ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ զինված ուժերի զինանշանը
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց ՀՀ զինված ուժերի զինանշանը: Զինանշանը պատկերված է վերևում` ուղղանկյուն, ներքևում` կիսաշրջանաձև վահանի վրա: Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում` կիսաշրջանին համապատասխան` կապույտ գույնով «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:

Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. Կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ` գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները):Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա: Խոհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Իհարկե, այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:

Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը:Արևի ճառագայթների վրա, արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո:Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը` իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:
Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է:

Զինանշանային վերջին տարրը սուրն է: Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը: Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը` ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը:

ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակներն են նկարիչներ Ռուբեն Արուտչյանը և Գագիկ Աբրահամյանը: