ՀՀ ՊՆ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



ՀՀ զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմն արհեստավարժ սպայական կադրերով համալրելու նպատակով ՀՀ կառավարության 1994 թ. հունիսի 24-ի թիվ 279 որոշմամբ կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը (ԲԶԲՀՈՒ):

1998թ. հունվարի 16-ին ՀՀ կառավարության թիվ 24 որոշմամբ ՀՀ ՊՆ ԲԶԲՀՈՒ-ն վերակազմավորվեց Ռազմական ինստիտուտի, իսկ 1999 թվականին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Ռազմական ինստիտուտը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն է, որի հիմնական նպատակն է ՀՀ զինված ուժերի համար բարձրորակ սպայական կադրեր պատրաստելը:

2001թ. մայիսից ռազմական ինստիտուտում ուսուցումն իրականացվում է երկու հիմնական մասնագիտություններով` մոտոհրաձիգներ և հրետանավորներ: Ներկայումս, ի լրումն դրանց, 4-րդ կուրսից 1-ական կուրսանտական դասակ մասնագիտանում է հետախույզի, ինժեներ-սակրավորի և տանկիստի մասնագիտություններով:

Ռազմական ինստիտուտում գործում են երկու ֆակուլտետ` համազորային և հրետանային, ինչպես նաև երեք առանձին (համաինստիտուտային) ամբիոն` հասարակագիտական առարկաների և լեզուների, ընդհանուր գիտական և ինժեներական առարկաների, ֆիզիկական պատրաստության և սպորտի: Վերհոիշյալ ֆակուլտետներն ու ամբիոնները ռազմական ինստիտուտի ուսումնամեթոդական, գիտական և դաստիարակչական աշխատանքների իրականացման հիմնական ստորաբաժանումներն են:

Ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված են գիտությունների թեկնածու-դոցենտներ, ռազմական և քաղաքացիական առարկաների բարձր մասնագիտական պատրաստությամբ դասախոսներ:
Ռազմական ինստիտուտում ուսման տևողությունը չորս տարի է, ուսուցումը` հայերեն: Բացի այդ, 2009 թվականից պարտադիր զինծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողների կազմից պատրաստվում են դասակի հրամանատարներ: Վերջիններիս ուսման տևողությունը մեկ տարի է:

Ուսուցման ընթացքում կուրսանտներն ապահովվում են սննդով, հանդերձանքով, կացարաններով, ստանում կրթաթոշակ:
Գերազանց առաջադիմությամբ և բարձր կարգապահությամբ կուրսանտները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանում են «Մարշալ Հ. Բաղրամյան», «Զորավար Անդրանիկ», «Սպարապետ Վ. Սարգսյան», «Արամ Մանուկյան» անվանական պարգևավճարներ:
Ուսումնական տարվա ընթացքում կուրսանտներին տրվում է 30-օրյա, իսկ ձմեռային քննաշրջանից հետո` երկշաբաթյա արձակուրդ:

Ռազմական ինստիտուտի շրջանավարտներն ստանում են քաղաքացիական բարձրագույն կրթություն` բակալավրի աստիճանով և ռազմական մասնագիտական կրթություն` «լեյտենանտ» առաջին սպայական կոչման շնորհմամբ, որից հետո վիճակահանությամբ ծառայության են նշանակվում ՀՀ զինված ուժերում:

Ռազմական ինստիտուտից ցածր առաջադիմության կամ անկարգապահության պատճառով հեռացված կուրսանտների ուսման ժամանակահատվածը զինվորական ծառայություն չի համարվում:

Ռազմական ինստիտուտում ստեղծված է համապատասխան ուսումնանյութատեխնիկական բազա, ինչը հնարավորություն է ընձեռում բոլոր տեսակի պարապմունքներն անցկացնել հետաքրքիր, արդյունավետ, մեթոդական և ուսումնագիտական պատշաճ մակարդակով:
Յուրաքանչյուր ուսումնական դասակ ունի իրեն ամրագրված լսարան: Մասնագիտացված ամբիոններում, որոնցից յոթը ֆակուլտետների կազմում են` մարտավարության, զորատեսակների և ծառայությունների, կրակային պատրաստության, զրահատանկային և ավտոմաբիլային տեխնիկայի (համազորային ֆակուլտետ), հրետանու մարտավարության և մարտական կիրառման, հրետանու հրաձգության և կրակի կառավարման, հրթիռահրետանային սպառազինության (հրետանային ֆակուլտետ), իսկ երեքն առանձին (համաինստիտուտային) ամբիոններ են` հասարակագիտական առարկաների և լեզուների, ընդհանուր գիտական և ինժեներական առարկաների, ֆիզիկական պատրաստության և սպորտի, գործում են նաև հատուկ լսարան-լաբորատորիաներ:

Ռազմական ինստիտուտում գործում են լեզուների ժամանակակից կաբինետներ և լինգաֆոնային լսարաններ, որտեղ կուրսանտներն ուսանում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ որպես նախասիրական (ֆակուլտատիվ) առականեր` նաև հունարեն, իտալերեն և այլ լեզուներ:
Ապագա սպաների վարորդական պատրաստության և նրանց վերաորակավորման նպատակով ինստիտուտում գործում են մեքենաների նյութական մասի և երթևեկության կանոնների ուսուցման լսարաններ, ինչպես նաև մարտական և տրանսպորտային մեքենաների հավաքակայան, ավտոդրոմ և զրահադրոմ: Շրջանավարտները ՀՀ ՊՆ հաշվին ստանում են «Բ», «Ց» կարգի վարորդական իրավունք:
2004 թվականից Ռազմական ինստիտուտում գործում է սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը (ՍԿՈԲԿ):

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Յուրաքանչյուր տարի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հայտարարում է ընդունելություն «մոտոհրաձիգներե և «հրետանավորներե մասնագիտություններով, որին կարող են մասնակցել միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական (նաև ժամկետային ծառայությունն ավարտած, կամ ծառայող) պատանիներն ու ոչ լրիվ բարձրագույն կրթությամբ երիտասարդները:
Ռազմական ինստիտուտ ընդունելության դիմումներ կարող են ներկայացնել քաղաքացիական կարգավիճակ ունեցող մինչև 21 տարեկան այն երիտասարդները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային, պայմանագրային կամ պահեստազորի այն զինծառայողները, ում վերադաս հրամանատարությունը երաշխավորում է սովորելու ռազմական ինստիտուտում:

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում` քաղաքացիների համար, և զորամասերում` զինծառայողների համար` ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով:

Քաղաքացիական կարգավիճակ ունեցող դիմորդները Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար տարածքային զինկոմիսարիատ են ներկայացնում դիմում, բժշկական հետազոտման քարտ, ինքնակենսագրություն, բնութագիր` ուսման, աշխատանքի կամ ծառայության վայրից, 3x4 չափսի 4 լուսանկար, տեղեկանքներ բնակավայրից (ընտանեկան կազմի վերաբերյալ), նարկոլոգիական, հոգեբուժական դիսպանսերներից, տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ, ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակ, միջնակարգ կրթության վկայականը և, առկայության դեպքում` երաժշտական կրթության կամ մարզական կարգերի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև որդուն ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիրը և սոցիալական քարտը:

Անձնագիրը, միջնակարգ կրթության վկայականը և զինգրքույկը դիմորդն անձամբ է ներկայացնում` կենտրոնական ընդունող հանձնաժողովին ներկայանալու օրը: Զինծառայողների փաստաթղթերը ձևակերպվում են զորամասերում` ըստ ՀՀ ՊՆ համապատասխան հրահանգների:

Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության «Միասնական» քննակարգով` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են Ռազմական ինստիտուտում:

Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ՊՆ մանդատային հանձնաժողովի նիստում. յուրաքանչյուր դիմորդի հետ անցկացվում է հարցազրույց` գործնական հատկանիշները, կազմակերպչական ունակությունները, հաստատակամությունը, կատարողական կարգապահությունը, պահանջկոտությունը, բարոյական հատկանիշները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքը և այլ հատկանիշներ կամ ունակություններ հայտնաբերելու, պարզորոշելու նպատակով:



ԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ»