ԲԱԺԻՆՆԵՐ
Կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
ՀՀ Զինված ուժերի կապի զորքերը ձևավորվել են Արցախյան պատերազմի ժամանակ և անցնելով բավականին բարդ ու դժվարին ուղի՝ ապահովելով զինված ուժերի անընդհատ և հուսալի ղեկավարումը, դարձել են մեր հաղթանակի գրավականներից մեկը: Պատերազմի սկզբնական փուլում կապի միջոցների, զինվորական կապի մասնագետների պակասը, դեռևս կապի չձևավորված ստորաբաժանումները և զինվորական կապի համակարգը խոչընդոտում էր զինված ստորաբաժանումների ղեկավարմանը: Զինվորական կապի համակարգի հիմնական ծավալումը սկսվել է 1992 թվականին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում 1992 թվականին կազմավորվեց կապի վարչությունը և մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ սկսվեց իրականացվել կապի զորքերի ձևավորումը: Նշված աշխատանքը մեծ ջանքեր էր պահանջում, քանի որ պատրաստված զինվորական մասնագետների թիվը չէր բավականացնում: Դեռևս ձևավորված չէին համապատասխան կառույցները, որոնք պետք է պատրաստեին կապի ոլորտի մասնագետներ և այդ բացը սկսեցին լրացնել քաղացիական կապավորները, որոնք կամավոր զինվորագրվում էին ՀՀ զինված ուժեր: Հետզհետե համակարգվում էին կանոնավոր զինվորական կապի համակարգի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: 1992թ. կազմակերպվեցին պաշտպանության համակարգի կապի հանգույցները: Զինված ուժերի ղեկավարման կետերի միջև կապը կազմակերպվեց տարբեր կապուղիներով, որոնք կազմավորվում էին լարային, ռադիո և ռադիոռելեային կապի միջոցներով: Ապահովվեց հեռախոսային և ռադիոհեռախոսային կապը տարբեր ռեժիմներում: Կազմակերպվեց և սկսեց գործել նաև գլխավոր շտաբի սուրհանդակափոստային կապի հանգույցը, որն ապահովում էր թղթակցության ու զինվորական փոստի շուրջօրյա առաքումները: 1992թ. կազմավորվեց առանձին կապի գունդը և առանձին կապի գումարտակը: Զորամասերի կազմավորմանը զուգահեռ` զորամասերի անձնակազմը հերթափոխերով մասնակցում էր մարտական գործողություններին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի վարչությունը համապատասխան կառույցների և ստորաբաժանումների միջոցով ղեկավարում էր կապի զորքերը, իրականացնում էր կապի միջոցների և նյութերի մատակարարում, կապի միջոցների վերանորոգման աշխատանքներ: Կապի կազմակերպման և ապահովման խնդիրները հատկապես կարևոր ուղղություններում կատարվում էր տեղերում` կապի վարչության ներկայացուցիչների ամիջական ղեկավարմամբ: Այս ամենին զուգահեռ ստեղծվում էր նաև ուսումնանյութական բազան, պատրաստվում էին ուսումնական ծրագրերը, կազմավորվում էին ուսումնական ստորաբաժանումները, պատրաստվում էին կապավոր կրտսեր մասնագետները: Աստիճանաբար ձևավորելով կապի համակարգը, զորքը դարձավ ավելի հեշտ ղեկավարվող, որից հետո արդեն տարվում էին կապի համակարգի ընդլայնման և կապի շինարարական աշխատանքներ: Այնուհետև մեկնարկեցին համակարգչային կապի կազմակերպման աշխատանքները: Ընդլայնվեց նաև մարտավարական օղակի կապի համակարգը: Կապի բոլոր տեսակները և կապուղիները կազմակերպվեցին՝ ելնելով ղեկավարման կետերի նշանակությունից և տեղեկատվության պահանջարկից: Զորքերի ղեկավարումը դարձավ առավել հուսալի: 2002թ. կապի համակարգի կատարելագործման հաջորդ փուլն էր: Այդ աշխատանքները շարունակական են և տարեցտարի ավելի մեծ ծավալների են հասնում: Կատարելագործվել է զորամասերի և ստորաբաժանումների ազդարարման և կապի կազմակերպման համակարգը: Իրականացվում են կապի համակարգի թվայնացման աշխատանքները: Կատարելագործվել է տվյալների փոխանակման համակարգը. կատարվել են զինված ուժերի էլեկտրոնային փոստի զարգացման և ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները: Բացի այդ, նախագծվել և կառուցվել են լոկալ ցանցեր համապատասխան ծրագրային ապահովմամբ, որոնք ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ավտոմատացրել են մի շարք գործառույթներ` էականորեն բարձրացնելով խնդիրների կատարման որակը: Կապի համակարգի զարգացման ուղղություններից է նրա թվայնացումը: Ստեղծվում է օպտիկաթելային կապի գծերով և համապատասխան թվային սարքավորումներով կազմակերպվող թվային գծային ցանց, ինչն ապահովում է ավտոմատ հեռախոսային կապ: Ներկայումս գործում է թվային հեռախոսային ավտոմատ կապ, որը գործում է բարձր արագությամբ թվային հոսքերով՝ ապահովելով բարձրորակ կապ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և համակարգի հետագա կատարելագործումը պլանավորված է: Զարգացման հաջորդ ուղղությունը` զորամասերի մշտական տեղակայման վայրերում կապի և ազդարարման համակարգի կատարելագործումն է, որի ուղղությամբ արդեն տարվել են ծավալուն աշխատանքներ: Կապի համակարգի կատարելագործման հաջորդ ուղղությունը` ռադիո և ռադիոռելեային կայանների վերազինումն է նոր տիպի թվային կայաններով: 2004թ-ին մեկնարկել և առ այսօր շարունակվում է նոր սերնդի թվային ռադիոկայաններով վերազինման ծրագիրը: Ներկայումս ռադիոկապի խնդիրը ՀՀ զինված ուժերում կարելի է համարել հիմնականում լուծված: Կապի հանգույցներում արդեն սկսվել է հայրենական արտադրության կայանների ներդրումը: Այս ամենի հետ զուգահեռ, հաշվի առնելով կապի համակարգի կատարելագործման ուղղվածությունը, կատարվել են և շարունակվում են իրականացվել կապի զորամասերի և ստորաբաժանումների կառուցվածքային ու հաստիքային փոփոխություններ, իրականացվում են աշխատանքներ կապի զորքերում անձնակազմի պատրաստության ուղղությամբ: 2002թ. ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում բացվել է կապի ‎ֆակուլտետ, որտեղ ներկայումս պատրաստվում են կապավոր սպաներ: Ինստիտուտում կահավորվել է կապի ուսումնական բազա: 2006թ. ‎‎ֆակուլտետը տվեց առաջին շրջանավարտները: Մեծ ուշադրություն է դարձվում ուսումնանյութական բազայի ստեղծմանը: 2002 թվականից գործում է կապի ուսումնական գումարտակի դաշտային ուսումնական կենտրոնը, պլանավորված է այդ կենտրոնի վերազինումը՝ հաշվի առնելով կապի համակարգի կատարելագործման պլանավորված ուղղությունները: ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կապի ֆակուլտետում և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտների պատրաստության գործընթացում լայն կիրառում է ստանում համակարգչային տեխնիկայի օգտագործումը: Այդ նպատակով բոլոր կուրսանտներն անցնում են համակարգչային պատրաստություն: Ռազմական ինստիտուտների կապի ֆակուլտետում լավ հիմքերի վրա է դրված նաև օտար լեզուների, մասնավորապես` անգլերեն լեզվի ուսուցումը: Այս ամենի համար պատրաստված է համապատասխան ուսումնանյութական բազա: Պլանավորման փուլում է գտնվում նշված ուսումնական հաստատությունների համար էլեկտրոնային գրադարանի կազմակերպումը: Կարևորելով կապավորների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը` յուրաքանչուր տարի ՀՀ զինված ուժերում պլանավորվում և անցկացվում են կապի զորքերի մարտավարա-մասնագիտական զորավարժություններ: Բացի այդ մեծ տեղ է հատկացվում միջազգային, հատկապես հայ-ռուսական համագործակցությանը և համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվում են բարձր մակարդակով: Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում, կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր: Դրա վառ ապացույցներից մեկը «Համատեղ ձգտում» կապի զորավարժությունների անցկացումն էր: 2003թ. սկսած ՀՀ ԶՈՒ կապավորները մասնակցում են ՙՀամատեղ ձգտում՚ զորավարժություններին՝ մշտապես բարձր պահելով Հայաստանի զինված ուժերի պատիվը և արժանանալով զորավարժությունների ղեկավարների բարձր գնահատանքին: Կապի համակարգն այն օղակն է, որը հատկապես բազմազգ գործողությունների իրականացման համար հիմնարար նշանակություն ունի, դրանից է կախված համագործակցության արդյունավետությունն ու փոխհամաձայնեցվածությունը: Ուստի նման զորավարժությունները ոչ միայն նպաստում են դրանց մասնակցող ստորաբաժանումների և մասնագետների կարողությունները ստուգելու խնդրի լուծմանը, այլև լավ առիթ են արդյունավետ մեխանիզմներ մշակելու և միասնաբար առաջադրված խնդիրները կատարելու համար: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի վարչությունը (հետագայում ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՀ վարչություն, ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչություն) ղեկավարել են` 1992թ.-1993թ գնդապետ Վլադիմիր Մկրտչյանը (պետի պաշտոնակատար), 1993թ.-1995թ գնդապետ Ալեքսանդր Բալբաբյանը, 1995թ.-2002թ. սեպտեմբեր գեներալ-մայոր Արթուր Փափազյանը, 2003թ.-2009թ. գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը, 2009թ. հուլիսից-2009թ. սեպտեմբեր գնդապետ Ֆերդինանտ Սոլոմոնյանը (պետի պաշտոնակատար), 2009թ.-2016թ. ապրիլ՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, 2016թ մայիսին ՀՀ նախագահի հրամանագրով վարչության պետ է նշանակվել գնդապետ Թեմուր Շահնազարյանը:
...
Վարչության պետ
Թեմուր Շահնազարյան
Գնդապետ