ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Պաշտպանական քաղաքականություն  »   Պաշտպանության ռազմավարական վերանայում
Պաշտպանության ռազմավարական վերանայում
ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակման, հետևաբար, պաշտպանական բարեփոխումների համար: Պաշտպանության ռազմավարական վերանայումն իրականացվում է անվտանգության միջավայրի վերլուծության և սպառնալիքների երկարաժամկետ գնահատման միջոցով: 

Պաշտպանության ռազմավարական վերանայումը հնարավորություն է տալիս հնարավորինս  ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը: Այն զգալիորեն  բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը: 

Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով և ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով: 

Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից: Ներկայումս իրականացվում է ՊՌՎ վերջին /5-րդ/ փուլը:
|