Գրադարան  »   Պատմություն  »   Արցախյան տարեգրություն
Արցախյան տարեգրություն
(1988թ. փետրվար-1994թ. մայիս)
12 փետրվարի 1988 – Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: 1992թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»:

20 փետրվարի 1988 – ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ: Արցախյան առաջին ցույցը Երևանում:

22 փետրվարի 1988 - Աղդամի կողմից ադրբեջանական բազմահազարանոց զինված խառնամբոխը հարձակվեց ԼՂԻՄ-ի Ասկերան ավանի վրա: Հայկական կողմը տվեց արժանի հակահարված:

27 փետրվարի 1988 - Արցախյան շարժումը խեղդելու նպատակով` Սումգայիթում (Ադրբեջան) սկսվեցին հայկական եռօրյա ջարդեր (փետրվարի 27-29-ը): Արդյունքը` հարյուրավոր զոհեր (պաշտոնական տվյալներով` 32), հազարավոր վիրավորներ և քաղաքի 18000-անոց հայության բռնագաղթ:

28 փետրվարի 1988 – ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:

21 նոյեմբերի 1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը: Ադրբեջանական վայրագությունները շարունակվեցին մինչև ամսվա վերջը:

25 նոյեմբերի 1988 - Գորբաչովյան վարչակարգի կողմից Երևանում և Բաքվում մտցվեց պարետային ժամ:

26 հուլիսի 1989 – Շահումյանի (Հյուսիսային Արցախ) շրջանային խորհուրդն ընդունեց որոշում` վերամիավորվել ԼՂԻՄ-ի հետ:

1 հոկտեմբերի 1989 - Գանձասարի վանքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց առաջին պատարագը:

1 դեկտեմբերի 1989 - Երևանում կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

12 հունվարի 1990 – Մանաշիդի վրա հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերը հայկական ինքնապաշտպանական ուժերի ջախջախիչ հակահարվածով հետ շպրտվեցին գյուղի մատույցներից:

13 հունվարի 1990 – սկսվեց և 7 օր անընդմեջ (հունվարի 13-19-ը) շանունակվեց Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը և բռնագաղթը:

15 հունվարի 1990 – Հայկական աշխարհազորային ջոկատները երկօրյա մարտերից հետո գրավեցին Արարատի շրջանում ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող ադրբեջանական Քյարքի գյուղը:

18 հունվարի 1990 – ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:

18 հունվարի 1990 – Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը: Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:

27 փետրվարի 1990 – ՀՀ Վայքի շրջանի Բարձրունի գյուղից հասցված շեշտակի կանխիչ հարվածով հայկական ինքնապաշտպանական ուժերը («Կոնդ», «Մեծն Տիգրան», ԱԻՄ-ի և Ջերմուկի ջոկատներ, տեղական ուժեր) գրավեցին ադրբեջանական Քյարմաչաթախ գյուղը (Նախիջևանի ԻՄ)` ջախջախելով այնտեղ կենտրոնացած հակառակորդի հնգապատիկ գերազանցող ուժերը:

27 մայիսի 1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան մարտեր` հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, զոհվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ:

20 սեպտեմբերի 1990 – Ստեղծվեց ՆՆ-ին կից «Հատուկ գունդը», որը դարձավ ապագա հայկական կանոնավոր բանակի կորիզը: Գնդի կազմի մեջ մտավ հանրապետության շրջաններում և Երևանում գործող 26 վաշտ: գնդի առավելագույն կազմը` 2300 հոգի, տված զոհերի քանակը` 159: «Հատուկ գունդը» մարտնչել է ՀՀ և ԼՂՀ բոլոր ճակատներում:

4 մայիսի 1991 – ՀՀ կառավարության որոշմամբ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե (Պաշտկոմ):

15 հուլիսի 1991 – Մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահամեքենա) գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը: Նախորդ օրը ընկել էին Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը:

16 օգոստոսի 1991 - Արցախի Հաթերք գյուղում (Մարտակերտ) «Փառանձեմ» ջոկատի կանայք, ի պատասխան խորհրդային բանակի խժդժությունների, իրենց լրիվ սպառազինությամբ (ներառյալ` զրահատեխնիկան) 5 օրով պատանդ վերցրին 43 զինվորի:

2 սեպտեմբերի 1991 – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ստեփանակերտում կայացած համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13 սեպտեմբերի 1991 – Շահումյանի շրջանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը: Եռօրյա մարտերի ընթացքում (սեպտեմբերի 13-15-ը) թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը:

21 սեպտեմբերի 1991 – Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց Անկախության հանրաքվե: Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը:

23 սեպտեմբերի 1991 – ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

16 հոկտեմբերի 1991 – Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

17 հոկտեմբերի 1991 - Ադրբեջանական օդուժը, հրետանին և «գրադ» ռեակտիվ կայանները զանգվածային ռմբակոծության և գնդակոծության ենթարկեցին ԼՂՀ Մարտունի քաղաքն ու նրա մատույցները:

30 հոկտեմբերի 1991 - Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը (հրամանատար` Արկադի Տեր-Թադևոսյան` Կոմանդոս) փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Յալ գյուղը (Հադրութի շրջան):

20 նոյեմբերի 1991 - Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս` ԼՂՀ երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Զոհվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի 21 զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյա:

26 նոյեմբերի 1991 - Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԼՂՀ-ն «լուծարելու» մասին: Այդ որոշումը ավելի սրեց ադրբեջանա-արցախյան զինված առճակատումը:

4 դեկտեմբերի 1991 – ՀՀ Նախագահի ստորագրությամբ օրենք ընդունվեց ՀՀ կառավարության կազմի մասին: Այլ նախարարությունների թվում ստեղծվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

10 դեկտեմբերի 1991 - Անցկացվեց ԼՂՀ Անկախության հանրաքվե: Բնակչության ավելի քան 99%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը:

10 դեկտեմբերի 1991 - «Մեծն Տիգրան» գումարտակի 13 հոգիանոց գրոհային ջոկատը շեշտակի գրոհով ջախջախեց ԼՂՀ Շահումյանի շրջանի Թոդան գյուղում տեղակայված ադրբեջանական 450 հոգիանոց կայազորը:

21 դեկտեմբերի 1991 – Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:

6 հունվարի 1992 – ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հաշվի առնելով ԼՂՀ Անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

11 հունվարի 1992 – Հակահարձակման անցած ԼՂՀ ինքնապաշպանական ուժերը գրավեցին Ստեփանակերտը կրակի տակ պահող ադրբեջանական ռազմական երկու կարևոր հենակետ` Մալիբեյլին և Ղուշչիլարը: Առգրավվեց հսկայական ռազմավար:

20 հունվարի 1992 - Երկօրյա մարտերից հետո (հուվարի 20-21-ը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:

26 հունվարի 1992 – Քարինտակի հերոսամարտը: Քարինտակ գյուղի (Շուշիից 1 կմ հարավ) մատույցներում 12-ժամյա արյունահեղ մարտում ջախջախիչ պարտություն կրեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհտիևի գլխավորությամբ Շուշիից հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ ուժերը:

28 հունվարի 1992 – Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ): Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Զորամասը մշտական մարտական հերթապահություն է իրականացրել Արարատ-Վայք սահմանային գոտում: 1994թ. զորամասը մասնակցել է Մարտակերտի և Քելբաջարի մարտերին: 1992-1994 թվականներին զորամասը տվել է 61 զոհ:

28 հունվարի 1992 – ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնը զբաղեցրել են նաև Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը:

16 փետրվարի 1992 – Շուշիից ադրբեջանական կողմը «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց Ստեփանակերտը (300 արկ): Գրանցվեցին մեծաթիվ ավերածություններ և մարդկային կորուստներ:

17 փետրվարի 1992 - Արցախյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը (ԼՂՀ Մարտունու շրջան):

26 փետրվարի 1992 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը փայլուն օպերացիայի շնորհիվ գրավեցին թշնամու` Շուշիից հետո Արցախում իր նշանակությամբ 2-րդ ռազմական հենակետը` Խոջալուն:

2 մարտի 1992 – Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

22 մարտի 1992 – Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:

29 մարտի 1992 – Շուշի քաղաքից, Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման դիրքերը:

29 ապրիլի 1992 - Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանգվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերին:

8 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:

10 մայիսի 1992 – Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ կապի առաջին զորամասը:

18 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի հուժկու հարվածով ազատագրվեցին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր) և բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

Մայիս 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հակաօդային զորամասերի ձևավորումը: Մայիսի երրորդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր:

13 հունիսի 1992 – Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:

Հունիս 1992 – Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ավիացիոն զորամասի ձևավորումը: 1997 թվականից հունիսի 3-րդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է Ավիացիայի օր:

4 հուլիսի 1992 - Նախորդ օրը 3 ուղղություններով հարձակման անցած ադրբեջանական հսկայական ուժերի (նաև մեծաթիվ վարձկաններ ԱՊՀ-ից և Թուրքիայից) ճնշման ներքո հայկական ուժերը կեսգիշերին մոտ թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը: Հետագա օրերին թշնամին գրավեց նաև Թարթառի ողջ ձախափնյա մասը:

5 օգոստոսի 1992 - Ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտ քաղաքի հրետանային աննախադեպ գնդակոծության հետևանքով սպանվեց և վիրավորվեց 106 խաղաղ բնակիչ:

8 օգոստոսի 1992 – Հնգօրյա անյունահեղ մարտերից հետո (օգոստոսի 4-8-ը), ընկավ Արծվաշենը:

30 օգոստոսի 1992 – Ստեղծվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը վճռորոշ դեր կատարեց Արցախի հյուսիս-արևելյան ճակատում: Նրա գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ բեկում մտցնել ռազմաճակատի այդ հատվածում և կանգնեցնել թշնամու հարձակումը:

7 սեպտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասի ձևավորումը: 2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր:

2 հոկտեմբերի 1992 – Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը: Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:

4 հոկտեմբերի 1992 - Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:

8 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը: Հետագայում հոկտեմբերի 8-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Տանկիստի օր:

10 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ քիմիական զորամասի ձևավորումը: 1996 թվականից հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Քիմիական զորքերի օր:

13 հոկտեմբերի 1992 – ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ ջանքերով ստեղծվեց Արցախի պետական համալսարանը: Բացումը տեղի ունեցավ 1993թ. մայիսի 10-ին` Շուշիի ազատագրման տարելիցի հաջորդ օրը:

19 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը: Հետագայում հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Հրթիռա-հրետանային զորքերի օր:

5 նոյեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը: Հետագայում նոյեմբերի 5-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հետախուզական զորքերի օր:

10 նոյեմբերի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:

17 նոյեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը: Հետագայում նոյեմբերի 17-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ռազմաբժշկական աշխատողների օր:

29 նոյեմբերի 1992 – Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:

25 մարտի 1993 – ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սկսվեց և մինչև ապրիլի 3-ը շարունակվեց Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման օպերացիան, որի շնորհիվ վերացվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև խրված սեպը (շուրջ 2000 քառակուսի կիլոմետր), ոչնչացումից փրկվեցին հարյուրավոր հնագույն պատմաճարտարապետական կառույցներ, այդ թվում` 4-13-րդ դարերում ստեղծված Դադիվանքը:

1 ապրիլի 1993 – Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում` հայկական ուժերի առաջապահ գումարտակը շեշտակի գրոհով գրավեց Քելբաջար քաղաքը:

28 հունիսի 1993 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը: Միաժամանակ թշնամուց հետ խլվեց շրջանի 6 հայկական գյուղ:

23 հուլիսի 1993 – Կասեցնելով նախորդ 2 օրվա ադրբեջանական լայնածավալ հարձակումը Ասկերանի ուղղությամբ` ԼՂՀ Պաշտպանության բանակը վճռական հակահարվածով գրավեց Աղդամ քաղաքը:

26 հուլիսի 1993 – ՀՀ Նախագահը օրենքներ ստորագրեց ՀՀ Ազգային հերոսի, Արիության և Մարտական ծառայության մեդալներ սահմանելու վերաբերյալ: 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացել են 8, Արիության մեդալի` 746, Մարտական ծառայության մեդալի` 339 մարդ:

18 օգոստոսի 1993 - Ադրբեջանական օդուժի կողմից բարբարոսական ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը, որի հետևանքով եղան մեծ ավերածություններ:

22 օգոստոսի 1993 – Հակահարձակման անցած ԼՂՀ Պաշտպանության բանակը գրավեց Ֆիզուլի քաղաքը: Հետագա 10 օրերի ընթացքում թշնամին փախուստի դիմեց Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրայիլի շրջաններից:

18 դեկտեմբերի 1993 - Ադրբեջանական 60 000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով: Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

7 հունվարի 1994 - Եռօրյա արյունահեղ մարտերից հետո, տալով կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ադրբեջանական զորքերին ու նրանց շարքերում կռվող մեծաքանակ աֆղան մոջահեդներին հաջողվեց հետ գրավել Արցախյան ռազմաճակատի ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:

9 ապրիլի 1994 – Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին` Արգեասարի երկօրյա օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորաշարժով թշնամուց գրեթե լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասը` Մատաղիս-Չայլու-Թալիշ հատվածը:

22 ապրիլի 1994 – ՀՀ նախագահը օրենք ստորագրեց «Մարտական խաչ 1-ին» և «Մարտական խաչ 2-րդ» աստիճանների շքանշաններ սահմանելու վերաբերյալ: 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով պարգևատրվել են 47, 2-րդ աստիճանի շքանշանով` 114 մարդ:

12 մայիսի 1994 – ՌԴ և ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությամբ` ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց Արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
|