Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

6 October, 2017
Ուսուցչի օրվա առթիվ, հոկտեմբերի 6-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին դպրոցների տնօրեններ, բազմաթիվ մանկավարժներ և նրանց նախկին աշակերտները, ովքեր այժմ ժամկետային զինծառայողներ են:

Միջոցառման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է իրողությունը, որ ուսուցչի անխոնջ աշխատանքի շնորհիվ է կրթվում ու դաստիարակվում մեր հայրենիքի վաղվա արժանապատիվ քաղաքացին և հայոց բանակի քաջարի զինվորը, այն սերունդը, որը վաղն անառիկ է պահելու հայրենիքի սահմանները՝ ապահովելով խաղաղ արարում հայ ժողովրդի համար:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ուսուցիչներին, որ նրանց կրթած ու դաստիարակած աշակերտներն այսօր բարեխղճորեն ու պարտքի մեծ գիտակցումով ծառայում են հայկական զինված ուժերում: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բոլոր ժամանակներում ու բոլոր հասարակություններում ուսուցչի դերը միշտ բարձր է գնահատվել, և այսօր, առավել քան երբևէ, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում ուսուցչի դերակատարությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում կրկնակի ու եռակի կարևորվում է, քանի որ ուսուցիչը ոչ միայն վաղվա մասնագետ է պատրաստում, այլև մեր բանակի ու առաջնագծի ապագա զինվորին:

Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար մի խումբ մանկավարժներ միջոցառման ընթացքում խրախուսվել են նվերներով: Խրախուսվել և խորհրդանշական նվերներ են ստացել նաև բարձր առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք կրթօջախների աշակերտներ և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Վարժարանում հյուրընկալված ուսուցիչները, աշակերտներն ու ժամկետային զինծառայողները նաև ճաշել են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, շրջել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական առօրյային և կեցության պայմաններին: