակ սպայական փորձառու անձնակազմն ուշադրությամբ հետևում է պարապմունքների անցկացմանը, անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանմանը:

Անցկացվել են գործնական պարապմունքներ մարտավարությունից, կրակային, ինժեներական, ռազմաբժշկական և լեռնային պատրաստություններից: Հանգստյան օրերին իրականացվել են սպորտմասսայական միջոցառումներ, իսկ լավագույն սաները այցելել են պատմամշակութային վայրեր, հոգևոր կենտրոններ:
Բարձր արդյունքներ են ցուցաբերել ներքոհիշյալ սաները`
Տիգրան Անդրանիկի Հայրապետյանը,
Անդրանիկ Ռուբենի Բաղյանը,
Մհեր Մարատի Դավթյանը,
Հովհաննես Թևոսի Ղուկասյանը,
Սուրեն Մհերի Անտոնյանը,
Արսեն Սուրենի Մեհրաբյանը,
Արման Մանուկի Զաքարյանը,
Դավիթ Մխիթարի Չիբուկյանը,
Արման Գրիգորի Մկրտչյանը և
Յուրա Սերգեյի Մանասյանը:

-------------------------------------
2012-06-08

Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանում ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Բայց վարժարանը շարունակում է ապրել իր կարգուկանոնով: Հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին` ավարտական վաշտի 84 սանի 98%-ը դիմել է ՀՀ և օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ:

Հունիսի 1-ից վարժարանում մեկնարկվել է ավարտական և միասնական քննությունների սկիզբը: Շրջանավարտները վարժարանում են, որտեղ ակտիվ ընթանում են կոնսուլտացիոն պարապմունքները ու դրանց հաջորդող 5 ավարտական և 4 միասնական քննությունները: ՈԻսումնական տարին ավարտվեց սաների բարձր առաջադիմությամբ, որի վառ ապացույցն է միասնական քննությունների դիմած սաների քանակը: ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում սովորելու ցանկություն հայտնած թվով 46-ը հանձնելու են միասնական քննություններ ռուսաց լեզվից, 3 սան մասնակցել են հայոց լեզվի միասնական քննությանը, 81 սան մասնակցելու են մաթեմատիկայի միասնական քննությանը, 80սան իրենց ուժերն են փորձելու ֆիզիկայից: Տիրոջ հովանավորությամբ և օգնությամբ մաղթենք իրենց հաջողություն և լուսավոր բարձրունքներ:

-------------------------------------