ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2007 թ. արդյունքները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 2007 թվականի ընթացքում իրականացված համակողմանի ռազմական համագործակցությունն ուղղորդվել է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման, զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը և նրա փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմանը: Լուրջ աշխատանքներ են կատարվել պաշտպանական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Շարունակվել են ռազմական համագործակցության ընդլայնման միտումները ինչպես երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ:
Ընդհանուր առմամբ, 2007 թվականի կարևոր ձեռքբերումն էր բոլոր ուղղություններով իրականացված համագործակցությունը ՀՀ ԶՈՒ առաջնային նպատակին` պաշտպանական բարեփոխումներին ծառայեցնելու սկզբունքի որդեգրումը: Տվյալ սկզբունքի կիրառումը լավ նախադրյալներ է ստեղծել ԶՈՒ զարգացման կոնկրետ նպատակներ որդեգրելու և ռազմական համագործակցության ընձեռած բոլոր հնարավորություններն այդ նպատակներին ծառայեցնելու համար:
Հեռանկարային առումով տարվա ձեռքբերումներից էր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը և դրա հաստատումը ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի հրամանագրով: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հաստատումն իր հերթին հնարավորություն ընձեռեց մշակել ՀՀ ռազմական դոկտրինը, որը 2007թ. դեկտեմբերի 25-ին հաստատվեց ՀՀ Նախագահի հրամանագրով: ՀՀ ռազմական դոկտրինը, ի թիվս այլ հարցերի, սահմանում է նաև զինված ուժերի զարգացման առաջնահերթություններն ու փուլերը, մարտական խնդիրների լուծման մեխանիզմները և ուղեցույց է հանդիսանում ռազմական համագործակցության հեռագնա զարգացման համար:
Տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք բարձրաստիճան փոխայցելությունների ընթացքում քննարկվել և հստակեցվել են տարբեր ուղղություններով ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի այցերը ՌԴ (24-26 սեպտեմբերի` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում), Ֆրանսիա (10-14 մարտի), Բելառուս (18-21 հոկտեմբերի): Մի շարք կարևոր այցելություններ են իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:
Հայաստան են ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՌԴ պաշտպանության նախարարը, Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարը, ԻԻՀ պաշտպանության նախարարը, Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը, Հունաստանի ԱՊ ԳՇ պետը, Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ գեներալը, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության տարածաշրջանային տնօրենը (13-16 մարտի): ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀՀ-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ԵԱԳԽ ԶՈՒ ԳՇ պետերի ամենամյա նիստին:
Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական դաշինքի ամրապնդման, առկա իրավա-պայմանագրային դաշտի արդիականացման, ռազմական համագործակցության ծրագրերի գործնական իրականացման ուղղությամբ: Երկկողմ ձևաչափով Ռուսաստանի հետ իրականացված միջոցառումներն ուղղված են եղել երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության ամրապնդմանը և այս համատեքստում ՀՀ տարածքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման, ՀՕՊ համատեղ հերթապահության, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի գործունեության մեխանիզմների կարգավորմանը, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում համագործակցության ընդլայնմանը և այլն:
Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԱՊՀ և ՀԱՊԿ` որպես միջազգային անվտանգության կազմակերպության կայացման և ամրապնդման գործընթացում: Այս ուղղությամբ տարվա ընթացքում իրականացվել է (ներառյալ ՌԴ հետ իրականացված միջոցառումները) 100-ից ավելի միջոցառում:
ՀՀ պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը, բարձրաստիճան այլ զինվորական պատվիրակություններ մասնակցել են ԱՊՀ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր մակարդակի և ձևաչափի խորհուրդների նիստերին և միջոցառումներին: 2007թ. օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աշուլուկ վարժադաշտում կայացած «Մարտական համագործակցություն-2007» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին: 2007 թվականի ընթացքում ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը զարգացել է քաղաքական, ռազմական, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության նորմատիվ-իրավական և կազմակերպչական ապահովման ուղղություններով: ՀԱՊԿ շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվել է զանազան ոլորտներում համատեղ գործունեության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը, ռազմատեխնիկական համագործակցության հարցերին, ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի խնդիրներին:
Կարևորվել է նաև համագործակցության զարգացումը ԱՊՀ մասնակից և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ համագործակցությունն ակտիվացնելու համար:
Միաժամանակ շահագրգիռ համագործակցություն է իրականացվել ՆԱՏՕ-ի` որպես Եվրոպական անվտանգությունն ապահովող կառույցի հետ` 26+1 ձևաչափով: ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն ընդգրկել է ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխման մի շարք կարևոր նպատակներ, որոնց իրականացումն արդյունավետորեն շարունակվել է նաև 2007թ. ընթացքում: ՆԱՏՕ-ի Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստերի ընթացքում հանգամանորեն քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման ընթացքը: ՆԱՏՕ-ի անդամ գործընկերները դրական են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պաշտպանական բարեփոխումների իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Հոկտեմբերին Հայաստան է այցելել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռ.Սիմոնսը, որը ՀՀ ՊՆ ղեկավարության հետ քննարկել է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացիկ խնդիրները: Ընդհանուր առմամբ, 2007թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ/ԳՀԽ 100-ից ավելի միջոցառումների:
2007թ. շարունակվել է ՀՀ միջազգային խաղաղապահ ակտիվ գործունեությունը: Տարվա ընթացքում տեղի են ունեցել Իրաքում և Կոսովոյում ՀՀ զորախմբերի հերթական հերթափոխերը: Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել 1 տարով երկարաձգել Իրաքում ՀՀ զորախմբի մանդատը: Հատկանշական է, որ և Իրաքում և Կոսովոյում ՀՀ զինծառայողները հասցրել են առանձնանալ իրենց բարձր կարգապահությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ և արժանացել են միջազգային հրամանատարության գնահատանքին, նրանց և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել մի շարք պատվոգրերով և մեդալներով: Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում ՀՀ միջազգային խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Մասնավորապես նախատեսվում է Կոսովոյում ՀՀ զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնել վաշտի մակարդակի, ինչպես նաև մասնակցություն ունենալ Աֆղանստանի գործողություններին:
Նկատելի առաջընթաց է արձանագրվել Եվրոպական երկրների հետ երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ: Մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցություն է իրականացվել Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Էստոնիայի, Լատվիայի և այլ գործընկերների հետ:
Շարունակվել է արդյունավետորեն իրականացվել հայ-հունական ռազմական համագործակցությունը: Ռազմաուսումնական և խաղաղապահության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումից զատ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել ռազմաբժշկական, ռազմատեղագրական, կապի և այլ ոլորտներում նոր ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ: Հունաստանի ԱՊ ԳՇ պետի` Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել են նաև այս խնդիրները:
Նկատելի է նաև հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը երկկողմ շրջանակով: 2007թ. ընթացքում շարունակվել է համագործակցությունը ԱՄՆ Միջազգային ռազմական կրթություն և վարժանք, Նահանգային գործընկերության ծրագրերի շրջանակներում: Ակտիվացել է համագործակցությունը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ: Մայիսին Հայաստան է այցելել նաև Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ, գեներալ-լեյտենանտ Թոդդ Բանթինգը: Նույնպիսի հաջողությամբ շարունակվել է համագործակցությունը ԱՄՆ Միջազգային ռազմական ֆինանսավորում ծրագրի շրջանակներում` ՀՀ Զինված ուժերի արդիականացմանն ուղղված կարիքները հոգալու համար: Կարևոր է նաև ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը ՀՀ ԶՈՒ պաշտպանական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
2007թ. քայլեր են ձեռնարկվել նաև տարածաշրջանային պետությունների հետ ռազմաքաղաքական կապերի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, պաշտպանության նախարարների և տեղակալների մակարդակով իրականացվել են փոխայցելություններ Իրանի Իսլամական Հանրապետություն և Վրաստան: Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈՒ) և Վիեննայի փաստաթղթի (ՎՓ) շրջանակներում Հայաստանն ընդունել է 10 տեսչություններ, որոնց ընթացքում միջազգային տեսուչների կողմից ՀՀ ԶՈՒ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտումներ չեն արձանագրվել:
Իրականացված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես, ստորագրվել է 10 միջազգային պայմանագիր (6` ՀԱՊԿ շրջանակներում, 1` ԱՊՀ շրջանակներում, 1-ական` ՌԴ և ԳԴՀ հետ, 1` Հունաստանի հետ), վավերացվել է (ՀՀ ԱԺ կողմից)` 1 միջազգային պայմանագիր, հաստատվել է (ՀՀ Նախագահի կամ ՀՀ կառավարության կողմից)` 1 միջազգային պայմանագիր, գտնվում է համաձայնեցման գործընթացում` 18 միջազգային պայմանագիր, մշակման փուլում է գտնվում 1 միջազգային պայմանագիր:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցել են ՆԱՏՕ/ԳՀԽ, ԳՀԽ ոգով, ԱՊՀ/ՀԱՊԿ, ինչպես նաև ազգային 9 տարբեր զորավարժությունների պլանավորման համաժողովներին և բուն զորավարժություններին («Համատեղ աղեղ/նիզակակիր-07», «Համատեղ ձգտում-07», «Բժիշկ-07», «Սաթե հույս-07», «Ծովային զեփյուռ-07», «Արագ եռաժանի-07», «Սարիսա-07», «Ռուբեժ-07»), ինչպես նաև 2008թ. հինգ զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովներին («Համատեղ ձգտում-08», «Արագ եռաժանի-08», «Ծովային զեփյուռ-08», «Անհապաղ արձագանք-08» և «Բժիշկ-08»): Ընդ որում, «Համատեղ ձգտում-07» զորավարժությունը անցկացվել է Հայաստանում:
Արդյունավետ համագործակցություն է իրականացվել նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ: Մասնավորապես, 2007թ. սեպտեմբերի 6-ին հաջողությամբ ավարտվել է ԵԱՀԿ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ իրականացված «Հրթիռային վառելիքի կոմպոնենտային պաշարների` մելանժի» վերամշակման ծրագիրը, որի արդյունքում ստացվել է շուրջ 4980 տոննա հեղուկ պարարտանյութ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցել են նաև ԿԽՄԿ կողմից կազմակերպվող դասընթացներին և վարժանքներին:
Այսպիսով, իր հավասարակշռված քաղաքականության արդյունքում 2007 թվականի ընթացքում տարբեր երկրների հետ, ինչպես նաև անվտանգության համակարգերի շրջանակներում պաշտպանության նախարարությունը միջազգային ռազմական համագործակցության ուղղությամբ կազմակերպել և իրականացրել է ավելի քան 400 միջոցառում, այդ թվում պաշտոնական և աշխատանքային այցեր, զորավարժություններ, վարժանքներ, բարձրաստիճան և աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ, դասընթացներ, սեմինարներ և այլն:
ՀՀ պաշտպանության նախարարությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտել է իր նպաստը բերել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործին` հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցով:
Տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է բազմաթիվ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի, դեսպանների, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, միջազգային ռազմաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:
2007թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ/ ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
2007թ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմական համագործակցության ոլորտում մշակվել, համաձայնեցվել, ստորագրման նախապատրաստվել, ստորագրվել և վավերացվել են.
Բազմակողմ պայմանագրեր (այդ թվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում)
ԱՊՀ շրջանակներում
Ստորագրվել են.
«Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի և գործունեության ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովման կարգի մասին» համաձայնագրի նախագիծը:
Համաձայնեցման գործընթացում են գտնվում.
«Անկախ պետությունների համագործակցությունում խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին» համաձայնագրի նախագիծը,
ՀԱՊԿ շրջանակներում
Համաձայնեցման գործընթացում են գտնվում.
«Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միջպետական նպատակային ծրագրերի մշակման, ֆինանսավորման և իրագործման կարգի մասին» համաձայնագրի նախագիծը,
«ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավորապես գտնվելու հետ կապված գործերով ենթադատության և իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի նախագիծը,
«Տեղեկատվության փոխանակման բնագավառում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև փոխգործողության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Շարժական զենիթահրթիռային համալիրների փոխանցման (ստացման) վերաբերյալ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման կարգի մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին» համաձայնագրի նախագիծը,
Ստորագրվել են.
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղարար գործունեության մասին համաձայնագիր
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ուժերի և միջոցների կառավարման համակարգի ստեղծման մասին համաձայնագիր
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու մեխանիզմի մասին արձանագրություն
1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում լրացումներ կատարելու մասին երկրորդ արձանագրություն
1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին արձանագրությունում լրացում կատարելու մասին երկրորդ արձանագրություն
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն
Երկկողմ միջազգային պայմանագրեր
Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն
Ստորագրվել է
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1996թ. սեպտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրության
Համաձայնեցման գործընթացում են գտնվում.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «1996թ. հունվարի 26-ի ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ի շահ ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ,
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանում սերժանտական և շարքային կազմով համալրվող պաշտոններում զորահավաքի ընթացքում և պատերազմական ժամանակ ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայություն անցնելու և համալրման կարգի մասին» համաձայնագրի և դրան կից արձանագրության նախագծերը, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Գյումրի քաղաքի թիվ 8 զինվորական ավանի տարածքում գտնվող անավարտ շենքերը սեփականության իրավունքով Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռազմական նշանակության արտադրանքի երրորդ երկրներ արտահանումն իրականացնելու ժամանակ փոխգործակցության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՌԷՊ-ի համատեղ կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրի նախագիծը,
Հայաստանի Հանրապետություն և ՈՒկրաինա
Մշակվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության միջև ռազմական օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ՈՒկրաինայի զինված ուժերի ավիացիայի օդանավերի ընդունման, օդանավակայանատեխնիկական սպասարկման և պահպանման կազմակերպման մասին» համաձայնագրի նախագիծը:
Հայաստանի Հանրապետություն և Վրաստան
Համաձայնեցման գործընթացում է գտնվում
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Վրաստանի զինված ուժերի կարիքների համար միջպետական ռազմական փոխադրումների մասին համաձայնագիր
Հայաստանի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին»,
Հայաստանի Հանրապետություն և Լեհաստանի Հանրապետություն
«Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի (Կենտրոնական Հարավ) (ԲԱԴ Կ-Հ) ղեկավարման և նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագիր /ՀՀ ՊՆ համար գործողության ժամկետի երկարաձգում/
Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն
«Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ՈՒժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում և դրան կից արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն,
Այլ երկրների հետ Համաձայնեցման գործընթացում են գտնվում.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի պաշտպանության նախարարության միջև պաշտպանական նշանակության գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջև ռազմական տեղագրության ոլորտում փոխգործակցության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Արգենտինայի պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
Օտարերկրյա պետություններում ներպետական համաձայնեցման գործընթացում են գտնվում հետևյալ փաստաթղթերը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակահատվածում.
- ստորագրվել է` 10 միջազգային պայմանագիր,
- վավերացվել է (ՀՀ ԱԺ կողմից)` 1 միջազգային պայմանագիր,
- հաստատվել է (ՀՀ Նախագահի կամ ՀՀ կառավարության կողմից)` 1 միջազգային պայմանագիր,
- գտնվում է համաձայնեցման գործընթացում` 18 միջազգային պայմանագիր,
- մշակման փուլում է գտնվում 1 միջազգային պայմանագիր:
2007թ. ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2007թ. ընթացքում իրականացվել են.
Սպառազինությունների վերահսկման ոլորտում`
– 1 գնահատման այց` ըստ ՎՓ-99-ի,
– 3 նշված շրջանի տեսչություն` ըստ ՎՓ-99-ի,
– 6 տեսչություն` ըստ ԵՍԶՈՒ պայմանագրի, որից մեկ տեսչությունը նախորդ տարվա պասիվ քվոտաների տեսչության հաշվին,
Անցկացված տեսչությունների ընթացքում դիտողություններ չեն գրանցվել:
– մասնակից պետություններին է փոխանցվել տեղեկատվություն ՀՀ ԶՈՒ ներմուծված 10 միավոր Դ-30 տիպի հրանոթների, ինչպես նաև ԵՍԶՈՒ և ՎՓ-99-ի շրջանակներում 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ Հայտարարված վայրերի, Հսկողության օբյեկտների և Պայմանագրով սահմանափակվող սպառազինության և տեխնիկայի վերաբերյալ ամենամյա տեղեկատվությունը,
– ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոն է առաքվել ԵՍԶՈՒ մասին պայմանագրի և 1999թ. Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող ՀՀ տոնական և հիշատակի օրերի, տեսուչների, պասիվ քվոտաների ցանկը, օդանավերի դիվանագիտական թույլտվության համարը, ինչպես նաև նախորդ 12 ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված սպառազինության և տեխնիկայի և ՀՀ ԶՈՒ հայտարարված զորամասերի գնահատման այցերի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Խաղաղապահ գործողությունների ոլորտում`
– կազմակերպվել և իրականացվել է Իրաքում ՀՀ ԶՈՒ զորախմբի երկու հերթափոխ,
– կազմակերպվել և իրականացվել է Կոսովոյում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ դասակի երկու հերթափոխ,
– ստացվել, համակարգվել և ՀՀ ԶՈւ ԳՇ ԿԶ վարչության հետ համատեղ մշակվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունից, Հունաստանից և ՆԱՏՕ-ից ստացված առաջարկները` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հաստիքների, պարտականությունների և ժամանակացույցերի վերաբերյալ:
ՀՀ կողմից միջազգային կազմակերպություններին փոխանցվող պաշտպանական տեղեկատվության տրամադրման ոլորտում`
– 5 փաստաթուղթ` ՄԱԿ-ին,
– 8 փաստաթուղթ` ԵԱՀԿ-ին,
– 3 փաստաթուղթ` ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոններին:
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
ՌԴ
ԱՄՆ
Հունաստան
Իրան
Չինաստան
Այլ երկրներ
ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
ՀԱՊԿ
ԱՊՀ
ՆԱՏՕ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
ԵՍԶՈՒ
Վիեննայի փաստաթուղթ
Զինված ուժերի ստեղծման առաջին իսկ օրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորել է համագործակցության ձևավորումը բարեկամ երկրների պաշտպանական գերատեսչությունների, զինված ուժերի հետ: Այս բնագավառում նույնպես ինչպես ավանդույթների բացակայությունը, այնպես էլ շարունակվող պատերազմը զգալի դժվարություններ են ստեղծել` զուգորդված Հայաստանի անվտանգության առանձնահատուկ միջավայրով ու պայմաններով: Ռազմական համագործակցությունը` գնահատելով որպես պետության ռազմական անվտանգության ապահովման կարևոր բաղադրատարր, հենց սկզբից որդեգրվել է նպատակասլաց և հետևողական քաղաքականություն` ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության առաջնահերթությունների հստակեցման, ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Տարածաշրջանում ստեղծված փխրուն, որոշ առումով անկանխատեսելի անվտանգության միջավայրը, հարևանների ռազմատենչ քաղաքականությունը ստիպել է շարունակական զարգացման ուղեգիծ որդեգրել ոչ միայն բանակաշինության, մարտական պատրաստության, այլև ռազմական համագործակցության իրականացման բնագավառում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, իրականացնելով տարբեր երկրների և անվտանգության համակարգերի հետ ռազմական համագործակցության հաստատման քաղաքականություն, առաջնորդվել է նաև այն համոզմամբ, որ ռազմական գործոնը ընդհանուր քաղաքական, տնտեսական համագործակցության համատեքստում լինելով թերևս ամենանրբին բաղադրատարրը, բացի իր բուն նպատակներին ծառայելուց, մեծապես նպաստելու է նաև գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտի բարելավմանը համագործակցության բոլոր հնարավոր բնագավառներում: Արտաքին ռազմական քաղաքականության գործընթացում կարևորվել է Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող գործոնի` Լեռնային Ղարաբաղի անվտանգության և շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Այս նկատառումով որդեգրվել է այնպիսի ռազմական քաղաքականություն, որը կարող էր առավելագույնս նպաստել հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ռազմական նպաստավոր նախադրյալների ստեղծման ապահովմանը:
Հայտնի է, որ արդի աշխարհաքաղաքական համակարգում ոչ մի պետություն չի կարող լիարժեք ապահովել սեփական անվտանգությունը` առանց համագործակցելու դաշնակիցների հետ: Հաշվի առնելով այս պարզ ճշմարտությունը, միջազգային հարաբերություններում Հայաստանի արդյունավետ ռազմաքաղաքական երկխոսությունն ապահովելու նպատակով առաջնային նշանակություն է տրվել կայուն հարաբերությունների հաստատմանը ինչպես տարածաշրջանային երկրների պաշտպանական գերատեսչությունների, այնպես էլ միջազգային ռազմական և ռազմաքաղաքական կառույցների հետ, և առաջին հերթին այդ համագործակցությունը համակարգող իրավապայմանագրային դաշտի ստեղծմանը: Հարաբերությունների նման լայն շրջանակում, իրատեսորեն գնահատելով տարածաշրջանի բարդ ռազմաքաղաքական իրադրությունը, որպես Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման երաշխիքների ստեղծման լավագույն տարբերակ, ռազմավարական առաջնային նշանակություն է տրվել Ռուսաստանյան Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև 1994թ. ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն ձևավորված ռազմաքաղաքական համակարգի շրջանակներում ընթացող ռազմաքաղաքական ինտեգրացման գործընթացներին: Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգն ընթանում է կազմակերպված միջազգային անվտանգության կառույցի ձևավորման ճանապարհով, և Հայաստանը հանդես է գալիս այս ճանապարհի կայացման ջատագովի և ակտիվ նախաձեռնողի դերում:
Որդեգրված հավասարակշռված ռազմաքաղաքական ուղեգծի շրջանակներում կառուցողական հարաբերություններ են հաստատվել նաև Եվրաատլանտյան կառույցների հետ: Մասնավորապես 1994թ.-ից պաշտպանության նախարարությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ործընկերություն հանուն Խաղաղության ծրագրին, իսկ 1995թ.-ից Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի գործընթացներին` իր մասնակցությունը գնահատելով որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրատարր:
Երկկողմանի սկզբունքով արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունների, մասնավորապես` Հունաստանի հետ: Հայ-հունական ռազմական առնչությունները սկսվել են զինված ուժերի կազմավորման առաջին տարիներից և ընթացել շարունակական ընդլայնման ճանապարհով` այսօր հասնելով մի մակարդակի, որն իր ծավալներով երկրորդն է ռազմական համագործակցության մեր ծրագրերում: Ավելացնենք, որ հայ-հունական համագործակցության տրամաբանական շարունակությունն էր 2001թ. Կիպրոսի Հանրապետության հետ համագործակցության սկզբնավորումը` նշանավորված Կիպրոսի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցելությամբ:
Հատկապես վերջին տարիների ընթացքում բավականին ակտիվացան ռազմական շփումները նաև ԱՄՆ-ի հետ: Մինչ 2002թ. ԱՄՆ կոնգրեսի ընդունած 907-րդ բանաձևը անմիջականորեն ուղղված լինելով Ադրբեջանի դեմ, այնուամենայնիվ սահմանափակում էր հայ-ամերիկյան ռազմական շփումներն ու համագործակցության հաստատման հնարավորությունները` տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ հավասարակշռված քաղաքականության պահանջը պահպանելու նկատառումով:
Պատկերը լիովին փոխվեց, երբ 2001թ. աշնանը անորոշ ժամանակով կասեցվեց 907-րդ բանաձևը և արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ ստողծվեցին: ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով համաշխարհային անվտանգության տարբեր բևեռների հետ համագործակցության հաստատման և բազմաշերտ անվտանգության համակարգի ձևավորման իր քաղաքականության սկզբունքին, ի սկզբանե կարևորեց պաշտպանության բնագավառում հարաբերությունների զարգացումը Չինաստանի հետ:Չինաստանի կողմից մեր տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված և անկողմնակալ քաղաքականությունը նպաստում է կոնկրետ ոլորտներում համագործակցության արդյունավետ ծրագրերի մշակմանը: Մեր անմիջական հարևանի` Իրանի հետ համագործակցության յուրահատկությունն այն է, որ այն առավելապես կրում է ռազմաքաղաքական-բնույթ` հավակնելով կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգում:
Ռազմական համագործակցության ընդլայնման քաղաքականությունը վերջին շրջանում հանգեցրեց Մերձավորարևելյան երկու պետությունների` Սիրիային և Լիբանանի հետ գործընկերային կապերի հաստատմանը, ինչը նույնպես տարածաշրջանում գործընկերության համընդհանուր մթնոլորտի հաստատման մեր ջանքերի խոսուն ապացույցն է: Այսպիսով, միջազգային համագործակցության և ռազմաքաղաքական անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը կարելի է այն գնահատել որպես հիմնարար փուլ` հետագա համագործակցության զարգացման և կատարելագործման համար: Անցած կարճ, սակայն բովանդակալից ժամանակահատվածում հաջողվել են մշակել արտաքին ռազմաքաղաքական հիմնական ուղենիշները, հստակեցնել կարևորագույն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվել արտաքին ռազմական քաղաքականության իրականացման գործընթացում: Հեռանկարային համագործակցության համար գրեթե բոլոր ուղղություններով ստեղծվել են ամուր հիմքեր: Բազմաթիվ երկրների և անվտանգության կառույցների հետ դաշնակցային հարաբերությունների հաստատումը էականորեն նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը, ռազմատեխնիկական բազայի հարստացմանն ու արդիականացմանը` միաժամանակ ստեղծվելով կարևորագույն երաշխիքներ` Հայաստանի ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը ռազմական անվտանգության ապահովման համակարգին ծառայեցնելու համար:










