ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
ՀՀ ՊՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ս.ՕՀԱՆՅԱՆ, 9 դեկտեմբերի, 2010թ.
ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրային իրազեկման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ), որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության միասնական տեղեկատվական քաղաքականության իրագործմանը նպատակաուղղված հիմնարար դրույթների ամբողջություն, բխում է պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները սահմանող ուղեցույց փաստաթղթերի պահանջներից:

Հայեցակարգի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության մասին հանրային իրազեկման քաղաքականության իրականացման ուղիներն ու միջոցները սահմանելն է, պաշտպանության բնագավառի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը նպաստելը:

Սույն Հայեցակարգով ամրագրված դրույթները վերաբերվում են նաև ԼՂՀ պաշտպանության բնագավառին, որի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը հիմնավորվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում ԼՂ հակամարտության կարգավորումը որպես առանցքային խնդիր ներառելու իրողությամբ:

Հայեցակարգի հենքում զինված ուժերի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումների ծրագրերն են` ավելի հզոր, մարտունակ զինված ուժեր ունենալու անհրաժեշտությամբ:

Բարեփոխումներն առավել թափանցիկ կդարձնեն զինված ուժերը, կմեծանա դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության աստիճանը, որին կնպաստի նաև ակտիվ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և շահագրգիռ այլ կառույցների հետ:

Բանակաշինության գործընթացի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության աստիճանի բարձրացումը հնարավորություն կընձեռի ամրապնդելու բանակ-հասարակություն կապն ու փոխադարձ վստահությունը՝ ամուր հիմք ստեղծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանադրական նորմերը պահպանելու համար: Հանրության տեղեկացվածությունը կարևոր է նաև տեղեկատվական պայքարի տեսանկյունից՝ սպառիչ և արժանահավատ տեղեկատվությամբ դիմագրավելու հակահայկական քարոզչությունը:

Զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության լծակների կիրառումը կանխատեսելի կդարձնի երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը կոչված կառույցի ներուժի` ըստ նշանակության գործադրելու իրողությունը:

Վերոնշյալ նկատառումներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրային իրազեկման քաղաքականության հետևյալ խնդիրներն ու առաջնահերթությունները.

I. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԽՆԴԻՐՆԵՐ

Պաշտպանական քաղաքականության թափանցիկության ապահովում, հանրությանը հաշվետու լինելու միջոցների կատարելագործում:

Պաշտպանական բարեփոխումների տեղեկատվական ապահովում՝ հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթների, ՀՀ զինված ուժերում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման գործընթացների հստակեցման առումով:

Բանակ-հասարակություն փոխհամագործակցության ամրապնդում՝ մասնակցային գործընթացների ակտիվացմամբ:

Զանգվածային լրատվամիջոցների (տեղական և օտարերկրյա) և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն՝ զարգացման ծրագրերի հաստատմամբ:

Ներքին և արտաքին տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության բազմակողմանի լուսաբանում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակության բարձրացման, բազմազգ ուժերի կազմում փոխգործունակ ստորաբաժանումների առկայության, խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում մասնակցության ընդլայնման, ինչպես նաև զինծառայողների մարտական ոգու վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակում և իրականացում, հակառակորդի քարոզչության իրական նպատակների բացահայտում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հեղինակության բարձրացմանը միտված տեղեկատվության պարբերական ապահովում՝ նաև հանրային իրազեկման քաղաքականությունում պաշտպանության բնագավառի բարձրաստիճան սպայակազմի, պաշտոնյաների ներգրավմամբ:

Ռազմաքաղաքական համագործակցության ծրագրերով արտերկիր գործուղվող սպաների և զինծառայողների տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Այդ թվում՝ հեռակա էլեկտրոնային ուսուցմամբ:

Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ընդլայնում:

Զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված աշխատանքների բարելավման գործընթաց` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, շահագրգիռ այլ կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ և արդիականացման ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ, զինծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակի հստակեցում, ծառայության և կենցաղի պայմանների բարելավում:

Հանրության մասնակցության ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտի ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթեր կազմելու և պաշտպանական քաղաքականություն ձևավորելու ծրագրերին:

Միջազգային ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի, դրանցում կատարվելիք փոփոխությունների և այլ հարցերի վերաբերյալ հասարակության իրազեկման մասնագետների պատրաստում և վերապատրաստում հայրենի և օտարերկրյա հաստատություններում:

Բանակաշինության արդի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը զուգընթաց զորամասային օղակի հանրային իրազեկման գծով սպաների մասնագիտացում` ապագայում հասարակության հետ տարվող աշխատանքներում այդ սպաների առավել ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի, հայրենասիրության և գաղափարական կայունության ապահովման նպատակով համապատասխան մասնագետների` սոցիալական աշխատողների, սոցիոլոգների, հոգեբանների ընդգրկում բանակաշինության գործում:

Մշտական ուշադրության ցուցաբերում զինվորական ծառայության և զորահավաքի կազմակերպման հարցերին, պահեստազորին, զինծառայողների և զինապարտների մարտական պատրաստականության բարձացմանը, նախազորակոչային ու զորահավաքային համալիր միջոցառումների և զորավարժությունների անցկացմանն ու այդ առնչությամբ հանրության իրազեկմանը:

Բանակի, զինծառայողների նկատմամբ դրական կարծիքի, նրանց կերպարի ձևավորմանը և պահպանմանը նպաստող մթնոլորտի ստեղծում՝ հանրային կարծիքի նկատառմամբ, սերտացնելով պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական տարբեր խմբերի հետ կապերը:

Արցախյան ազատամարտի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի հաղթական էջերի լուսաբանմամբ երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը նպաստելը:

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Սույն Հայեցակարգով հանրային իրազեկում կազմակերպելու, ինչպես նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրության կարծիքը մշտապես նկատառելու և հետադարձ կապն ապահովելու նպատակով անհրաժեշտ է.

1. Կենտրոնացնել գերատեսչական տեղեկատվական ներուժը և զարգացնել տեղեկատվական զինանոցի հնարավորությունները` ներդնելով տեխնիկական նոր միջոցներ ու աշխատանքային ոճ, ժամանակակից PR տեխնոլոգիաներ, մասնավորապես՝

1.1. գերատեսչական հեռուստառադիոհաղորդումների և պաշտոնաթերթի գործունեության ուղղորդում` նոր սկզբունքների ու տեսակետների համաձայն,

1.2. հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների, տպագիր և էլեկտրոնային այլ լրատվամիջոցների հետ համագործակցության խորացում` համատեղ ծրագրերի իրականացմամբ,

1.3. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի հնարավորությունների զարգացում: Հասարակության հետ էլեկտրոնային փոստով շփման և հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների կիրառում, օրակարգային և հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների վերաբերյալ կայքէջում հարցումների անցկացում, քննարկումների, համաժողովների կազմակերպում,

1.4. «Թեժ գծերի», «Վստահության հեռախոսների» և այլ միջոցների կիրառում՝ պաշտպանական բարեփոխումների առումով արձանագրված արդյունքները պարզելու համար,

1.5. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման, ռազմակրթական հաստատությունների և այլ կայքէջերի թողարկում,

1.6. Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության` տեղեկատվական բնույթի տպագիր հրատարակությունների, ռազմագիտական հանդեսների, մատենաշարերի գաղափարապես և որակապես կատարելագործում, նոր պարբերականների հիմնում՝ նաև էլեկտրոնային տարբերակներով,

1.7. վավերագրական ֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ու ցուցադրման կազմակերպում, գերատեսչական ֆոտոտեսապահուստի դասակարգում, փաստավավերագրական նյութերի համակարգում,

1.8. բանակային և ռազմաքաղաքական թեմաներով ստեղծագործական աշխատանքների մրցանակաբաշխությունների անցկացում՝ հասարակության լայն խավերի ընդգրկմամբ, տեղեկատվական քաղաքականության և այլ հրատապ հարցերով փորձագիտական հանձնախմբերի ձևավորում, մրցույթների, հասարակական հնչեղության խնդիրների քննարկումների կազմակերպում:

2. Շարունակել գործուն և համակարգված փոխգործակցությունը տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ, որի համար մասնավորապես անհրաժեշտ է.

2.1. բանակային իրադարձություններն այսուհետ ևս ընդգրկուն ու անկողմնակալ լուսաբանելու, բանակային անցուդարձն առավել հրապարակային դարձնելու նպատակով զարգացնել ձևավորված աշխատանքային ավանդույթները` ժամանակին ազդարարելով պաշտոնական հանդիպումների, այցերի, միջոցառումների, բանակային հրատապ թեմաների քննարկումների, ասուլիսների, սեմինարների և տեղեկատվական արշավների մասին,

2.2. շարունակել մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ լրագրողների այցերի կազմակերպումը,

2.3. կատարելագործել պաշտպանական ոլորտի տեղեկատվությունը հանրությանը հասու դարձնելու մեխանիզմներն այնպես, որ զանգվածային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները կարողանան հեշտությամբ օգտվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գործունեության վերաբերյալ բաց տեղեկատվությունից,

2.4. Բանակում առկա չարաշահումների, հանցավորության դեպքերի առավել հանգամանորեն և օբյեկտիվ լուսաբանման համար ապահովել քննարկման ասպարեզ` կանխելով զանվածային լրատվամիջոցներում այդ թեմաներով շահարկումներն ու կամայական մեկնաբանությունները:

3. Միասնական տեղեկատվական քաղաքականություն մշակելիս ելակետային համարելով հանրության կարծիքն ու տրամադրությունները և կարևորելով սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ վերջիններիս հետ կամ սեփական ուժերով անցկացնել հարցումներ և պարզել.

3.1. պաշտպանական գերատեսչությունում իրականացվող ռազմաքաղաքական ծրագրերի՝ պաշտպանական բարեփոխումների առնչությամբ հանրության տարբեր խմբերի վստահության աստիճանը, ինչպես նաև նրանց գնահատականը, ինչի արդյունքում կուրվագծվեն ընթացող բարեփոխումների և պաշտպանական օրենսդրական փոփոխությունների խնդրում հասարակության աջակցությունն ստանալու արդյունավետ ուղիները,

3.2. երկրի պաշտպանվածության և բանակի մարտունակության վերաբերյալ հանրության տեսակետն ու ակնկալիքները Հայաստանի Հանրապետության զինված ուժերից` որպես երկրի անվտանգության հիմնական երաշխավոր, ինչպես նաև վերաբերմունքը բանակում առկա թերությունների, դրանց վերացման ձեռնարկվող միջոցառումների առնչությամբ:

4. Կարևորել երիտասարդությանը, հատկապես նախազորակոչային տարիքի պատանիներին, ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու նպատակով կազմակերպվող աշխատանքները:

5. Պաշտպանական բարեփոխումների իրականացմանը զուգընթաց շարունակել հանրությանն իրազեկել օրենսդրական դաշտում կատարվող փոփոխություններին՝ ըստ անհրաժեշտության կազմակերպելով նաև հանրային քննարկումներ:

6. Կարևորել համագործակցությունը միջազգային տեղեկատվական աղբյուրների հետ` ընդլայնելով օտար լեզուներով տեղեկատվության տրամադրման և տարածման հնարավորությունները:

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հայեցակարգի դրույթներն իրագործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ղեկավարվելով Վարչության կանոնադրությամբ և ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով:

Սույն Հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող գործողությունները ներառվում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքային պլաններում, միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերում:

Միասնական տեղեկատվական քաղաքականության իրականացմանը նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային պլանները կազմելու նպատակով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու բոլոր օղակներից ժամանակին համակարգված տեղեկություններ է ստանում հայեցակարգային դրույթներում ներառված ուղղությունների, գործողությունների ծրագրերի ու միջոցառումների պլանավորման և իրականացման վերաբերյալ՝ ապահովելով տեղեկատվության տրամադրման հետադարձ կապը նույնպես:

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգի դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաստաթղթերի փաթեթում, ուղեցույց փաստաթղթերում, ինչպես նաև պաշտպանական քաղաքականության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կատարվող փոփոխություններով:

Հայեցակարգը կազմում են ՀՀ պաշտպանության նախարարության միասնական տեղեկատվական քաղաքականություն մշակող և իրագործող ստորաբաժանումները, հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:

Հանրության հետ շփումներում ի պաշտոնե ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի անունից հանդես եկող պաշտոնյաները և զինծառայողները պետք է առաջնորդվեն Հայեցակարգի դրույթներով, և դրանց հիման վրա ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մշակելիք ուղեցույց փաստաթղթերով, հրահանգներով ու ծրագրերով: