ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
16 Հունիսի 2016
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 26-ի N 52 արձանագրային որոշման և ՀՀ կառավարության 2016թ. մարտի 31-ի N 337-Ն որոշման պահանջները, ինչպես նաև ամփոփելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդին անդամակցության համար սահմանված կարգով ներկայացված հայտերի քննարկման արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարարը 07.06.2016թ. ստորագրել է «ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու, հասարակական խորհրդի աշխատակարգը և հասարակական խորհրդի կազմը հաստատելու մասին» հրաման:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.

Գեղամ Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական
Խաչատուր Գասպարյան - Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար
Կարին Տոնոյան - «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն
Հակոբ Թադևոսյան - ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ
Անահիտ Հովնանյան - Հայաստանի «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ
Հռիփսիմե Մարգարյան - Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական
Վազգեն Մելիքյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն
Էդուարդ Մանևիդիս - «Կյանք» մարդու իրավունքների,քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Ավետիք Իշխանյան - «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
Գագիկ Գինոսյան - «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար
Տիգրան Պետրոսյանց - «Զորավար» բարեգործական հիմնադրամի տնօրեն
Ամո Շարոյան - «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ
Աստղիկ Ավետիսյան - «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Սյուզաննա Բադոյան - «Դիալոգ» մամուլի ակումբի տնօրեն
Վահագն Վարագյան - ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը.

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգը սահմանում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) կարգավիճակը, գործունեության ուղղությունները, ձևավորման և աշխատանքների իրականացման, անդամների իրավունքների և պարտականությունների, լիազորությունների դադարեցման, գործունեության վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և կազմավորվում է ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով` ՀՀ քաղաքացիների և հասարակական միավորումների կամավոր մասնակցության սկզբունքի հիման վրա: Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

I I. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Խորհուրդը`
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը` նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ ներկայացնելով առաջարկներ և դիտողություններ,
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները` նախարարության խնդիրների և գործառույթների իրականացման վերաբերյալ,
3) ներկայացնում է առաջարկներ և դիտողություններ.
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ ու աջակցում հանրային քննարկումներին,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության վերաբերյալ,
դ. զինված ուժերում իրավակարգի և օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման վերաբերյալ:

I I I. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Խորհրդի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարն է (այսուհետ` Խորհրդի նախագահ):
5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Խորհրդի նախագահը: Խորհրդի կազմում ընդգրկվում է առնվազն 15 անդամ: Խորհրդի անդամների առավելագույն թվաքանակը հաստատում է Խորհրդի նախագահը:
6. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, պաշտպանական ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:
7. Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանասավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն) ստանում նախարարությունից: Խորհրդի նախագահը, պատճառաբանված որոշման հիման վրա, կարող է նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում, որը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքէջում:
8. Խորհրդի կազմում ընդգրկվել ցանկացող կազմակերպությունները և անձինք նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարությունում նշված ձևով և ժամկետներում) դիմում են ներկայացնում Խորհրդի նախագահին:
9. Խորհրդի նախագահը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում բավարարել կամ մերժել դիմումը` այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Դիմումի մերժումը պետք է պատշաճ կարգով հիմնավորվի Խորհրդի նախագահի կողմից:
10. Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակի համալրելու անհնարիության դեպքում Խորհուրդը կազմավորվում է սույն Աշխատակարգի 6-րդ կետի պահանջները բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խորհրդի կազմը լրացնելու նպատակով հրապարակվում է նոր հայտարարություն` նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց:
11. Երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի` ըստ վիճակահանության` հաշվի առնելով Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում` Խորհրդի գործունեության 2 տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է Խորհրդում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ:
12. Խորհուրդը նոր անդամներով համալրելու վերաբերյալ դիմում չներկայացվելու դեպքում ռոտացիա չի կիրառվում և հետագայում ռոտացիա կիրառելու նպատակով հրապարակվում է հայտարարություն` նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց: Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս եկած անդամը կարող է Խորհրդում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացնել Խորհրդի կազմից դուրս գալուց 2 տարի անց:
13. Խորհրդի նախագահը կարող է իր նախաձեռնությամբ Խորհրդի նվազագույն կազմից բացի որպես Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկել այլ շահագրգիռ անձի (վերջինիս համաձայնությամբ), եթե գտնում է, որ տվյալ անձի մասնակցությունը կարող է էական նշանակություն ունենալ Խորհրդի ընթացիկ աշխատանքների համար:
14. Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են Խորհրդում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխարինելու դիմում ներկայացնել, եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն Աշխատակարի 6-րդ կետով նախատեսված պահանջներին:

IV. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի անցկացման, զինված ուժերի ստորաբաժանումներում ստուգայցերի և ուսումնասիրությունների, նախարարության տարբեր հանձնաժողովներում մասնակցության, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրման, հանրային քննարկումների անցկացման, նախարարության և զինված ուժերի գործառույթներին օժանդակող ծրագրերի և միջոցառումների իրագործման միջոցով: Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է Խորհրդի աշխատանքները համակարգողը:
16. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական և նյութական ապահովումը, ինչպես նաև քարտուղարության հետ կապված հարցերը լուծում է նախարարությունը:
17. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ կարող է գումարվել Խորհրդի արտահերթ նիստ` ելնելով տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապությունից:
18. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:
19. Խորհրդի նիստերը նախագահում և վարում է Խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված` Խորհրդի աշխատանքները համակարգող անձը: Խորհրդի նիստերը բացառիկ դեպքերում կարող է վարել նախարարի տեղակալը:
20. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող նախարարության և այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:
21. Խորհրդի նիստն անցկացվում է Խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի օրակարգը ձևավորվում է Խորհրդի նախագահի և կամ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
22. Խորհրդի նիստի անցկացման մասին Խորհրդի անդամները ծանուցվում են նիստից առնվազն քսան օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ Խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար կարող է այն ներկայացնել նիստից առնվազն տասը օր առաջ` կցելով անհրաժեշտ նյութերը:
23. Խորհրդի նիստի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ` էլեկտրոնային փոստի միջոցով:
24. Խորհրդի նիստերը դռնբաց են:
25. Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է Խորհրդի նիստը նախագահողի ձայնը:
26. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում է`
1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը,
2) նիստի օրակարգը,
3) նիստին մասնակցող խորհրդի անդամների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները.
4) քննարկվող հարցերի և ելույթների հիմնական դրույթները,
5) նիստին մասնակցող խորհրդի անդամների ներկայացրած հանրային առաջարները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները,
6) ընդունված որոշումները` ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները,
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
27. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը և նիստի արձանագրությունը կազմող աշխատակիցը` նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
28. Խորհրդի աշխատանքների հետ կապված ծանուցումները և տեղեկատվության փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` խորհրդի անդամների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներով:
29. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարության աշխատակազմում և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում` Խորհրդի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:
30. Նախագահողի որոշմամբ Խորհրդի նիստը կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Խորհրդի նախագահը`
1) ղեկավարում է Խորհրդի գործունեությունը,
2) ընտրում և հաստատում է Խորհրդի կազմը,
3) կարող է լիազորել Խորհրդի որևէ անդամի` համակարգելու Խորհրդի ընթացիկ աշխատանքները,
4) վարում է Խորհրդի նիստերը,
5) հաստատում է Խորհրդի օրակարգը և ստորագրում Խորհրդի նիստերի արձանագրությունները,
6) որոշում է Խորհրդի նիստերին հրավիրվող այլ անձանց կազմը,
7) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
32. Խորհրդի անդամն իրավունք ունի`
1) ներկայացնել հարցեր` Խորհրդի օրակարգում ընդգրկելու համար,
2) ներկայացնել կարծիք` Խորհրդի նիստում քննարկվող հարցերի շուրջ,
3) մասնակցելու քվերակությանը:
33. Խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել Խորհրդի նիստերին:

VI.ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
34. Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է`
1) Խորհրդի անդամի դիմումի հիման վրա,
2) Խորհրդի նիստերին երեք անգամ անհարգելի բացակայելու դեպքում,
3) ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս գալու դեպքում,
4) Խորհրդի անդամին առաջադրվող պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ նոր փաստերի առկայության դեպքում,
5) Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպության լիազոր ներկայացուցչին փոխելու և կազմակերպության կողմից ներկայացված նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում:
35. Սույն Աշխատակարգի 34-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ:
36. Սույն Աշխատակարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ, որը հնգօրյա ժամկետում առաքվում է տվյալ անձին կամ այն կազմակերպություն, որին անդամակցում է տվյալ անձը: Սույն Աշխատակարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվելու դեպքում տվյալ անձը երկու տարի ժամկետով զրկվում է Խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունքից:

VII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
37. Խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները հնգօրյա ժամկետում տրամադրվում են Խորհրդի բոլոր անդամներին` վերջիններիս ցանկությամբ, իսկ Խորհրդի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքէջում:
38. Խորհրդի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը խորհրդի անդամներին ապահովում է Խորհրդի ընթացիկ աշխատանքները համակարգողը:
39. Խորհրդի գործունեության տարեկան հաշվետվությունը մինչև մյուս տարվա հունվարի 20-ը տեղադրվում է նախարարության պաշտոնական կայքէջում: