ԲԱԺԻՆՆԵՐ
Հոգևոր առաջնորդությունը ՀՀ զինված ուժերում
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
6 Հուլիսի 2015
Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Բանակի հոգևոր ծառայության առաջին պատասխանատուն էր Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը: 1999թ. դեկտեմբերին ծառայության պատասխանատու նշանակվեց Տ. Արշեն աբեղա Սանոսյանը, որից հետո Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը: 2007 թ. հոկտեմբեր ամսից ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ է նշանակվել առաջին պատասխանատուն` գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Մեր բանակն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել հոգևոր խորհրդատու կամ սպասավոր, չնայած որ հայ հոգևորականը` մեկ ձեռքին Քրիստոսի հաղթական Սուրբ խաչը, իսկ մյուսին էլ սուրը միշտ էլ եղել է հայ զինվորի և զորականի կողքին հատկապես պատերազմների ժամանակ:
Հատկանշական է 451թ. Ավարայրի ճակատամարտը, որտեղ ողջ հայ ժողովուրդը հանուն հավատի և հայրենյաց ոտքի ելավ և դիմագրավեց ահեղ թշնամուն: Առաջին շարքերում էին բազմաթիվ հոգևորականներ, ովքեր աչքի ընկան արիությամբ և խիզախությամբ: Սարդարապատի ճակատամարտում հայ հոգևորականները նույնիսկ փոքր գունդ են ունեցել: Իսկ հայրենական մեծ պատերազմի տարիներին հիշարժան է Գևորգ 6-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի (1945-1954) ջանքերով և եկեղեցու միջոցներով կազմավորած և ռազմի դաշտ ուղարկած «Սասունցի Դավիթ» և «Դավիթ Բեկ» տանկային շարասյուները:
Հայոց բանակի առաջին հոգևոր խորհրդատուները նշանակվել են Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերին: Նույնիսկ փորձեր են արվել բանակի հոգևոր ծառայությունը ձևակերպել օրենքով` կարգավորելու համար նրա գործունեությունը: Նույն նպատակով 1997թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում և հստակեցվում էին բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը հաստատվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով և մտնում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ: Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Աստվածաշնչին, Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով: Բանակի հոգևոր առաջնորդությունը սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար: Զորամասի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր: Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, յուրաքանչյուր դիրքափոխից առաջ դիրքապահ զինվորներին խրախուսում են իրենց խոսքով և աղոթքով ճանապարհում, այցելում են նաև սահմանապահ ուղեկալներ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագանցություններ, կատարում են Եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ: Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և առավել մոտենում Մայր Եկեղեցու վարդապետությանը: Բանակի հոգևոր ծառայութան ծրագիրը ձևակերպված է պաշտպանության նախարարության կառուցվածքում: Որոշ զորամասերում կառուցվել են մատուռներ:
Հաստատվել են զորամասերում կառուցվելիք եկեղեցիների նախագծերը և մոտ ապագայում գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց աղոթատեղիները, որոնք կօգնեն մեր հոգևոր սպասավորներին իրենց սրբազան առաքելությունը (Սուրբ Պատարագ, տարբեր ծիսական արարողություններ) ավելի բարեհաջող կազմակերպելու գործին, և յուրաքանչուր զինվոր հնարավորություն կունենա իր սրտի գոհունակ աղոթքն առ Աստված բարձրացնելու:
2010թ. հունվարի 6-ի Սուրբ ծննդյան բերկրաշատ տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետը մատուցեց Սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց Ջրօրհնյաց Սուրբ արարողություն և Խաչի քավոր դառնալու մեծապատվությունը ստանձնել էր ՀՀ Պաշտպանության նախարար Տիար Սեյրան Օհանյանը: Մեծարգո նախարարի առաջարկությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ջրօրհնյաց Սուրբ խաչով օրհնվեցին մեր Հայրենի երկրի սահմանները, կատարվեցին Սուրբ խաչով Ջրօրհնյաց արարողություններ` ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
2010թ. Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը հրատարակեց զինծառայողների համար նախատեսված Նոր Կտակարաններ (ներառյալ Սաղմոսաց գիրքը) և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի ձեռամբ բաժանվեց ՀՀ և ԼՂՀ սահմանապահ գրեթե բոլոր զորամասերի զինծառայողներին:
Ներկայում ավելի քան 40 հոգևորական է ծառայում ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ:
Բանակի հոգևոր ծառայությունը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի համանման ծրագրերի հետ: Հովվության աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար Մեծ Բրիտանիայի և Հունաստանի բանակների հոգևոր ծառայողները բազմիցս այցելել են Հայաստան: Հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը ալցելել է Հունաստան: Քայլեր են կատարվում տեղեկատվության և փորձի փոխանակման, համագործակցության ուղղությամբ: 2003թ. փետրվարին հոգեշնորհ Տ. Արշեն աբեղա Սանոսյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակի հոգևոր ծառայության 14-րդ տարեկան գիտաժողովին: Իսկ 2004թ. փետրվարին բանակի հոգևոր ծառայության ներկայացուցիչները մասնակցեցին Հունաստանում գումարված 15-րդ գիտաժողովին:
2009թ. մայիս 28-ին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը մեկնել է Անգլիա` մասնակցելու բանակի քրիստոնեական ընկերակցությունների միության (Association of Military Christian Fellowships AMCF) համաեվրոպական հերթական կոնֆերանսին, որին մասնակցում էին զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող եվրոպական 24 երկրների շուրջ 170 պատվիրակներ, ի շարս որոնց նաև` դիտորդներ Միացյալ Նահանգներից, Աֆրիկայից, Հարավային Կորեայից ու Չինաստանից: 5-օրյա նիստերի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ, որոնք հիմնականում կենտրոնացած էին հավատքի, ընտանիքի և քրիստոնեական ընկերակցության թեմաների վրա:
2009թ. նոյեմբերի 2-6-ը հայ-հունական համատեղ միջոցառումների շրջանակներում Հայաստանում էին գտնվում Հունաստանի Հանրապետության ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Գեորգիոս Ապոստոլակիդիսը և նրա օգնական հայր Ալեքսիոս Իստրաօղլուն: Նրանք ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի հետ միասին հանդիպեցին Վեհափառ հայրապետին, պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Հույն հոգևորականները նաև մասնակցեցին ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայություն սպասավորների ամենամսյա կազմակերպվող ժողովին, որտեղ քննարկվեցին տարբեր թեմաներ (ինչպե՞ս ավելի արդյունավետ կազմակերպել հոգևոր դասընթացները, ինչպիսի՞ հանձնառություններ և պատասխանատվություններ ունեն հույն հոգևոր սպասավորները, ինչպիսի՞ և ի՞նչ միջոցներով բարձրացնել զինվորների հոգևոր-բարոյական նկարագիրը և այլն): Այցի ընթացքում իրականացվել են երկու կողմերի միջև փորձի փոխանակում, որն էլ կնպաստի հետագայ ծրագրերի ու միջոցառումների մշակման համար:
Մասնակցությունը գիտաժողովներին ծնում է նոր գաղափարներ, որոնք օգնում են Հայաստանի զինծառայողների հոգևոր կարիքները հոգալու համար ավելի արդյունավետ ուղիներ գտնել:

ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը (ավազանի անունով Կամո) ծնվել է 1962թ. մարտի 21-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ութամյա դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Սումգայիթի միջնակարգ դպրոցում:
1980թ. ընդունվել է Էջմիածնի Հոգևոր Ճեմարան: 1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է ճեմարանում և ավարտել 1987թ.:
1986թ. դեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին ձեռամբ լուսահոգի Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ` ծառայելով Մայր Տաճարին կից թանգարանում: 1988թ. մայիսի 22-ին Հոգեգալստյան տոնին ձեռամբ Տ. Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ստանալով Վրթանես հոգևոր անունը Վազգեն Վեհափառի կողմից: Ձեռնադրությունից հետո շարունակել է ծառայությունը թանգարանում, միաժամանակ շաբաթ-կիրակի օրերին հոգևոր ծառայության եղել Մեղրիում: Մինչ 1989թ. հունիս ամիսը բազմիցս հոգևոր առաքելությամբ եղել է Արցախում: Արցախի թեմի վերաբացումից հետո իր կամքով և գերաշնորհ Տ. Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկնել է Արցախ` ստանձնելով Ամարասի վանքի վանահոր պաշտոնը: 1993–1996թթ. եղել է Արցախի թեմի փոխառաջնորդ, 1996-1997թթ.` Սուրբ Հռիփսիմե վանքի վանահայր: 1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի հոգևոր խորհրդականը և բանակի հոգևոր առաջնորդը: 1999–2001թթ. կրկին ստանձնել է Ս. Հռիփսիմե վանքի վանահոր պաշտոնը: 2001–2006թթ. Իջևանի և Տավուշի մարզի հոգևոր հովիվն էր, 2006–2007թթ. Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի փոխառաջնորդը: 2007թ. հոկտեմբերից մինչ օրս ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդն է: 2008թ. հոկտեմբեր 25-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռնադրվել է` ստանալով եպիսկոպոսական աստիճան:
ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության ամենօրյա գործունեությանը կարող եք հետևել www.armchaplain.org կայքում: