ԲԱԺԻՆՆԵՐ
Միջազգային ռազմական համագործակցություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
28 Հունիսի 2015
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջազգային ռազմական համագործակցության նպատակն է ՀՀ զինված ուժերի մարտունակության ու հեղինակության ամրապնդումը, պաշտպանական բարեփոխումների բարեհաջող և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև դաշնակից ու գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմամբ ազգային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների կատարումը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին և դրա շրջանակներում իրականացվող ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության կողմից դիտարկվում է որպես ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովելու համար միջազգային համագործակցության առաջնային և կարևոր ուղղություններից մեկը: Այդ պատճառով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ակտիվորեն ներգրավվում է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի գրեթե բոլոր գործընթացներում: ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարեկան կտրվածքով անցկացվող նշանակալից ու կարևորագույն միջոցառումներից է Կազմակերպության <<Արագ արձագանքման հավաքական ուժերի>> մասնակցությամբ իրականացվող զորավարժությունները: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը նշյալ զորավարժություններին հնարավորություն են տալիս վերջիններիս բարձրացնել միջազգային ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակը, նաև կատարելագործել ռազմական արվեստին տիրապետելու վարպետությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԽՍՀՄ փլուզումից ի վեր ԱՊՀ-ն հիմնականում ծառայել է նախկին խորհրդային պետությունների համար որպես քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բնույթի կապերի պահպանման և զարգացման գործուն հարթակ: Օգտագործելով ԱՊՀ կողմից ընձեռնվող ինտեգրման հնարավորությունները` սկսած 1990-ական թվականների առաջին կեսից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համագործակցություն է ծավալել տվյալ կազմակերպության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում: Ներկայումս ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի, դրա փորձագիտական կոմիտեների և այլ մարմինների գործունեությանը: ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ղեկավարները մշտապես մասնակցում են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ), ինչպես նաև համապատասխան կոմիտեների նիստերին:

ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության դինամիկան պայմանավորված է այս կառույցի ներսում ընթացող բարեփոխումներով: Հայաստանը ողջունելի է համարում ԱՊՀ կառույցների բարեփոխման նախաձեռնությունը և իր առաջարկություններով ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին:

ՀՀ-ՆԱՏՕ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները իրենց կարևոր դերակատարությունն ունեն Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում, քանի որ Հայաստանը որդեգրել է Եվրոպական զարգացման ուղեգիծ, իսկ ՆԱՏՕ-ն Եվրոպական անվտանգությունն ապահովող կառույցն է: Եվ բնական է, որ այլ ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև ռազմական հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այդ հարաբերությունների բնական և ոչ պարտադրված բնույթը ստեղծում է այն բարենպաստ հիմքը, որը դրանց համար ապահովում է անկեղծ և արդյունավետ զարգացում:

Հայաստանի Հանրապետությունը շահագրռված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման մեջ: Այդ համագործակցության նպատակն է մեր զինված ուժերի զարգացման գործում օգտագործել եվրոպական փորձը, ստեղծել փոխգործակցության մեխանիզմներ ՆԱՏՕ-ի կառույցների և անդամ երկրների հետ, ինչը հնարավորություն կնձեռի որոշակի ոլորտներում ամենաբարձր մակարդակի համագործակցություն իրականացնել Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն Խաղաղության ծրագրի շրջանակներում` Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի միջոցով: ԱԳԳԾ Գնահատման փաստաթղթի համաձայն Հայաստանը շարունակում է առաջընթաց արձանագրել ԱԳԳԾ պաշտպանական և զուտ ռազմական ոլորտների նպատակների իրականացման ուղղությամբ:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությանը դիտարկվում է ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդրի միջազգային կարգավորման գործընթացը իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ինչը առավելապես կարևորում է ՀՀ-ԵԱՀԿ հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը` ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ: Այդ համագործակցությունն իրականացվում է առավելապես Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագրի և Վիեննայի 1999թ. փաստաթղթի վերաբերյալ տեսական և գործնական դասընթացների ու համաժողովների, ԶՈւ ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ կլոր սեղանների, աշխատաժողովների ու համաժողովների կազմակերպման միջոցով:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ (ԿԽՄԿ) ՀԵՏ

Հաշվի առնելով ԿԽՄԿ գործառույթների անմիջական առնչությունը պաշտպանական բնագավառի խնդիրների հետ` ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցություն է իրականացնում նաև այս հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ: Այդ համագործակցությունը հիմնականում ուղղված է ԿԽՄԿ կողմից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը և նրանց փոխանակման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԿՈՂՄ ՇՐՋԱՆԱԿՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից երկկողմ ձևաչափով իրականացվող համագործակցությունը բավականին լայն աշխարհագրություն ունի: ԱՊՀ շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության հետ: Մշտապես զարգացվում են պաշտպանական ոլորտի շփումները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը: Բացի այդ, ռազմական ոլորտի երկկողմ համագործակցությունը զարգացում է ապրում նաև արևմտյան ուղղությամբ, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ: Հաստատվել և զարգանում են կապերը Ֆրանսիայի, Չեխիայի, Սլովակիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Նիդերլանդնդերի հետ: Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես պահպանում է ռազմական ոլորտի կապերը Իրանի, իսկ հարավ-արևելյան Ասիայում զարգացնում է ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցությունը Չինաստանի հետ: