ԲԱԺԻՆՆԵՐ
Տեղեկատվություն ստանալու կարգը և եղանակները
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
3 Հուլիսի 2015
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Տեղեկատվություն ստանալու հարցման կարգը կանոնակարգված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

Տեղեկատվություն ստանալու գրավոր հարցման կարգը՝

Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.
• եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։
Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործավարության մյուս ձևերից առանձին:
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են. դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքի:
Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

Տեղեկատվություն ստանալու բանավոր հարցման կարգը
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը։ Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝
• պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
• անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
• անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում։ Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը։

Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը

Տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե դա
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:


Տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձև

Հարգելի պրն/տկն ____________________
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ __________________________(հնարավորինս հստակ ձևակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում՝ բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) և հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:
(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):

Կանխավ շնորհակալ եմ`
անուն, ազգանուն ստորագրություն
ամսաթիվ

ՀՀ ՊՆ համակարգում տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու պաշտոնյա է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Կոնտակտային տվյալներ. Էլ. փոստ. modpress@mil.am, հեռախոս. 010 294699, 010 294537