MoD Defence Policy Department

HEAD OF THE DEFENCE POLICY DEPARTMENT OF MOD RA

Levon Ayvazyan

state counselor for special civil service, 1st class

Appointed Head of Defence Policy Department of MoD RA on August 27, 2010.

Read More

About the department's activities

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության  պաշտպանական քաղաքականության վարչությունը (ՊՔՎ) ՀՀ ՊՆ աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է պաշտպանական քաղաքականության մշակման և իրականացման, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության հաստատման, պահպանման, զարգացման, արարողակարգային և պայմանագրաիրավական գործընթացների, ինչպես նաև պաշտպանության ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը:

Վարչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

  1. Իրականացնում է ՀՀ ներքին և արտաքին անվտանգության միջավայրի, ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների և ՀՀ պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրում, վերլուծություն, գնահատում և վերանայում:
  2. Մշակում և համաձայնեցնում է պաշտպանական քաղաքականության հայեցակետեր և հիմնադրույթներ, ինչպես նաև դրանց իրականացման ընթացակարգեր, պաշտպանական քաղաքականության իրականացման և վերահսկման գործում աջակցում է ՀՀ պաշտպանության նախարարին:
  3. Իրականացնում է պաշտպանական քաղաքականության, այդ թվում` ռազմական համագործակցության պլանավորումը, վերահսկում և ՀՀ ՊՆ ղեկավարությանն է ներկայացնում համագործակցության ընթացիկ խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է տարբեր ռազմաքաղաքական հարցերի շուրջ քաղաքական որոշումների նախագծեր:

 

Պաշտպանական քաղաքականության էությունը

Պաշտպանական քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության հուսալի (երաշխավորված) պաշտպանությունը: Պաշտպանական քաղաքականության խնդիրն է ստեղծել Հայաստանի Հանրապետության հուսալի պաշտպանության համար ազգային և միջազգային երաշխիքներ: ՀՀ պաշտպանական քաղաքականության վարչությունը, Հայաստանի Հանրապետության հուսալի (երաշխավորված) պաշտպանության ապահովման նպատակով, ազգային և միջազգային երաշխիքների ստեղծմանն ուղղված ջանքերը հիմնականում կենտրոնացնում է միջազգային ինտեգրման և շարունակական վերափոխումների միջոցով պաշտպանական կարողությունների զարգացման գործընթացների համադրման վրա:

Այդ համադրումը հնարավորություն է ընձեռում`

  1. հստակեցնել պաշտպանական քաղաքականության նպատակայնությունը` այն ամբողջությամբ ուղղորդելով ՀՀ պաշտպանության ազգային և միջազգային երաշխիքների ստեղծմանը,
  2. մեծացնել պաշտպանական քաղաքականության արդյունավետությունը` միջազգային ինտեգրման արդյունքում ընձեռնված հնարավորությունները ծառայեցնելով պաշտպանական կարողությունների զարգացմանը և հակառակը` ստեղծված պաշտպանական կարողությունները ծառայեցնելով միջազգային ինտեգրման խորացմանը:

 

Արդյունքում, ՀՀ զինված ուժերի` որպես ազգային երաշխիքի և ՀՀ դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների` որպես միջազգային երաշխիքի զարգացման ուղղությամբ արձանագրվում են զգալի ձեռքբերումներ:

Շարունակական վերափոխումների միջոցով ՀՀ պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ արձանագրված հիմնական ձեռքբերումները.

2008թնոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է  «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքը: Օրենքով կյանքի են կոչվել ՀՀ ՊՆ համակարգի օպտիմալացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցվածքային փոփոխությունները, տարանջատվել և հստակեցվել են կառավարման ու ղեկավարման ընթացակարգերը, դերերի և պարտականությունների բաշխումը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի միջև:

2008թ. աշնանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայությունը, որը հնարավորություն է տվել ռազմական կրթութուն չպահանջող զինվորական հաստիքները փոխարինել քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքներով: Արդյունքում ոչ միայն կատարվել են պաշտպանության ոլորտի քաղաքացիական վերահսկողության ուղղությամբ ստանձնած միջազգային հանձնառությունները, այլև ստեղծվել է քաղծառայողների երկարաժամկետ ներգրավման միջոցով գործառութային ոլորտներում «տևական բանիմացություն» ապահովելու հնարավորություն:

2008-2011թթ. ընթացքում իրականացվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) առաջին գործընթացը: Գործընթացի արդյունքում գնահատվել են ՀՀ անվտանգության միջավայրն ու առկա սպառնալիքները, մշակվել են ռազմավարական պլանավորման նկատառումները և զարգացման հավանական սցենարները, ի հայտ են բերվել ՀՀ պաշտպանության գործում զինված ուժերին վերապահված դերերը, առաքելությունները և խնդիրները, մշակվել և գործարկվել են ՀՀ ԶՈւ 2011-2015թթ զարգացման պլանը, Սպառազինության ու ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը: Այս ամենի միջոցով Հայաստանի Հանրապետությունում ռազմական շինարարությունը դրվել է հնգամյա ռազմավարական պլանավորման հիմքերի վրա, իսկ ՀՀ զինված ուժերը բարեփոխումների փուլից թևակոխել են զարգացման փուլ:

2014-2015թթ. ժամանակահատվածում իրականացվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) երկրորդ գործընթացը, որի արդյունքում մշակվել են ՀՀ ԶՈւ 2015-2020թթ զարգացման պլանը, Սպառազինության ու ռազմական տեխնիկայի 2015-2020թթ. զարգացման պետական ծրագիրը: Որպես վերափոխումների առաջնահերթ ուղղություններ են ի հայտ բերվել զինված ուժերի կառավարման համակարգը, ռազմական (մարտական) գործողությունների վարման ձևերն ու եղանակները, պաշտպանության պլանավորումը, ռազմական կրթությունը և անձնակազմի կառավարումը: ՊՆ համակարգում ներդրվեl են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման սկզբունքը և ռազմական գործողությունների վարման «Խելամիտ պաշտպանություն» մոտեցումը:  

Շարունակական վերափոխումների միջոցով զգալիորեն ավելացել են ՀՀ ՊՆ կարողությունները ռազմական կրթության, անձնակազմի արհեստավարժության և կառավարման, մարտական և օպերատիվ պատրաստության, ռազմական փոխգործունակության, արդարության սկզբունքների, բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, կարգապահության և մարդու իրավունքների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, հասարակայնության հետ կապերի, բուժապահովման, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներում:

Միջազգային պաշտպանական (ռազմական) համագործակցության միջոցով ՀՀ դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացումը հնարավորություն է ընձեռում.

ՀԱՊԿ և ԱՊՀ ուղղություն. նշանակալիորեն զարգացնել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը, ձևավորել ռազմական ղեկավարման և կառավարման մեխանիզմներ: Համապատասխան ուժերի ստեղծմամբ ՀԱՊԿ-ին հաղորդել ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու իրական կարողություններ, արդյունքում մեծացնելով ՀԱՊԿ ռազմաքաղաքական դերն ու նշանակությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում: Միաժամանակ` ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են հիմնականում ԱՊՀ ՀՕՊ համակարգի, կապի, չափագրման, ռազմատեղագրական, ինժեներական ապահովման և այլ բնագավառներում:

ՆԱՏՕ-ի ուղղություն. Ավելացնել ՆԱՏՕ/գործընկերներ ձևաչափով զանազան անհատական և համագործակցային ծրագրերին ՀՀ ՊՆ համակարգի ներգրավման ծավալները, զգալի ներդրում կատարել պաշտպանական վերափոխումների բնագավառում, ապահովել միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մասնակցությունը, զարգացնել ՀՀ ԶՈւ փոխգործունակ կարողությունները:

ԵԱՀԿ ուղղություն. Ապահովել ԼՂ հակամարտության հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի, առկա զինված դիմակայության մասին միջազգային հանրության իրազեկումը, սպառազինությունների վերահսկման ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ՊՆ համակարգում իրավակարգի պահպանումը, բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղղություն. Ապահովել Միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունների կատարումը:

ՄԱԿ-ի ուղղություն. Ապահովել միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներգրավումը, ՀՀ ԶՈւ հեռարշավային տեղակայելի բուժապահովման և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման կարողությունների թիրախային զարգացումը, պաշտպանության ոլորտում թափանցիկության ուղղությամբ ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների կատարումը:

Ռուսաստանի Դաշնության ուղղություն. Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային համագործակցությանը հաղորդել առավել համընդգրկուն և երկարաժամկետ բնույթ, հստակեցնել համատեղ պլանավորման և փոխգործակցության, ռազմատեխնիկական, ռազմակրթական համագործակցության, ՀՀ ԶՈւ-ն սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրման, միացյալ խմբավորումների կիրառման մեխանիզմները:

ԱՄՆ-ի ուղղություն. Պաշտպանության ոլորտում ԱՄՆ հետ երկկողմ համագործակցությանը հաղորդել ՀՀ պաշտպանական վերափոխումների գործընթացում նշանակալի ներդրում կատարող ռազմավարական գործընկերության բնույթ, միաժամանակ «Միջազգային ռազմական կրթություն և պատրաստություն» և «Միջազգային ռազմական ֆինանսավորում» ծրագրերով ապահովելով ՀՀ ԶՈւ անձնակազմի վերապատրաստումը և սարքավորումներով հագեցումը:

Երկկողմ ձևաչափով այլ ուղղություններ. Համագործակցությունը ծառայեցնել գործընկեր երկրներում հայանպաստ դիրքորոշումների ձևավորմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտում տարածաշրջանային բնույթի փոխադարձ կարևորվող հարցերի քննարկմանը, ՀՀ պաշտպանական վերափոխումների առանձին ոլորտներում առաջընթացի արձանագրմանը: